Աստվածաբանները դեմ են քրիստոնեական Ս․ Գրքի «սիոնիստամետ ընկալմանը» 

Աստվածաբանները դեմ են քրիստոնեական Ս․ Գրքի «սիոնիստամետ ընկալմանը» 

Աստվածաբանների գլոբալ ֆորումը դեմ է հանդես եկել Պաղեստինի «գաղութացմանը», հայտնում է UCA News-ը։ 30 հայտնի աստվածաբաններից բաղկացած էկումենիկ խումբը, որը ներկայացնում է Աստվածաբանության եւ ազատագրման համաշխարհային ֆորումը կոչ է արել վերջ դնել քրիստոնեական Ս․ Գրքի «սիոնիստամետ տարբերակով ընկալմանը»։

Աստվածաբանական ֆորումն ընթացել է փետրվարի 13-18-ին՝ Կատմանդու քաղաքում։ Ֆորումի ամփոփիչ հայտարարությունում նաեւ ասվում է, որ աշխարհի բոլոր ռեգիոններում տեղի բնիկ ժողովուրդներն իրավունք ունեն արտահայտելու իրենց հավատքն ու կրոնական ծիսակատարությունները, կիրառելով իրենց սոցիալ-մշակութային ավանդույթները։

Աստվածաբանները դատապարտել են քրիստոնեական որոշ Եկեղեցիների կողմից «գաղութացման նկարտումները», համարելով, որ դրանք քայքայում են «տեղաբնիկ ժողովուրդների հոգեւոր ազատությունը»։ Ֆորումի մասնակիցները նաեւ դեմ են արտահայտվել կրոնի եւ քաղաքականության միջեւ «արատավոր կապի» գոյությանը, որը բացում է ճանապարհ, ըստ նրանց, դեպի կրոնական ազգայնականություն։ Իրենց հայտարարությունում աստվածաբանները կոչ են արել հարգել կրոնական եւ մշակութային բազմազանությունը։