«Հրապարակ». Իսկական հերոսածին մայրը կալանավայրում է

«Հրապարակ». Իսկական հերոսածին մայրը կալանավայրում է

«Հրապարակի» զրուցակիցն արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկ Գեղամ Խլղաթյանի այրին է` Սաթիկ Խլղաթյանը:

- Զոհված զինվորի մայրը` Գայանե Հակոբյանը, կալանավորված է Աշոտ Փաշինյանին առեւանգելու փորձ կատարելու համար: Դուք ի՞նչ գնահատական կտաք կատարվածին:

- Իմ վերաբերմունքը, բնականաբար, բացասական է: Ասեմ ավելին` անբարոյականության վերջն է սա: Չեմ կարծում, թե հերոսածին մայրը` Գայանեն, ի դեպ, այսօր մենք՝ բոլորս, Գայանե ենք, կարող էր նման քայլերի դիմել ու Աշոտիկ առեւանգել: Աշոտիկն իրենից ոչ մի բան չի ներկայացնում: Մինչ օրս Աշոտիկն անգամ իրենց տանն Աշոտ չի դարձել, էլ ինչի՞ մասին է խոսքը: Նա չի մեծացել, եւ չեմ կարծում, թե կգտնվի մեկը, ով կցանկանա առեւանգել նրան: Ոչ մի նորմալ մարդ չի կարող նորմալ վերաբերվել այդ տղայի արարքին: Նա միտումնավոր գնացել է զոհվածների հարազատների եւ ծնողների մոտ, որպեսզի հրահրի մարդկանց: Գուցե ավելին էին սպասում, որ ծնողները չարեցին, իրենց թույլ չտվեցին անել, Փաշինյաններն իրենց նպատակին չհասան:

- Բայց Գայանե Հակոբյանին մեկ ամսով կալանավորեցին, գուցե Փաշինյանների նպատակներից մեկն էլ հենց սա էր:

- Աշոտ Փաշինյանը միայն Գայանեին թիրախավորելու համար չէ, որ գնացել էր: Իրենց նպատակն առհասարակ «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության բոլոր ծնողներին սադրելն էր: Թե ոնց հայտնվեց Աշոտիկը դատարանի մոտ, առանց իրեն հսկող շների, չեմ հասկանում: Ունենք այն, ինչ ունենք: Ունենք անբարոյական մոտեցում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների հանդեպ: Շատ վատ եմ ինձ զգում այս ամենի համար, նույնիսկ հուզվում եմ, տեղս չեմ գտնում: Ո՞նց կարելի է Գայանեի հետ այսպես վարվել:

- Համացանցում ֆեյքերը, նաեւ որոշ մարդիկ հայհոյում են զոհվածի մորը, դասեր տալիս, անգամ սգալ են սովորեցնում….

- Լավ ասացիք` ինչ-որ մարդիկ: Դրանք մարդիկ են, որոնք ուղղակի մարդիկ են, գաղափարներից ու սկզբունքներից զուրկ, դրանք մարդիկ են, որոնք պարզապես ստամոքսի համար են ապրում: Կարեւորը՝ կուշտ փորով հաց ուտեն ու քնեն․ սրանք են Գայանեին վարկաբեկողները: Նրանք մարդիկ են, որոնք հենց իրենք վարքից զուրկ են, չունեն բարոյական կերպար, չգիտեն, թե ինչ է ազգը, ինչ է հայրենիքը, ինչ է պետությունն ու պետականությունը: Նմաններից ուրիշ ի՞նչ կարող ենք սպասել: Մի զոհվածի այրի կա, որի անունը չեմ տա, նա էլ էր անդրադարձել այս դեպքին, ես նրան լավ եմ ճանաչում ու կասեմ, որ նա իրոք բարոյականությունից զուրկ մի կին է, ով փորձում է Գայանեին պիտակավորել: Շատ վատ եմ զգում, որ ինչ-որ մի թափթփուկ, այդ բառն էլ իրեն շատ է, կարող է նման ձեւով խոսել հերոսածին մոր մասին: Եթե նման քայլերի են դիմում զոհվածների ընտանիքները, ուրիշից ի՞նչ պահանջենք:

- Նիկոլ Փաշինյանը երեկ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իր որդին հերոս է, իսկ կինը` հերոսածին մայր, հետո՞ ինչ, որ չի զոհվել, ասել է, որ նա միայն պատահականությամբ է փրկվել զոհվելուց։

- Նիկոլ Փաշինյանը հստակ գիտի, թե տեսախցիկներից այն կողմ իր որդու եւ կնոջ մասին ինչեր են մարդիկ խոսում: Ո՞նց կարող է Աշոտիկը հերոս լինել: Բոլորս էլ տեսնում ու լսում ենք, թե ինչ խոսակցություններ են պտտվում: Ասում են, որ Աշոտիկի համար մի ամբողջ գունդ է զոհվել: Եթե այս պարագայում Աննան հերոսածին մայր է, ապա սա աշխարհի վերջն է: Իսկական հերոսածին մայրը կալանավայրում է: Ո՞վ է Աննայի հերոսը, Աշոտի՞կը, որի թափթփուկ պահվածքի համար հերոսածին մորն են կալանավորում: Գայանեն այն տեսակը չէ, որ ընկճվի: Ճիշտ է, կատարվածը ցավալի է բոլորիս համար, սակայն նա խիզախ կին է: 90-ականներից սկսած՝ ես զոհվածների ընտանիքների հետ աշխատել եմ, բոլոր նախարարների հետ առնչվել եմ ու չեմ տեսել նման դեպք, երբ զոհվածի մոր հետ այսպես վարվեն: Զոհվածի ծնողը միայն հարգանքի է արժանի եղել: Իրենք որ իրենց «ռամկաներից» դուրս գան, կտեսնեն, թե հերոսներն ովքեր են: Հո ասելով չէ՞, մարդիկ Աշոտիկի «հերոսությունները» տեսել են ու այդ մասին պատմում են:

- Դուք եւս կառավարության շենքի մոտ մասնակցում եք նստացույցին: Ի՞նչ արդյունք կտա նստացույցը` ըստ Ձեզ:

- Այո, ես էլ եմ մասնակցում եւ մենակ չեմ: Ինձ հետ են նաեւ 90-ականներին զոհված հերոսների մայրերն ու այրիները: Մենք Գայանեին սատարելու ենք, որովհետեւ նա մեր` բոլորիս, պաշտպանության ու աջակցության կարիքն ունի: Մենք աշխարհին պետք է ապացուցենք, թե ով է իրական հերոսածին մայրը եւ ինչ դժոխքի միջով է անցնում: Ես պարտավոր եմ լինել Գայանե Հակոբյանի կողքին ու կանգնելու եմ նրա թիկունքին մինչեւ վերջ: