Հանգիստ և արժանապատվորեն պատրաստվենք մեր վերջին կռվին.Արմեն Այվազյան

Հանգիստ և արժանապատվորեն պատրաստվենք մեր վերջին կռվին.Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում նշել է.

«Մի քանի կարևոր, բայց առայժմ քիչ գիտակցված ճշմարտություններ, որոնք հայությունը պետք է սերտի և ըստ այդմ գործի։

1. 21-րդ դարը ոչ թե լուսավորյալ դար է, այլ առավելապես խավարապաշտական դար։

2. 21-րդ դարում «քաղաքակիրթ աշխարհը», փաստորեն, մեռել է։ Մտել ենք վայրենի մի դարաշրջան, որտեղ իշխում է մարդատյացությունը՝ նենգափոխվելով ու ներկայացվելով որպես մարդասիրություն։

3. 21-րդ դարը ֆաշիստների, մարդատյացների ու ցեղասպանների ոսկեդարն է։ Համենայն դեպս, առայժմ։

Հենց այս այլասերված 21-րդ դարում ամբողջ «քաղաքակիրթ աշխարհի» հանցավոր թողտվությամբ և նույնիսկ հովանավորությամբ Արցախը վերածվել է հայերի արգելաբնակավայրի՝ ռեզերվացիայի։ Ինչ-ինչ պատճառներով գերտերություններն ու գլոբալիստական հզոր շրջանակները հայերին թշնամաբար են վերաբերում՝ այնպես, ինչպես սրանից մեկ-երկու դար առաջ Ամերիկաներում վերաբերում էին այդ մայրցամաքի բնիկներին՝ հնդկացիներին։ Նույն ռեզերվացիայի կարգավիճակը, ապա և հայրենազրկումն ու հայաթափումն է սպասվում Սյունիքին, Գեղարքունիքին, Տավուշին ու Երևանին, եթե ԻՆՔՆԵՐՍ չկարողացանք ինքնապաշտպանական հզոր համակարգ ստեղծել և առաջին իսկ հնարավորության դեպքում դարձյալ ազատագրել Արցախը՝ առնվազն Քարվաճառով, Բերձորով, Շուշիով ու Հադրութով հանդերձ։

Այսօր հայ ժողովուրդը (բացառությամբ ծախված ու դրածո քաղաքական վերնախավի), մարտնչելով հանուն իր ազգային պետության ու բուն գոյության, միաժամանակ այս մոլորակում պատմական արդարության ու մարդասիրական արժեքների համար մղվող պայքարի ամենաառաջին շարքում է, այդ շարքի ամենաառաջին տողանում։ Հպարտանալու շատ բան ունենք, բայց դեռևս չենք գիտակցում։ Հայությունը պարզապես չգիտի, թե ինչ ահռելի համաշխարհային ուժերի դեմ է նա այժմ մեն-մենակ կանգնած՝ շրջապատված ու դավաճանված դրսից ու ներսից։ Բայց կանգնած է Հայաստանն ու հայությունը՝ հուսալով Աստծո վրա։

Հանգիստ և արժանապատվորեն պատրաստվենք մեր վերջին կռվին։ Կհաղթենք, թե ոչ՝ այժմ այդ հարցի վրա կենտրոնանալն ավելորդ է։ Կկռվենք, կտեսնենք։

Աստված մեզ օգնական»։