«Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար». դատական նիստը մեկնարկեց

«Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար». դատական նիստը մեկնարկեց

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, մեկնարկեց Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը։ Այսօրվա նիստին ներկայացել էին միայն փաստաբանները։

Սերժ Սարգսյանի փաստաբաններից Վահագն Գրիգորյանը հայտարարեց, որ կարծում է՝ Խաչատուր Սուքիասյանը պետք է պատասխանատվություն կրի իր արտահայտությունների համար․ «Կարծում ենք, որ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունենք, և դատաքննության ընթացքում մեր իրավական հիմնավորումները կներկայացնենք»։

Խաչատուր Սուքիասյանի պաշտպան Աննա Տոնոյանը հայտարարեց, թե Սուքիասյանի հայտարարությունները եղել են գնահատողական դատողություններ:
Ըստ Տոնոյանի՝ Սուքիասյանի հայտարարությունը չի կարող հանգեցնել պատասխանատվության, ինչի հիմքով էլ պաշտպանը խնդրեց դատարանին հայցը մերժել:

Սերժ Սարգսյանի մյուս փաստաբան Ամրամ Մակինյանը հարց ուղղեց Սուքիասյանի ներկայացուցչին, թե արդյո՞ք պատգամավորը պատրաստվում է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը «100 միլիոն դոլարից ավելի գումար է «կրվել» «կազինոներում»», ինչին ի պատասխան՝ Սուքիասյանի ներկայացուցիչն ասաց՝ իրենք իրենց ապացույցները կներկայացնեն միայն այն ժամանակ, երբ դատարանը բաշխի ապացուցման պարտականությունները:

Սարգսյանի փաստաբան Վահագն Գրիգորյանը միջնորդեց հետաձգել այսօրվա նիստը՝ ԵՊՀ-ում դասախոսություն ունենալու հիմնավորմամբ։ Միջնորդությունն ընդունվեց։
Դատական հաջորդ նիստը կկայանա 2022-ի հունվարի 17-ին`ժամը 11:30-ին:

Հիշեցնենք, որ 2021թ. օգոստոսի 25-ին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ԱԺ նիստի ընթացքում ամբիոնից ելույթ էր ունեցել և արել հետևյալ արտահայտությունը. «Բոլորդ լավ գիտեք, որ երրորդ նախագահը կազինոներում հարյուր միլիոնից ավելի կրվել ա նույն Բադեն Բադենում, ինչի՞ հաշվին, զենքերի հաշվին, ինչի՞ հաշվին, մեր զինվորների հաշվին, ինչի՞ հաշվին, կրթության հաշվին, ինչի՞ հաշվին, առողջապահության հաշվին: Լայնամասշտաբ կոռուպցիա է եղել․ մեկ մարդ է որոշել՝ ով ինչ անի»: