«Հրապարակ». ԱՄՆ Կոնգրեսը՝ զոհերի, հայերի զրկանքների եւ դրանց փոխհատուցման մասին

«Հրապարակ». ԱՄՆ Կոնգրեսը՝ զոհերի, հայերի զրկանքների եւ դրանց փոխհատուցման մասին

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, սենատորներ Բիլ Քեսիդին, Քրիս Վան Հոլենը, Ալեքս Փադիլան, Շելդոն Ուայթհաուսը եւ Գարի Պիտերսը շրջանառության մեջ են դրել «Հաջակցություն հայերին ադրբեջանական ագրեսիայի դեմ» օրինագիծը։ Այն մարդասիրական բնույթի է եւ սահմանում է պաշտպանություն եւ մարդասիրական օգնություն Ադրբեջանի գործողություններից տուժած Հայաստանի եւ ԼՂ հայերին եւ վերնագրված է․ «Աջակցելով հայերին՝ ընդդեմ Ադրբեջանի 2023 թ․ ագրեսիայի»։

Նախագիծը դեռ չի ընդունվել եւ կարող է չընդունվել, բայց այն պարունակում է շատ հետաքրքրական մի հատված, որտեղ կա փաստական մաս, որը մեզ հետաքրքրեց։ «2020 թ․ սեպտեմբերին Ադրբեջանը ներխուժեց Լեռնային Ղարաբաղ, որի հետեւանքով ավելի քան 6 հազար 500 մարդ է զոհվել Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանում»,- ասված է փաստաթղթում։ Մենք գիտենք, որ ՀՀ պաշտոնական տվյալներով ասվում է, որ զոհվել են 3 հազար 822 զինծառայող եւ 75 քաղաքացիական անձ, անհետ կորած է համարվում 201 մարդ։ Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ, հավանաբար, 6 հազար 500-ը զոհերի ընդհանուր թիվն է։ «Եթե հանրագումարն է վերցված, Արցախն ու Հայաստանը միասին 3 հազար 900-ի կարգի զոհեր են տվել, իսկ Ադրբեջանը՝ 2 հազար 900-ից քիչ ավելի։ Հավանաբար, սրանք ինչ-որ կլորացված կիսատ թվեր են»։ Թվեր կան՝ կապված նաեւ 2022-ի սեպտեմբերյան ագրեսիայի զոհերի հետ։ «2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը սանձազերծեց եւս մեկ հարձակում Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Վարդենիս քաղաքում, Սոթքում, Արտանիշում, Իշխանասարում, Գորիսում եւ Կապանում, որի հետեւանքով զոհվել է գրեթե 400 զինվորական»,- ասված է փաստաթղթի 6-րդ կետում։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ներկայացրած տվյալներով՝ սեպտեմբերի 13-14-ի մարտերի ընթացքում հայկական կողմն առնվազն 201 զոհ է տվել, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որպես զոհերի ու անհետ կորածների ընդհանուր ու վերջնական թիվ էր նշել 210-ից ավելին։ Այն հնչել էր հոկտեմբերի 14-ին, Աստանայում, ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ։ Ինչո՞վ է պայմանավորված տարբերությունը, Աբրահամյանն ասում է․ «Պաշտոնական ամենավերջին ինձ հայտնի թիվը եղել է 225, եթե դրանից հետո ինչ-որ ծանր վիրավոր չի մահացել»։ Քիչ հավանական է, որ Հայաստանին աջակցություն նախատեսող նախագծում նաեւ ադրբեջանական զոհերի թիվն է ներառված։ Ինչ վերաբերում է Սենատի աջակցությանը․ «Այն, ինչ պետք է լիներ, եղել է։ Հումանիտար մասով ծրագրեր կանեն, բայց դե, արդեն դրանք ոչինչ չեն փոխի»։  

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը եւս դժվարացավ մեկնաբանել ԱՄՆ կոնգրեսականների ստացած տվյալները։ Եթե 44-օրյա պատերազմի 6 հազար 500 զոհերն ընդհանրացված թիվ է, ապա այն պետք է, ըստ Հակոբյանի, ավելի մեծ լիներ, քանի որ հայկական կողմի զոհերին՝ մոտ 4 հազար, պետք էր ավելացնել 2 հազար 800 ադրբեջանցի զոհվածներին, ինչն ամեն դեպքում 6 հազար 500-ից ավելի է։

6 հազար 500 զոհը, ըստ փորձագետ Կարեն Վրթանեսյանի, ճշգրիտ չէ, եթե անգամ այն ներառել է նաեւ Ադրբեջանի զոհերը։ «Գուցե Կոնգրեսում համապատասխան ծառայություն ունեն, որը զբաղվում է թվերով։ Բայց փաստ է, որ Հայաստանում նորմալ որեւէ թվեր չեն հրապարակվում։ Այսօրվա Արցախի ագրեսիայից ընդհանրապես թվեր չկան։ Հավանաբար թաքցնում են, թիվը խճճում են, դանդաղ ավելացնելով, մինչեւ մոտենում ենք իրական թվերին, արդեն բոլորը մոռացած են լինում, որովհետեւ նոր ինչ-որ աղետ է լինում, եւ սա տեխնոլոգիա է, ոչ թե պատահականություն»,- ասաց նա։

Կոնգրեսի փաստաթղթում նկարագրվում են նաեւ 2020-ին եւ հետագայում Ադրբեջանի ներխուժման հետեւանքով տեղահանված անձանց կյանքի անբավարար պայմանները, որ նրանք «շարունակում են ունենալ մարդասիրական սուր կարիքներ, ներառյալ խմելու ջրի հասանելիությունը եւ առողջապահությունը»։ Մանրամասն անդրադարձ կա նաեւ Լաչինի միջանցքի շրջափակման հետեւանքով ԼՂ բնակիչների կրած զրկանքներին՝ սննդամթերքի, էլեկտրաէներգիայի եւ գազի պակասին։ Նաեւ նշված է, որ Ադրբեջանը չի կատարել Արդարադատության միջազգային դատարանի 2023 թ․ փետրվարի որոշումը, որով նա «պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով»։ Նախագծով առաջարկվում է ԱՄՆ միջազգային զարգացման պետական գործակալությանը՝ 2024-ին 30 միլիոն դոլարի օգնություն տրամադրել տուժած հայերին, իսկ ԱՄՆ պետքարտուղարին՝ ռազմավարություն ներկայացնել՝ ԼՂ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: