«Հրապարակ»․ Հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը

«Հրապարակ»․ Հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը

«Հպարտ եմ, որ վաստակել եմ այս իշխանության ատելությունը, եւ գիտակցում եմ, որ հիմնական թիրախն էլ ես եմ լինելու»,- օրերս իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ հենց Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ինքն ու իր թիմը հստակ եւ պլանավորված քայլերով կսկսեն նախընտրական քարոզարշավը․ պետք չէ անհանգստանալ, թե իշխանությունն արդեն չհայտարարված քարոզարշավ է անում, իսկ մենք հետ ենք ընկել։ «Հանգիստ եղեք եւ այս հարցում վստահեք ինձ»,- ասել է նա:

Քոչարյանը նշել է, թե գալիս է իշխանության՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու համար։ «Իհարկե, իմ դեմ բանեցնելու են թեզը, թե Քոչարյանը գալու է իշխանության, պատերազմ հրահրի»,- ասել է նա՝ խոստանալով բերել «ոչ միայն արժանապատիվ խաղաղություն, նաեւ՝ բարեկեցիկ կյանք»։ Ասել է, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում ապացուցել է, որ երկիրը կարող է զարգանալ Ղարաբաղի հետ միասին։ Նա հիշեցրել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքերը, որը հեռանալուց առաջ ասել է՝ «խաղաղության կուսակցությունը գնում է, պատերազմի կուսակցությունն է գալիս»․․․ «Բայց եղավ ճիշտ հակառակը՝ մենք ունեցանք ամենից խաղաղ 10 տարին Հայաստանում, ամենից քիչ զոհերը՝ շփման գծում, սա փաստ է»։