Թուրքիան բացում է Նիկոլի բանավոր խոստումները

Թուրքիան բացում է Նիկոլի բանավոր խոստումները

Գիտե՞ք մեր սխալը որն է․ որ դեռ շարունակում ենք լսել, թե ինչ են ասում այս իշխանության ներկայացուցիչները։ Մենք թույլ ենք տալիս, որ ինչպես հինգ տարի խաբել են մեզ՝ շարունակեն խաբել։ Մեզ տասը, հարյուր, հազար անգամ չի խաբել այս իշխանությունը, հինգ տարվա մեջ օրը հարյուր անգամ, եթե ոչ ավելի, խաբում է։ Բայց դեռ թույլ ենք տալիս խոսել ու խաբել մեզ։ Զանգեզուրի միջանցքի մասին։ Արցախը հորով – մորով արեց պրծավ, հիմա անցել է Զանգեզուրի միջանցքին ու Հայաստանի մյուս տարածքների խոստումների իրականացմանը։ Ուշադրություն դարձրեք, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խաբում է նույն արցախյան ձեռագրով։

Առաջ հայտարարում էր, որ Արցախը Հայաստան է ու վերջ, հիմա էլ նույնի կրկնությունն է իր ու թիմակիցների կողմից՝ Զանգեզուրի միջանցքը կարմիր գիծ է Հայաստանի համար։ Մի քանի անգամ ասել ու նորից կրկնում եմ, նման հայտարարությունները ներքին լսարանի համար են։ Ադրբեջանն ու Թուրքիան, ինչպես նաև Արևմուտքը շատ լավ գիտեն այդ մասին ու «ժողովրդին խաբելու մանդատ են տվել նրան»։ Ինչպես ուզում ես խաբիր ժողովրդին, միայն թե իրականացրու այն ծրագիրը, որ դրված է քո առաջ։ Մենք քո առաջ կանաչ լույս ենք վառում։ Չնայած այդ ամենին, նրանք Նիկոլ Փաշինյանին պահում են իրենց սևեռման տակ և նրա տված խոստումները երբեմն բացահայտում են, որպեսզի նա «թպրտալու տեղ չունենա»։

Այ, օրինակ, Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարում է, որ Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը և արդյունքի միտված բանակցությունների շարունակությունը կայունության հաստատման միակ ճանապարհն է։ Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը․ պարզ հասկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի խոստումների մեջ է մտնում «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Այսինքն մեր հայրենիքը մաս- մաս բանավոր խոստումներով թշնամուն հանձնելուն ուշադրություն չեք դարձնում ու դեռ շարունակում եք լսել Փաշինյանի մեզ տված խոստումների՞ն։ Մենք ո՞վ ենք Փաշինյանի համար։ Մեզ կարող է խաբել, ինչպես և արեց Արցախի հարցում, իսկ Թուրքիայի նման պետությանը չի կարող խաբել, եթե բանավոր խոստում է տվել։ Ինքը դա շատ լավ գիտի։ Ոչ կարող է հետ կանգնել իր տված խոստումից, ոչ էլ կարող է «մի թափով թռնել առուն»։ Ստիպված խաբում է ժողովրդին, թե «Զանգեզուրի միջանցքի» հարց չկա, ստիպված երկարաձգում է, բայց Թուրքիան արդեն չի համբերում։

Նիկոլ Փաշինյանի գոյության ամեն վայրկյանը նվաճում է Ադրբեջանի ու Թուրքիայի համար և աշխատում են նրանից պոկել բանավոր խոստումների քաղցրահամ պտուղները։ Նույնիսկ ի լուր հայ ժողովրդի են տեղեկացնում Նիկոլի բանավոր խոստումների մասին։ Կրկնում եմ, բաց են խոսում, որ Նիկոլը «թպրտալու, բռնելու տեղ չունենա»։ Կա մի ելք միայն՝ Փաշինյանը պիտի հրաժարական տա։ Բայց իր անձի հետ կապված հրաժարական տալու սարսափը նրան հետ է պահում։ Իր առաջ Թուրքիան է ու մնացած բոլորը․․․