Մթնոլորտ ու մենթալիտետ

Մթնոլորտ ու մենթալիտետ

Հայաստանում 1995 թվականից սկսած՝ այլեւս արդար ընտրությունները դարձան միֆ, եվրոպական հաճույքների շարքին դասվող ինչ-որ բան, որի մասին Կովկասում ապրողներս չենք էլ կարող երազել։ Հենց 1995-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, արդեն 4 տարի իշխանություն եղած քաղաքական ուժը՝ ՀՀՇ-ն որոշեց, որ այլեւս իրավունք ունի ցանկացած եղանակով վերընտրվելու, եւ ոչ մի հանցավոր մեթոդ մերժելի չէ այդ ճանապարհին։ Այն ժամանակ դեռ մեծամասնական ընտրակարգն էր գործում երկրում, բայց իշխանությունն էր որոշում՝ ով առաջադրվի, ով՝ ոչ, եւ անցանկալի թեկնածուներին ուղղակի արգելում էին իրենց թեկնածությունը դնել։ Այդ թվերի փոխնախարարներից մեկն օրերս պատմեց, թե ինչպես են իրեն հրավիրել վարչապետի մոտ եւ ասել՝ կա՛մ առաջադրվում ես՝ հրաժարական տալով, կամ՝ պահպանում ես պաշտոնդ՝ չառաջադրվելով, որովհետեւ այդ ընտրատարածքում իշխանությունը ուզում է մշակութային մի գործչի անցկացնել խորհրդարան։ Ինքն ընտրել է առաջադրվելը, հաղթել է, բարեբախտաբար, ընտրությունից հետո վերեւներում հաշտվել են կատարվածի հետ եւ ձեռք են քաշել ըմբոստից։ Իսկ ինչ զարմանահրաշ պատմություններ կան այն մասին, թե ինչպես են գողականներին լցրել մի ինքնաթիռ եւ տեղափոխել Ռուսաստան՝ արգելելով Հայաստան գալ առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Ինչպես են առաջադրված թեկնածուի թղթերում իբրեւ թե վրիպակներ հայտնաբերել եւ առաջադրումը չեղյալ ճանաչել։ Իսկ 1996-ի ընտրական հանձնաժողովներից մեկի անդամը պատմեց, որ նախագահական ընտրությունների ավարտից հետո քվեների հաշվարկն ավարտելով՝ հանձնաժողովի նախագահը Վազգեն Մանուկյանի քվեաթերթիկների ծավալուն տրցակի վրա փակցրեց Լեւոն Տեր-Պետրոսյանի անունը, իսկ 3 անգամ դրան զիջող տրցակը գնաց որպես Մանուկյանի քվեներ, եւ իրենք ոչինչ չկարողացան դրա դեմ անել։

Հետո շատ ավելի ուշ մի ուշագագրավ պատմություն էլ պատմեցին, թե ինչպես են դպրոցներից մեկում դպրոցական խորհրդի ընտրությունների ժամանակ կեղծել քվեարկության արդյունքները, որ տնօրինության ուզած աշակերտը դառնա դպրոցական խորհրդի նախագահ եւ ես այդ ժամանակ հասկացա, որ մաքուր ընտրություն անելու համար բարձր ինտելեկտ, գրագիտություն, ազնվություն, կեղծիքները մերժող հասարակություն է հարկավոր, ինչը մեզանում բացակայում է եւ հայտնի չէ, թե երբ կլինի։ ՔՊ վերջին համագումարի արդյունքում վարչության ընտրությունների ընտրակեղծիքներն էլ օրերս ապացուցեցին դա։ Անգամ երիտասարդ հեղափոխականները չեն կարողանում ձեռնպահ մնալ ընտրությունները կեղծելու գայթակղությունից։