Եթե Բագրատյանի պրոգնոզների 1 տոկոսն իրականանար, հիմա դժոխքում էինք

Եթե Բագրատյանի պրոգնոզների 1 տոկոսն իրականանար, հիմա դժոխքում էինք

«Հրապարակի» հարցազրույցը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի հետ

-Պարոն Մանասերյան, երեկ Նյու Յորքում վարչապետը խոսեց վերջին մի քանի ամսում գերակատարված 100-125 միլիոն դոլարի մասին, ինչի հաշվին աշխատավարձեր ու թոշակներ են բարձրացվել։ Բարձրացումները իրականում մեծ չեն և գիտեմ, որ տնտեսագետներն ասում են, որ, նախ, բարձրացումը պետք է էական լինի և նաև պետք է համամասնորեն պահպանվի միջին աշխատավարձի հետ։

-Մի բան կարող եմ ավելացնել, որ նաև արդյունքից, կարգապահությունից, պարկեշտ աշխատանքից կախված՝ պետք է նույնպես շահագրգռվածություն լինի։ Որ դա նաև խթանի իրենց եկամուտները։ Դա չէր խանգարի և պետք է ավելի աչալուրջ լինեն իրենց աշխատանքում, թույլ չտան այն, ինչ տեղի է ունեցել տարիներ շարունակ։ Եվ արդյունքում, եթե մենք ունենք ավելի լավ վիճակ, որն էականորեն տարբերվում է, ապա նման դեպքում մարդկանց պետք է անպայման քաջալերել։ Իհարկե՝ գիտակցությունը պետք է գերիշխի, բայց առանձին դեպքերում պետք է մարդիկ հասկանան, որ եթե արդյունքներ են արձանագրում, ապա նաև պետք է արժանանան որոշակի լուրջ եկամուտների։

-Այսինքն՝ խրախուսական ինչ-որ հիմնադրամներ։

-Անպայման։ Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա մինչև հիմա եղած պրակտիկայով դրանք շատ լղոզված են, և ես այդ բանը չեմ կիսում, որ զանգվածային ու հավասարական սովետական սկզբոնքով է, որ բոլորին եկեք պարգևատրենք, որ հիմնարկում նեղացողներ չլինեն։ Եթե մենք տնտեսական նոր հասարակարգ ենք կառուցում, ապա այնտեղ պետք է տարբերակվեն այն մարդիկ, որոնք իսկապես հոգի են դնում իրենց աշխատանքի մեջ։  Նրանք պետք է ստանան իրենց վաստակածը, բայց աշխատանքի արդյունքի դիմաց։ Ոչ թե, ինչպես գիտեք, զավեշտի էր արդեն վերածվել, որ մեկի քարտուղարուհին ժամանակին գալիս էր գործի, ասում էր՝ ժամը 9-ին գալիս է, 18-ին գնում է, բայց ո՞նց չպարգևատրեմ։ Դա արդեն դարձել է հերոսություն, դրա մասին չէ խոսքը, այլ լուրջ արդյունքներ ցույց տվողների, որոնք եթե լինեին մասնավոր սեկտորում, իրենց կնկատեին ու կպարգևատրեին։

-Վերջին շրջանում դրամը արժևորվում է, և մի շարք տնտեսագետներ խոսում են այն մասին, որ սա վտանգավոր է տնտեսության համար։ Ինչպես նաև նրա, որ դրամի և այլ արտարժույթների կայուն հարաբերակցությունն ու ցածր գնաճը հետ են գցում տնտեսությունը։  Մասնավորապես, այդ մասին մշտապես խոսում է Բագրատյանը։

-Ես իրեն երբեք լուրջ տնտեսագետ չեմ համարել ու չեմ պատրաստվում մեկնաբանել։ Իր պրոգնոզները շատ լավ տեսնում ենք, տարվա մեջ անընդհատ գուժում է, որ հեսա ճգնաժամ է լինելու, ֆիասկո, չգիտեմ ինչ․․․եթե իր պրոգնոզների մեկ տոկոսն իրականանար, հիմա դժոխքում էինք։  Իսկ ընդհանուր արժևորման հետ կապված ասեմ հետևյելը։ Մտահոգությունները կարող էին տեղին լինել, եթե դրանց մեջ փորձեին կապ հաստատել որոշակի կոնկրետ դեպքերի հետ և ասեին՝ այ, այս պարագայում արժևորված դրամը խանգարում է տնտեսության առաջընթացին։

Ի՞նչ են ասում սովորաբար․․․ որ,  եթե այդքան բարձր չլիներ, մեր ապրանքները, իբրև թե արտահանման մեջ ավելի հաջողակ կլինեին։ Հիմա ուզում եմ իրենց այսպիսի հարց տամ․ եթե այդքան հաջողակ ապրանք ունենք, տվեք մեկ-երկու ապրանքի անուն, որին խոչընդոտում է դրամի արժևորումը։ Ես էդպիսի ապրանք չեմ ճանաչում։  Դրա համար, շատ ավելի լավ կլինի, որ իրենք տեսությունից գան իրական կյանք, մի քիչ․․ եթե ինչ-որ նստվածքներ ունեն, որ ուզում են փարատեն, դա ընդունելի չէ մի քանի առումներով։ Մանավանդ, որ ֆինանսական և բանկային համակարգերը շատ զգայուն են, և եթե մենք սկսենք ինչ-որ շշուկներ տարածել, մինչև երեկո կարող ենք լուրջ վնաս հասցնել։ Անհիմն մանավանդ։ Ընդամենը մեկ շաբաթվա ընթացքում հիշում եք՝ քանի վայ-փորձագետներ ասացին՝ որ հեսա ներդրումներն են կանգ առնելու այդ այսպես կոչված  բանկային գաղտնիք վերծանելու արդյունքում։ Մարդիկ իրենց ավանդներից են հրաժարվելու․․․․ մի խոսքով։ Մի հատ այդ ասողներին, հեղինակներին հարցրեք՝ դուք ձեր ավանդները հե՞տ եք վերցրել, թե դրանք մնացել են նույն տեղում։ Այստեղ նաև չեմ բացառում միտումներ, որ այն կոռուպցիոն սխեմաների հեղինակները, որոնք հիմա տարբեր գործերով վարույթներում են, հենց իրենք են ֆինասնավորում որոշ փորձագետների՝ նման կարծիքներ շրջանառելու և խուճապային տրամադրություններ ստեղծելու համար։ Վայ, վայ, էս ինչ է՜ կատարվում, փախե՜ք , ով կհասցնի, կփլուզվի․․․Իրականում նման բան չեմ տեսնում։ Ուրիշ բան, որ պետք է քննարկումները շարունակել, մտահոգությունները փարատել։