Կբացվեն արդյոք վրացական ծովափերը հայաստանցիների համար

Կբացվեն արդյոք վրացական ծովափերը հայաստանցիների համար

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա՝ ապրիլի 25 -ի դրությամբ 456 է, մահացել է 5 մարդ։ Հայաստանում այդ թիվը մոտ 5-6 անգամ բարձր է մահացածների առումով, և մոտ3-4` վարակվածների։

Սամցխե -Ջավախք վերլուծական կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանից պատճառը հարցրեցինք, իր կարծիքը, միգուցե այն ,որ իրենց մոտ թաքցնում ե՞ն իրական թվերը։ Նաև՝ Վրաստանի քաղաքացիները  հավատում իրենց վիճակագրությանը։ Վրաստանում գործող վերլուծաբանն ասում է, որ հավատում են։ «Ասեմ, թե  ըստ իս, տարբերության պատճառն ինչն է, որ Վրաստանում թվերը պակաս են։ Վրաստանը մոտ տասն օր առաջ սկսեց մտցնել սահմանափակումներ, որոնք չկային Հայաստանում, տասը օրվա տարբերությամբ մենք տեսանք, թե որքան մեծ քանակական աճ ունեցավ կորոնավիրուսը և Վրաստանը այս առումով մեկ քայլ առաջ էր Հայաստանից։ Եվ դա ևս իր արդյունքը տվեց »,-կարծում է Էդուարդ Այվազյանը։

Այն,որ մահվան դեպքերը ևս քիչ են, նրա գնահատմամբ՝ նշանակում է, որ Վրաստանում իրոք վարակվածները ավելի քիչ են։ Բայց և՝ Վրաստանում ապրող մեր հայրենակիցն ասում է, որ իրենց մոտ ավելի քիչ են թեստեր անցկացվում։ «Եթե Վրաստանում ևս մեծացնեն թեստերի քանակը, կարող է մի փոքր տարբերություն լինել թվերի մեջ։ Իհարկե, շատ էական տարբերություն չի լինի»,-հավելեց Այվազյանը։

Ինչ վերաբերում է Վրաստանի կառավարության կողմից տրվող օգնություններին, ապա Էդուարդ Այվազյանն ասաց, որ բացի երեք ամիսների համար 200 կիլովատ հոսանք ու 200 խորանարդ մետր գազ  վառող բոլոր բաժանորդներին 3 ամսվա կոմունալ վճարներն ամբողջությամբ փոխհատուցելը, կառավարությունն այս ընթացքում աշխատանք կորցրած իր քաղաքացիներին, որոնք մինչև այդ հարկեր են վճարել,  6 ամիս շարունակ  կտրամադրի 200 լարի։ Դոլարային արտահայտությամբ՝ 65 ԱՄՆ դոլար։ Հաշմանդամներին Վրաստանը տրամադրելու է 600 լարի, կան տարբեր այլ փաթեթներ, այս թվում, երբ անհատին  մեկ անգամ տրվում է 300 լարի։ Խոստացվել է, որ հաջորդ տարվանից ավելանալու են թոշակները՝ 20-25 լարիով։

Պարզվում է, որ Վրաստանի տնտեսության համար էլ տեղի փորձագիտական կարծիքները շատ հոռետեսական չեն։ Մասնավորապես, եթե տնտեսությունը վերականգնման նշաններ ցույց տա, դա կարող է լինել 2020-ի տարեվերջին կամ 2021-ին։ Այսինքն՝ տնտեսությունը գա այն տեմպերին, որը կար մինչև կորոնավիրուսը՝ հունվար-փետրվար ամսին։
 
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակը փակ է պահում երկրների սահմանները, և այս հարցում խորը անորոշություն է։ Մի քանի երկիր, այդ թվում, օրինակ, Իսպանիան  նախնական հայտարարել են, որ  իրենց հյուրանոցներին կտրվի Covid 2019-ի զերծ լինելու սերտիֆիկատ, ինչից կարելի է ենթադրել, որ կբացվեն սահմանները։ Կամ հնարավոր է՝ ենթակառուցվածքները կարգի են բերվում ներքին զբոսաշրջության համար։

Էդուարդ Այվազյանն ասում է, որ իրենց մոտ ևս ասվել է, որ հուլիսի կեսերից պետք է վերացվեն վերջին սահմանափակումները, որի ժամանակ արդեն կաշխատեն հյուրանոցները, ռեստորանները, մի փոքր՝ ավելի շուտ կբացվեն հանգստյան գոտիները։

«Բայց տուրիզմի մասին չի խոսվում, դա նշանակում է, որ ամեն դեպքում, հուլիսիսի կեսերին ներքին տուրիզմը պետք է, որ աշխուժանա, բայց չեմ կարծում, որ արտասհմանից հնարավոր լինի տուրիզմի վերսկսում առնվազն՝ այս ամռանը, որովհետև նախնական պատկերն այն է, որ քանի որ վտանգը մեծ է և չի վերացվել, կարող է սահմաններին կարանտինային ռեժիմներ սահմանվեն>,-ավելացրեց Էդուարդը։

Բայց Հայաստանը նա առանձնացրեց ու ասաց, որ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ իրավիճակ կլինի Հայաստանում»։

Գիորգի Գախարիայի հայտարարությամբ `երկրում տնտեսական գործունեության սահմանափակումները կվերացվեն փուլ առ փուլ՝ 2 շաբաթը մեկ: Հակաճգնաժամային ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետը հայտարարեց, որ յուրաքանչյուր հաջորդ փուլին անցնելը տեղի կունենա համաճարակային իրավիճակի վերլուծությունից հետո: Իրավիճակի վատթարանալու դեպքում, հնարավոր է, չեղարկված սահմանափակումները նորից վերականգնվեն:

Նրա խոսքով, երբ բացվում են որոշ աշխատատեղեր, սա չի նշանակում, որ պետք է աշխատել այնպես ինչպես մինչ համաճարակը:

Առաջին փուլ —  ապրիլի 27-ից 

Թեթև մարդատարներով տեղաշարժ,

Տաքսիների երթևեկություն,

Առցանց առևտուր,

Առաքման ծառայություն, ցանկացած ապրանքի,

Բաց տեսակի ագրարային շուկաների գործողություն:

Երկրորդ Փուլ — ապրիլի 27-ից 2 շաբաթ հետո

Շինարարական աշխատանքներ

Շինարարական վերահսկողության հետ կապված աշխատանքներ

Շինարարական պարագաների արտադրություն,

Ավտոլվացման և ավտոսպասարկման կենտրոններ,

Համակարգիչների, անձնական և կենցաղային ապրանքների վերանորոգում,

Հանգստի գոտիների շահագործում:

Երրորդ փուլ  — 2 շաբաթ հետո

Մանրածախ և մեծածախ խանութներ, բացառությամբ մոլերի, որոնք ունեն առանձին մուտք փողոցից,

Բոլոր տեսակի բաց շուկաները,

Բոլոր տեսակի արտադրություն,

Հրատարակչական գործունեություն:

Չորրորդ փուլ — 2 շաբաթ հետո

Առևտրային մոլերը,

Բաց տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)

Բոլոր տեսակի ֆինանսական ծառայությունները,

Գեղեցկության սրահներ:

Հինգերորդ փուլ — 2 շաբաթ հետո

Փակ տեսակի շուկաներ,

Բոլոր տեսակի ռեստորաններ/սննդի կետեր (տեղում սպասարկելով)

Վեցերորդ փուլ — 2 շաբաթ հետո

Ժամանցային, մարզական հանգստի, ստեղծագործական գործունեություն

Ազարտային և այլ խաղային ձեռնարկություններ,

Հյուրանոցներ,

Կրթական գործունեություն,

Բոլոր այլ գործողություններ՝ ոչ հեռավար ռեժիմով: