Ադրբեջանը բաց է թողել այդ հնարավորությունը

Ադրբեջանը բաց է թողել այդ հնարավորությունը

Հակառակորդի արտաքին քաղաքական գերատեսչությունը երկարաշունչ հայտարարություն է տարածել, որտեղ առանձնանում է երկու անհանգստություն: Առաջինը կապված է  Արայիկ Հարությունյանի օրերս արած հայտարարության հետ, որ քննարկվում է Արցախի նախագահի նստավայրը Շուշի տեղափոխելու նպատակահարմարությունը: Ադրբեջանական ԱԳՆ-ն համարում է, որ դա «Հայաստանի նախաձեռնությունն է, որով փորձ է արվում օրինականացնել Լեռնային Ղարաբաղում իրականացված էթնիկ զտումը»: 

Այստեղ անհրաժեշտություն կա հիշեցնելու, որ Շուշիում էթնիկ զտում, որն ուղեկցվել է դաժան կոտորածով, իրականացրել է Ադրբեջանը՝ 1920 թ. մարտի 22-23-ին, որի հետեւանքով քաղաքի ավելի քան 20 000 հայ բնակչությունը հայրենազրկվել է կամ բնաջնջվել: Պատմությանը հղումներ անելու սիրահար ադրբեջանական կողմին հարկ է հիշեցնել, որ Շուշին կառուցվել է Վարանդայի մելիքության տարածքում եւ միայն 1930-ական թվականներին դարձել արհեստածին «ադրբեջանական շրջանի» կենտրոն: Արցախի իշխանություններն ազատ են նախագահի նստավայրը Շուշի տեղափոխելու կամ չտեղափոխելու որոշումն ընդունելիս: Բաքվի երկրորդ անհանգստության պատճառը Սարսանգից ոռոգման ինքնահոս խողովակաշար կառուցելու նախագիծն է, որի մասին հայտարարել է Արցախի նախագահը: Հակառակորդի ԱԳՆ հայտարարության տոնայնությունից հասկացվում է, թե ինչ աղետալի վիճակ է տիրում Արցախին սահմանակից ադրբեջանական շրջաններում: Ջրի խնդիրն Ադրբեջանի համար գրեթե ճակատագրական է դարձել:

Բայց չէ՞ որ Արցախից ավելի վաղ հնչել էր հարցը քննարկելու եւ փոխընդունելի լուծում  գտնելու առաջարկություն: Ադրբեջանը ոչ միայն բաց է թողել այդ հնարավորությունը, այլեւ ապրիլյան քառօրյա պատերազմ սանձազերծելով՝ հետապնդել Սարսանգի ջրամբարին զենքի ուժով տիրանալու նպատակ: Այժմ Սարսանգի ջրերը պետք է ծառայեն նրա օրինական տիրոջը՝ Արցախի ժողովրդին: Հակառակորդի ԱԳՆ-ի գրեթե հուսահատ տոնը վկայում է, որ Արցախի նախագահը թիրախավորել է ոչ միայն տնտեսական, այլեւ՝ ռազմա-քաղաքական կարեւորագույն նպատակ: