Փաշինյանն ազդարարեց ադրբեջանա-հայկական հակամարտության նոր փուլի մասին

Փաշինյանն ազդարարեց ադրբեջանա-հայկական հակամարտության նոր փուլի մասին

Նիկոլ Փաշինյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարեւոր հայտարարություն արեց՝ ասաց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քառակուսի կիլոմետր, որի մեջ մտնում է ոչ միայն Արցախի Հանրապետությունը, այլեւ, այսպես կոչված, անկլավները։ Այս հայտարարությունների ու դրանից բխող վտանգների մասին զրուցել ենք կովկասագետ Կարեն Իգիթյանի հետ։

- Փաշինյանը հայտարարեց, որ այս 86.600 ք/կմ-ի մեջ մտնում են նաեւ, այսպես կոչված, անկլավները։ Այս դեպքում ե՞ւս հանրությունը հակազդեցություն ցույց կտա, թե՞ պարզապես ներկա իշխանությունները լավ են տիրապետում տեխնոլոգիաներին։

- Երկրորդ տարբերակն է, այսինքն՝ Փաշինյանը եւ իր թիմը շատ լավ են օգտագործում մանիպուլյացիոն մեթոդները, իսկ այդ մարդիկ, ովքեր այդ անկլավներում են ապրում, շատ քիչ են, որպեսզի մի բան անեն։ Բացի այդ, շատերին փորձելու են կաշառել՝ շատ ավելի հարմար պայմաններով մեկ այլ տեղում բնակարաններ տրամադրելով․․․ Բայց մենք տեսնում ենք, որ այստեղ շատ ավելի մեծ խնդիր է այն, որ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ, որը երբեւիցե Հայաստանի ոչ մի կառավարություն չի արել։ Ամենամեծ խնդիրն այն է, որ սա պետք է ֆիքսվի արդեն փաստաթղթով, ոչ թե խոսքով, եւ ամենակարեւորն այն է, որ սա ոչ թե հակամարտության ավարտն է, այլ նոր փուլի սկիզբ է։

- Հակամարտությա՞ն նոր փուլի սկիզբ է։

- Միանշանակ։ Պատմության մեջ երբեք չի եղել, որ ռեւանշիստ եւ նացիստ պետությունը, օրինակ, վերցնենք Գերմանիան՝ 1930- ականներին, կամ այսօրվա Ադրբեջանը, բավարարվի մի բանով, ինչը կարողանում է ստանալ սպառնալիքով, ու չգնա ավելի առաջ։ Իսկ Ադրբեջանի նպատակների մասին բազմիցս Ադրբեջանի ղեկավարությունն արտահայտել է՝ դա Երեւանն է։ Այսինքն՝ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստան չլինի։ Եթե հիմա փաստաթղթով կարողանան ֆիքսել, որ արցախյան հարց այլեւս գոյություն չունի, «Լեռնային Ղարաբաղ» եզրույթ, Արցախի ժողովուրդ չկա, ապա երկրորդը լինելու է Զանգեզուրի հարցը, հետո դրվելու է Երեւանի հարցը։ Միանշանակ, Ադրբեջանը փորձելու է այդ պայմանագրի մեջ մի կետ ունենալ, որով որ ադրբեջանցիները պետք է «վերադառնան» Հայաստան, եւ այստեղ մենք ունենալու ենք մի նոր, մեծ հակամարտություն՝ ուժային հակամարտություն։ Լինելու են կոնֆլիկտներ՝ չակերտավոր վերադարձողների հետ, որին արդեն կխառնվեն Ադրբեջանի ուժայինները։

- Ալիեւն այդ մասին հայտարարել է, որ իր ազգակիցների անվտանգությունն ապահովող ուժային կոնտինգենտ պետք է լինի։ Դա ի՞նչ է նշանակում։

- Դա նշանակում է, որ, ինչպես Ալիեւը բազմիցս ասել է, Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են Հայաստանի ամբողջական տարածքը վերցնել իրենց վերահսկողության տակ, որ այստեղ Հայաստան չլինի։ Ու շատ միամիտ են այն մտքերը, որ մարդիկ հույս ունեն, թե ինչ-որ փաստաթուղթ կարող է կասեցնել այս նպատակները, քանի որ որեւէ փաստաթուղթ, որն ամենաբարձր մակարդակով ընդունվել էր ՄԱԿ-ի կողմից, չէր օգնում Ադրբեջանին, երբ որ մեր զորքերը կանգնած էին Հորադիզում կամ Ակնայում, նույնձեւ հիմա մենք տեսնում ենք Ուկրաինայի իրավիճակը, Սիրիայի իրավիճակը։ Փաստաթուղթը ոչ մեկին ոչ մի բանից չի փրկի՝ խաղաղ ապրելու միակ շանսը ռազմական, ուժային, ռազմաքաղաքական բալանսն է։

- Արցախն Ադրբեջանի կազմում ենթադրում է ՀՀ-ի կործանում, սակայն կուզեի անդրադառնալ նաեւ, այսպես կոչված, անկլավներին։ Տավուշի մի շարք գյուղերի հանձնումն ի՞նչ հավելյալ վտանգների առաջ է կանգնեցնում Հայաստանը։

- Բացի այն, որ այդ հանձնումը եւս մեկ անգամ սադրում է Ալիեւին՝ պահանջել ավելին, դա արգելափակում է մեր կոմունիկացիաները։ Երեւանից մինչեւ Սյունիք եւ հետագայում մինչեւ Իրան գնացող ճանապարհն Ադրբեջանը վերցնում է իր վերահսկողության տակ, իսկ Տավուշի անկլավները՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու դեպքում, ապա մենք չենք ունենա ճանապարհ դեպի Վրաստան, որն անցնում է Տավուշով։ Ադրբեջանն ու Փաշինյանի կառավարությունը քիչ-քիչ բերում են նրան, որ Հայաստանը հայտնվի այն նույն իրավիճակում, ինչ որ հիմա Արցախն է։

- Քաղաքական ուժերը կարծես թե պասիվ են՝ տեղի ունեցող իրողություններին հակազդելու համար։ Ո՞րն է փրկությունը։

- Փրկություն, իհարկե, կա, եթե Փաշինյանի կառավարությունն իրականում չուզենար այս ամենը, քանի որ չգիտեն կամ չեն կարողանում՝ պետք է հրաժարական տար, ու նոր կառավարություն ձեւավորվեր, բայց փոխարենը տեսնում ենք, որ իրենք այդ ճանապարհով չեն գնացել եւ չեն գնալու։ Ընդհակառակը՝ ամեն ձեւ պահում են իրենց իշխանությունը։ Պետք է ձեւավորվի նոր իշխանություն, պետք է ներգրավվեն այն մարդիկ, ովքեր ունեն համապատասխան փորձ եւ կկարողանան առաջին հերթին բանակցային ճանապարհով, հետո բանակաշինությունն արագ տեմպերով սկսել, եւ շատ կարեւոր է մեր դիրքերը Հայաստանից դուրս ամրացնելը։ Այսինքն՝ մեր շահակից երկրների հետ մենք պետք է ազնիվ խոսենք, եւ դա ոչ թե պետք է լինի տեսախցիկների առաջ, այլ մենք պետք է իրականում վստահություն ձեռք բերենք նրանց աչքում։Խոսքն Իրանի մասին է, Ռուսաստանի մասին է, այդ երկու երկրները շահակից են մեզ, բայց իրենք, բնականաբար, չեն վստահում այսօրվա Հայաստանի դե ֆակտո կառավարությանը։

- ՀՀ-ում իշխանության փոփոխությունը, այսինքն, կբերի նաեւ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությա՞ն։

- Միանշանակ։ Մենք հասկանում ենք, որ իշխանափոխությունից հետո ահռելի գործ է առաջանում, շատ մեծ գործ պետք է արվի, բայց դա պարտադիր պայման է։ Առանց այդ պայմանի մենք տեսնում ենք, թե ուր ենք գնում։