Զոհվածների հարազատները, ովքեր չտրվեցին գայթակղությանը, մեծ վտանգ են ներկայացնում իշխանությունը զավթած ընտանիքի համար

Զոհվածների հարազատները, ովքեր չտրվեցին գայթակղությանը, մեծ վտանգ են ներկայացնում իշխանությունը զավթած ընտանիքի համար

Անմահացած հերոս Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Հակոբյանին ձերբակալելու որոշման մասին «Հրապարակը» զրուցել է հրապարակախոս, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Ավետիք Իշխանյանի հետ։

-Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը քաղաքակա՞ն որոշում էր։

-Անկասկած, սա քաղաքական որոշում էր։ Եվ ես կարծում եմ, որ ոչ միայն դատարանի որոշումն էր պատվիրված, այլև, այսպես կոչված՝ «առևանգում» ներկայացումից սկսած, բողոք ներկայացնելով շարունակած և արդեն, վարչապետ կոչեցյալի գրպանային իրավապահ մարմինների կողմից ձերբակալելուց և կալանելուց վերջացրած։

-Շատերը ոգևորված տարածում էին Աշոտ Փաշինյանի խոսքերն այն մասին, թե ինքն իր ծնողների արածների համար պատասխանատու չէ, որ նրանք թուրք են։ Սակայն վերջինս պնդել է իր մեղադրանքը։ Այս գործողություններով ինչի՞ են ձգտում Փաշինյանները։

-Վստահ չեմ, թե այդ անարժանապատիվ տղան նման խոսքեր ասած կլինի։ Չնայած, մյուս կողմից, չի բացառվում, որ դա ընդհանուր նրա հոր կողմից մտածված սցենարի մաս կազմած լինի՝ զոհվածների ծնողների վստահությունը շահելու և հետո նրանց վարկաբեկելու ու պատժելու համար։ Իսկ թե ինչ են անում Հայաստանում իշխանությունը ընտանիքով զավթած Փաշինյանները, ապա պատասխանը հետևյալն է՝ հավերժացնել ընտանիքի իշխանությունը, անխնա պատժելով բոլոր նրանց, ովքեր դիմադրում են, նրանք կլինեն ընդդիմադիր գործիչներ, թե զոհվածների ծնողներ՝ բնավ կարևոր չի։

-Կարո՞ղ է արդյոք Գայանե Հակոբյանի աջակցության համար ձևավորված խումբը դառնալ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու մեծ շարժում։

-Եթե․․․եթե ողջ ընդդիմությունը կոչ անի իր համախոհներին աջակցել շարժմանը, մոռանալով և միմյանց միջև եղած տարաձայնությունները, և, ներեցեք՝ իշխանության հասնելու հարցն ընդհանրապես։ Այդ շարժումը պետք է դառնա հայ ժողովրդի արժանապատվության համար անզիջում պայքար։

-Ընդդիմությունն արդյոք ճիշտ է դրսևորում իրեն։

-Ընդդիմությանը քննադատելուց միշտ փորձել եմ խիստ չլինել։ Բայց, կարծում եմ այս դատական ակտով, իշխանությունն անցավ արդեն մուգ կարմիր գիծը և հապաղելը, չգիտեմ․․․

-Զոհված զինծառայողների ծնողների մի մասը սկսել է այս պայքարը, սակայն նրանց ուղղորդող է պետք։ Ո՞վ կարող է դառնալ նրանց ուղղորդողը։

-Իհարկե, շարժումը պետք է ունենա, եթե ոչ առաջնորդ, գոնե պատասխանատու։ Եվ ամենակարևորը, նա պետք է լինի տվյալ գործի նվիրյալ, չմտածելով իր ապագա, հնարավոր պաշտոնի մասին։ Ընդդիմությունը կարող է ստեղծել համակարգող խորհուրդ՝ ներառելով շարժման մասնակիցներից։

-Ինչո՞վ եք բացատրում համացանցում զոհված զինծառայողների ծնողների՝ հատկապես պայքարող ծնողների դեմ այս արշավը։ Կազմակերպվա՞ծ բնույթ է դա կրում։

-Այս վարչապետ կոչեցյալը, որևէ բարոյական սկզբունք, արժեք չունի։ Նա իր լեդիմակբեթյան արյունոտ ձեռքերով կնոջ միջոցով փորձեց գնել բոլոր զոհվածների հարազատներին։ Ցավոք, երբեմն այն հաջողություն ունեցավ։ Սակայն զոհվածների այն հարազատները, ովքեր չտրվեցին գայթակղությանը, մեծ վտանգ են ներկայացնում իշխանությունը զավթած ընտանիքի համար, քանի որ նրանք այլևս կորցնելու բան չունեն։ Այս բեմադրությամբ և դատական որոշմամբ, փորձ է արվում վախեցնել բոլոր զոհերի հարազատներին։Ինչ վերաբերում է համացանցին, ապա դրանց, այդ անհայրենիք, ողորմելիների արշավը նույնպես վճարված է և պետք չէ բանի տեղ դնել։