Շախմատը մոտենում է ավարտին

Շախմատը մոտենում է ավարտին

 

Երբ սուբյեկտիվ տրամադրվածություն  ունես որևէ քաղաքական գործչի հանդեպ՝ դրական, թե բացասական, կարևոր չէ,  ճիշտ չէ նրա գրածին արձագանքելը, չնայած երբեմն չի ստացվում, որովհետև բացասական տրամադրվածության դեպքում բացասական երանգն է իշխում, դրականի դեպքում՝ դրականը։ Քաղաքական գործչի խոսքին գնահատական պիտի տրվի առանց սուբյեկտիվ տարրի։

Միքայել Մինասյանի վերջին հարցազրույցի մասին եմ  խոսելու։ Նրա  նկատմամբ դրական կամ բացասական որևէ տրամադրվածություն չունեմ։ Ինքը իր վարքուբարքով աշխատել է չերևալ, մեծ- մեծ բաներ չասել, էությամբ համեստ ու լուրջ անձնավորություն է։ Ավելի շատ գործում, քան խոսում է։ Իր տեղը ով էլ լիներ, կհայտնվեր քաղաքական թոհուբոհի  կիզակետում, բայց ինքը միշտ խուսափել է դրանից, գուցե դրա մեջ նաև Սերժ Սարգսյանի լումա՞ն  կա, չեմ կարող ասել։

Իր վերջին երկու հայտարարությունները լուրջ խորհելու տեղիք են տալիս, այն առումով, որ ինքը քաղաքական հայտարություններ անելուց խուսափել է։ Փորձեմ վերջինին անդրադառնալ՝ հարցազրույցին, հասկանանք, ինչքանո՞վ է ինքը կարողացել սառը դատել քաղաքական վիճակը։

Ասեմ, որ հարցազրույցի ժամանակ Միքայել Մինասյանի պատասխանները կառուցված են զուտ տրամաբանական շաղախի վրա։ Իշխանությունների գործելակերպը պարզ է, մեր աչքերի առաջ և իր ասածը՝ եթե առաջնորդվենք քայլերի տրամաբանությամբ,  որ կձերբակալվի նաև Սերժ Սարգսյանը, անակնկալ չպիտի լիներ․

«Այս իշխանության գործունեության ամբողջ տրամաբանությունը դա է. մեղադրանք և ձերբակալություն։ Այսօր պետական ռեսուրսի մի էական մասը ծախսվում է մեղադրանքների ու ձերբակալությունների վրա»:

Ինչու՞ է դա արվում։ Բացատրում է պարզ․

«Առաջին 5, 10, 15, 20 ձերբակալություններից հետո հասարակության բուռն արձագանքն արդեն թուլացել է, այն չի փոխում հանրային տրամադրությունները, չի դառնում օրակարգ: Վաղը մյուս օրն արդեն այդ քայլերը միայն քամահրանք են առաջացնելու: Չկասկածեք: Մանավանդ, որ շատ դեպքերում կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործարքների տպավորություն է ձևավորվում»:

Դա հազար անգամ է ասվել, լրատվամիջոցներում գրվել։ Որ ձերբակալությունները սկզբնական շրջանում կարող են էյֆորիա առաջացնել, հետո հասարակությունը անտարբեր է դառնում, երբ տեսնում է, որ այդ ձերբակալություններն իր ապրելակերպը չեն փոխում։ Նրան ավելի մեծ կրակ  է պետք, որ ոգևորի։ Այդ «մեծ կրակը» Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Նորից եմ հիշեցնում, Միքայել Մինասյանն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որով աշխատում է իշխանությունը։

«Իշխանությունն ունի մեկ` վաղուց պահված, պլանավորած, «золотой запас» մեգաձերբակալություն. դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունն է։ Իշխանության մեդիա-շեփորները վաղուց են հնչում այդ մասին: Պարզ հաշվարկը հուշում է, որ առաջիկայում Սերժ Սարգսյանին կձերբակալեն՝ հանրությանը մի որոշ ժամանակով էլ իրական խնդիրներից շեղելու համար»:

Իրական առաջիկա  խնդիրները գիտեք՝ Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա, զարգացումներ Արցախի շուրջ։

Ինքը շատ պարզ է բացատրում, թե իշխանությունն ինչու է ձերբակալելու Սերժ Սարգսյանին․

«Նրան ձերբակալելով` իշխանությունը կսպառի ռեպրեսիաները որպես գործիք օգտագործելու և՛ արդյունավետությունը, և՛ հնարավորությունը»։

Ցանկացած կրակ ունի իր ամենաբարձր կետը, որ խժռում է ամեն ինչ, իսկ հետո աստիճանաբար մարում է։ Իշխանությունը կօգտագործի իր «золотой запас»-ը, կրակի ամենաբարձր կետը։ Դա Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կլինի։ Այս ամենի մեջ ողբերգությունն այն է, որ Սերժ Սարգսյանի ձերբակալությունը կդառնա  օգտագործման գործիք հանրության վրա։ Եթե առաջնորդվեր հասարակական պահանջով,  նա դա պետք է աներ ավելի շուտ։

Եզրահանգումը նույնպես տրամաբանական քայլերի հերթագայություն է․

«Իշխանափոխության նպատակը պրիմիտիվ աթոռակռիվն էր, իշխանության աթոռներում հարմարավետ տեղավորվելը, ուրիշ ոչինչ: Շատ շուտով բոլորի համար պարզ կլինի, թե ով է գողն ու թալանչին, ով է խայտառակ սուտասանն ու անապացույց բանսարկուն, ավելին՝ ով է ոչնչի ընդունակ անհաջողակը: Թերևս ճակատագրի հեգնանք է, որ անհաջողակների այս իշխանությունն առանց իր իսկ կողմից միֆականացված գործիչների ոչինչ չի կարողանում անել: Անգամ առանց նրանց դեմ թշնամության այս իշխանությունն իրենից ոչինչ չի ներկայացնում, առանց նրանց ստվերի դեմ պայքարի այս իշխանությունը ոչ մի ասելիք ու անելիք չունի»:

Սա շատ կարևոր հատված է՝ բացահայտումների առումով, որը ժայթքելու է՝ կարծում եմ կոմպրոմատների խախտման պարագայում։  Բայց էլ ավելի  ուշադրություն պիտի դարձնել, որ Սերժ Սարգսյանի թիմը կարծեք թե շատ սովորական է ընդունում ՀՀ Երրորդ նախագահի ձերբակալությունը։ Այսինքն՝ այն քայլը, որ պիտի արվի կոմպրոմատների խախտման պարագայում կամ Սերժ Սարգսյանի ձերբակալությամբ վերջ է տրվելու Նիկոլ Փաշինյան միֆ առասպելին։

Շախմատը մոտենում է ավարտին։