«Հանրային քննարկում» կեղծիքը

«Հանրային քննարկում» կեղծիքը

Իշխանությունն անշտապ, բայց հետևողականորեն վարկաբեկում ու ոչնչացնում է, ի թիվս այլ բաների, իրեն վաղուց խանգարող այնպիսի մի ժողովրդավարական հասկացություն-ինստիտուտ, ինչպիսին «հանրային քննարկումն» է։ Քանի որ մեր իշխանական ինքնահավաններին «կողքից» որևէ հուշում ընդհանրապես պետք չէ՝ իրենք ամեն ինչ գիտեն, իսկ հանրության ձայնը նրանց ականջներում արդեն «աղմուկի» պես է հնչում, նրանք, շարունակելով պահել այդ ինստիտուտի առերևութային կողմը՝ ի տես եվրոպաների, խորին հաճույքով ներսից ոչնչացնում են այն։ Վաղուց այլևս անկասկած է՝ հանրային քննարկում ասվածը պետք չէ մեր իշխանավորներին՝ ԿԳՄՍ նախարարից մինչև ՀՀ վարչապետ։ Մասնավորապես վերջինիս մոտ այդ քննարկումները նույնիսկ կռվազան հակազդումներ են արթնացնում՝ «Մեզ ոչ ոք չի շեղի մեր ճանապարհից» կարգի։ Հետևաբար անիմաստ ու նույնիսկ «կուտ ուտելու» պես մի բան է դառնում իշխանությունների նետած որևէ գաղափարի շուրջ լուրջ մասնագիտական քննարկում ծավալելը։ Իշխանությունը դա չի ներում հանրությանը, հատկապես եթե վերջինս իր «պողոսը» չէ։ 

Կրթական չափորոշիչների շուրջ ավելի քան մեկամսյա հանրային քննարկումները, չնայած դրանցում հանրապետության լավագույն մասնագետների ներգրավված լինելուն, այդպես էլ ԿԳՄՍ նախարարին ու վարչապետին չկարողացան համոզել, որ, օրինակ, հայոց լեզվի ու գրականության համար կրթական չափորոշիչներ մշակող փորձագիտական խմբի ղեկավար Թամար Ալեքսանյանը հայոց կրթության համար փորձանք է, ընդ որում՝ կիսագրագետ փորձանք։ Չկարողացան համոզել, որ հայոց դպրոցի համար նվաստացուցիչ է «կյանքի կոչել» մանկավարժական այս պատահականության «գաղափարները», «նպատակները», «ծրագրերը»։ Իշխանությունների առջև որպես փաստական ապացույց նույնիսկ Թամարի «անբավարար» գնահատված «ստուգողական աշխատանքը» դրվեց (չափորոշիչների տեքստը), բայց վերևներում այդ աշխատանքի վրա կարմիր գույնով արված բազում-բազմապիսի նշում-ուղղումները, հանրագումարում՝ նաև անկյունագծերով քաշված խաչը չտեսան ու․․․ շարունակեցին թևեր տալ թերուսին։  Մեկ այլ կարգի փորձանք էր հասարակագիտական առարկաների չափորոշիչներ մշակող փորձագիտական խմբի ղեկավար Լիլիթ Մկրտչյանը, փորձանք, որ համարժեք է համազգային սպառնալիքի։ Եվ զարմանալին այն էր, որ որքան ակնհայտ էր դառնում այս մարդկանց վտանգավորությունը հայոց դպրոցի համար, այնքան նրանք իշխանության կողմից իբրև յուրայիններ էին ընկալվում, այնքան բացահայտ էին դրսևորվում վերջիններիս տրված «դաբրոները»։  Եվ ամենևին զարմանալի չէր, որ հայոց դպրոցի ապազգայնացման ձեռնարկին դեմ կանգնողները, քննադատական խոսք ասողները, ընդվզողները՝ բոլորը միասին վերջում հռչակվեցին «խավարից» եկածներ, որոնք ուզում են փակել Թամարի, Լիլիթի, Արայիկի ու Նիկոլի «լույսի» ճանապարհը։

․․․ Իսկ աշնանը մեզ մեկ այլ հանրային քննարկում է սպասվում՝  Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման շուրջ։ Կարելի է չկասկածել, որ նորին իշխանական բարեհաճությունը այս անգամ էլ կկամենա «լսել» հանրության ձայնը․ փուչ քննարկումներ կկազմակերպի, նույնիսկ լրջության այնպիսի ֆոն կապահովի, որ Հ1-ի Պետրոսը ոսկեղենիկ հայերենով մի քանի հաղորդում կնվիրի դրան։ Ասպարեզում դարձյալ կհայտնվեն հայ ավանդական ընտանիքի ազնվաբարո պաշտպանները՝ ընդդեմ այն ներսից ու դրսից քանդողների, սակայն նրանց ջանքերն այս անգամ էլ ապարդյուն կլինեն, քանզի քննարկման ելքը նախորոշված է՝ կոնվենցիան կվավերացվի։ Եվ հանրության համար ևս մեկ անգամ վավերական կդառնա իշխանության ապազգային բնույթը (դեռ չասեմ՝ էությունը․ թող հույսը դեռ չմեռնի), բայց դա ապազգայիններին չի կասեցնի։ Ավելին՝ մեկ այլ նախարար կամ նախարարուհի այս անգամ նույնպես կհայտարարի, որ կոնվենցիայի բոլոր ընդդիմախոսները գալիս են հայկական ընտանիքի «խավարից», հետևաբար հարկ կա նրանց թեկուզ զոռով «լուսավորելու»։ «Կլուսավորեն» և հանրային քննարկում-կեղծիքն էլ իբրև «հիմնավորում» կդնեն հանրության գլխին։ 
Որպեսզի հետո, երբ գա պատասխանատվության պահը, մեղավոր հռչակվի․․․ նույն հանրությունը։