Համա թե բռնել է՝ խոսք չկա 

Համա թե բռնել է՝ խոսք չկա 

Մի ժամանակ Հայաստանի իշխանությունն անընդհատ մեղադրվում էր, որ երկրի պետական համակարգը լցնում է միջակություններով: Ի տարբերություն ՀՀ-ի՝ հետխորհրդային երկրների մեծամասնությունն այդ տարիներին պետական և այլ միջոցներով ուսանողներ և երիտասարդ մասնագետներ էր ուղարկում արևմտյան բուհեր: Ուսումնառությունից հետո, բնականաբար, ետ վերադառնալու պայմանով և այնուհետև կառավարման համակարգի մեջ ներառելով: Արևմտյան դիրքորոշում ունեցող վարչապետ Տիգրան Սարգսյանի ջանքերով այդ գործը կազմակերպվեց նաև մեր երկրում: Հայաստանյան պատանիների համար արևմտյան բուհական կրթություն ապահովելու նպատակով ստեղծվեց «Լույս» հիմնադրամը: Թերություններով հանդերձ այն բավական օգուտ տվեց հանրապետությանը: Հիմնադրամը, որի համահիմնադիրներն են ՀՀ երրորդ նախագահն ու նախկին վարչապետը, գոյություն ունի նաև այսօր՝ ժամանակ առ ժամանակ քաղաքական ու տնտեսական բնույթի վերլուծական նյութեր մատակարարելով լրատվական կայքերին: 

Լինելով ընդդիմադիր՝ ենթադրում էի, որ իշխանափոխությունից հետո մասնագետների խնդիր չենք ունենալու: Հաշվի էի առնում այն հանգամանքը, որ այն ժամանակվա ՀԿ-ներում առկա էին բազմաթիվ երիտասարդներ: Որ կրթություն էին ստացել արևմտյան բուհերում և պատրաստ էին իրենց կարողություններն ի սպաս դնել Հայաստանի զարգացման գործին: Ենթադրում էի նաև, որ նրանց կմիանան բազմաթիվ գործող պաշտոնյաներ, որոնք անփորձ, սակայն, մոտիվացված երիտասարդների հետ կկերտեն նախկին «բեսպրեդելից» ազատված նոր իրականություն: Ի՞նչ իմանայի, որ արդեն 2018-ի տարեվերջին դեռևս «դուխով»-ի համարում ունեցող Նիկոլը որոշել է հասարակությունը բաժանել, այսպես կոչված, «սևերի ու սպիտակների»: Եվ փորձառուներին հեռացնել պետական համակարգից՝ դրանց փոխարինելով ընկեր-ծանոթով ու բարեկամով: 

Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ «քայլարածների» ընկերական շրջանում չէր կարող գտնվել այդ քանակի պատրաստի մասնագետ՝ համակարգը լցվեց միջակություններով: Որոնց միակ «առավելությունն» ուրիշներից տարրական ինքնասիրության ու արժանապատվության բացակայությունն էր: Ինչը պետք է արտահայտվեր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ տարօրինակ (օրինակ՝ քաղաքում սատանաներ բռնելու) ու ըստ այդմ՝ երկրի կամ իրենց համար վտանգավոր հանձնարարությունները կատարելու անտրտունջ պատրաստակամությամբ: Միակ բացառությունն, ի դեպ, իշխանափոխությունից հետո ԱԱԾ տնօրեն նշանակված Վանեցյանն էր: Ով արագ գիտակցեց այդ ամենը և ինքնակամ հրաժարական ներկայացրեց զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին բազմիցս է գրվել, և այս հոդվածն էր չէր լինի, եթե մի քանի օր առաջ աչքիս չզարներ երիտասարդ մասնագետներից մեկի ինքնաբուխ խոստովանությունը: Այն է՝ ինչ լավ էր, որ ժամանակին չէր ընդունել պաշտոն զբաղեցնելու առաջարկը: Այն հետևել էր էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Քերոբյան Վահանի հրաժարականին: Ես կասեի նույնիսկ հրաժարականի սրտաճմլիկ տեքստին: Փաստորեն, Սերժի նախագահության արդեն վերջին տարիներին գրագետ մարդիկ ձգտում էին տեղ զբաղեցնել պետական կառավարման համակարգում: Իսկ «թավշյա» իշխանափոխությունից հետո փոխանակ այդ երևույթը դառնա օրինաչափություն՝ ճիշտ այնպես, ինչպես Սինգապուրում է, վերածվեց խիստ բացառիկ դեպքերի: Ի դեպ, Սինգապուրի անվանումն արձանագրելով՝ հիշեցի երբեմնի «ժողվարչապետի» այցը այդ քաղաք-պետությունը: Եվ նրա այն խոսքերը, թե Հայաստանը բռնել է նույն ճանապարհը, ինչ նախորդ հիսուն տարում անցել էր այդ երկիրը Լի Քուան Յուի վարչապետությամբ: Համա թե բռնել է՝ խոսք չկա…