Նենգ ծրագիր

Նենգ ծրագիր

Ինչո՞ւ մեր ազգային երազանքները գործողություն ու կամք չեն դառնում, երկարաժամկետ ծրագրերի չեն վերածվում, այլ ընդամենը դառնում են ողբ ու կական, բանաստեղծություն ու հուշ, սերունդներին պատմվող պատմություններ, բայց ո՛չ պայքար ու վրեժ: Մեր պապերն ու նախահայրերը «ծովից ծով Հայաստան», Անի ու Կարս երազելով գնացին այս աշխարհից` այս կամ այն կերպ նպաստելով հայրենիքի հանձնմանն ու պանդուխտի ցուպը ձեռքներն առնելով, իսկ մեզ երեւի վիճակված է հավերժ հիշել 30 հաղթական տարիներն ու Արցախ ծաղկուն երկիրը, որն այլեւս հրոսակներն են տիրապետելու:

90-ականների պատերազմը հաղթելով, մենք չկարողացանք այդ հաղթանակը ռեալիզացնել-պահպանել, իսկ 2020-ի պարտությունից հետո կայծակնային արագությամբ հանձնեցինք` ինչ ունեինք, եւ շարունակում ենք հանձնել: Եվ չասեք, որ հանձնողը Նիկոլն է. եթե նրա ձեռքը բռնող չկա, ուրեմն մենք էլ մեր մեծ լուման ենք ներդրել այդ սեւ գործի մեջ:

Հիմա ոչ միայն հանձնում ենք հող ու հայրենիք, հրաժարվում հայկական պատմական հողից, ունեցվածքից, այլեւ մի ստոր, տմարդի գործընթաց է 2020-ից սկիզբ առել` հրաժարվել «Արցախ» անունից, հրաժարվել Արցախի անվտանգության երաշխավորի դերից, մի կողմ քաշված՝ հետեւել, թե ինչպես են Արցախում հայ մարդկանց սովամահ անում, կոտորում, նվաստացնում ու տնանկ դարձնում:

Հետո այս ողբերգության մեղքը դնել հենց արցախցիների եւ Արցախի իշխանությունների վրա: Ապա ջնջել «Արցախ» բառն անգամ, սկսել Արցախի պետական ու հասարակական կառույցները փակելու, ոչնչացնելու պրոցես: Անգամ արցախցիներին Հայաստանում ինտեգրելու այս գործընթացի մեջ մի նենգ ու դավադիր իմաստ կա` բնակեցնել ՀՀ մարզերում, տուն եւ աշխատանք տալ, որ նրանք հնարավորինս շուտ մոռանան իրենց հայրենիքն ու հրաժարվեն ռեւանշի փորձերից: