Մի կողմից՝ սպառնում է Ադրբեջանը, մյուս կողմից՝ ՀՀ-ն է թշնամու ծրագիրը կատարում
«Հրապարակի» զրուցակիցն ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական Քրիստինե Վարդանյանն է:
- Իշխանությունն Արցախից բռնի ուժով տեղահանված արցախցիներին սահմանամերձ շրջաններում է տեղավորում, կացարանով ապահովում: Արդեն կասկածներ կան, որ արցախցիներին նոր փորձություններ են սպասվում, եւ նրանք նորից կարող են թշնամու թիրախում հայտնվել: Ի վերջո` այդ մարդիկ տեւական ժամանակ ահուսարսափի մեջ են ապրել՝ ամեն վայրկյան թշնամու վայրագություններին սպասելով:
- Բնականաբար, այստեղ միտում կա: Արցախում տեղի ունեցող այս ցեղասպանության գործում Հայաստանի իշխանությունն Ադրբեջանի հանցակիցն է: Ի տարբերություն 1915 թվականի, այսօր մարդիկ ցեղասպանվում են՝ այն դեպքում, երբ ունեն պետություն, պետականություն եւ բանակ: Կան մի շարք կառույցներ, որոնք կարող էին կանխել այդ ամենը, իսկ չկանխելն ուղղակի հանցագործություն էր, այլ ոչ թե անտարբերություն կամ էլ` անկարողություն: Արցախցիները նախ չէին ցանկանում գալ Հայաստան, այնպես չէ, որ շահագրգռված էին գալ այստեղ, սակայն այսօր, երբ նման իրավիճակ է ստեղծվել, փորձում են մարդկանց Երեւանից հնարավորինս հեռու պահել, որովհետեւ վախենում են արցախցիների արդար եւ ազնիվ արձագանքից, զայրույթի դրսեւորումից: Այս իշխանությունները հակահայ են: Մի կողմից՝ մարդկանց սպառնում է Ադրբեջանը, մյուս կողմից՝ Հայաստանը թշնամու ծրագրերն է իրականացնում: Չի բացառվում, որ արցախցիներին հենց այն վայրերում են տեղավորում, որոնք առաջիկայում պատրաստվում են հանձնել:
- Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ խոսեց այն մասին, որ Արցախում արցախցի չի մնալու, բոլորը Հայաստան են գալու: Ինչո՞ւ է Փաշինյանն այդ համոզմունքին հանգել:
- Դե, Ալիեւն ասել է, իրենք էլ կրկնում են: Հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ Արցախում տեղի ունեցավ հայաթափում: Թշնամուն ծառայող ուժերը կարողացան Ալիեւի երազանքն իրականացնել: Այստեղ ամեն բան հստակ է, Ալիեւի օրակարգն էր դա:
- Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շատ հաճախ այն մտքին էր հանգում, որ Արցախի Հանրապետությունը որեւէ միջազգային կառույցի կողմից ընկալելի չէ: Անգամ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ հեգնեց լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչու են ասում «Ղարաբաղ», այլ ոչ թե՝ «Արցախ»: Չնայած այս ամենին, երեկ տեղեկացանք, որ լուծարվում է Արցախի Հանրապետությունը….
- Այո, իշխանություններն Արցախը ներկայացնում էին որպես գյուղաքաղաք: Բայց եթե այն պետություն չէր, այսօր ի՞նչը լուծարվեց: Արցախը գուցե չճանաչված, սակայն պետականություն ունեցող երկիր էր՝ իր բոլոր համակարգերով, որը հետեւողականորեն լուծարեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի լուծարի նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Շատերին թվում էր, թե նոյեմբերի 9-ի համաձայնագրով ամեն ինչ վերջացավ, սակայն դա սկիզբն էր այս ամենի: Մեզ համար բացվեց դժոխքի նոր դուռ: Մենք պետք է հասկանանք, որ Արցախը տալով ոչ թե ինչ-որ բան ավարտվում, այլ՝ սկսվում է…. չի կարող առանց Արցախի Հայաստան լինել:
- Թեպետ Սամվել Բաբայանը կարողացավ ճողոպրել եւ հասնել Երեւան, սակայն Արցախից առեւանգվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Կա մի ամբողջ ցուցակ, որտեղ Ադրբեջանի համար անցանկալի անձանց անուններն են, եւ ուզում են նրանց ձերբակալել ու դատել:
- Ոչ թե ճողոպրեց, այլ՝ եկավ: Եթե ճողոպրեր, հաջորդ օրը Հ1-ի եթերում երջանիկ դեմքով հարցազրույց չէր տա, եւ մենք նրա մասին չէինք էլ լսի: Տեղի է ունեցել ինչ-որ գաղտնի գործողություն: Ալիեւն ու Փաշինյանն ինչ-որ բան էին պայմանավորվել եւ Բաբայանին բերել Հայաստան: Հավանաբար հիշում եք, թե ինչպես Վագիֆ Խաչատրյանը Սամվել Բաբայանի վարորդը լինելու կասկածանքով առեւանգվեց, իսկ ինչպե՞ս է լինում, որ հիմա նա չի ձերբակալվում: Դատողությունը թողնում եմ ընթերցողներին:
Կարծիքներ