Մեր «հանունը»՝ կորսված

Մեր «հանունը»՝ կորսված

Երբեք այսքան ամայացած չեմ զգացել, ներքնապես այսքան կողոպտված ու թալանված չեմ եղել, ինչքան անցած երկու օրերին։ Երբեք այսպիսի դառնությամբ չեմ նայել գրչին ու համակարգչի ստեղնաշարին, ինչպես անցած երկու օրերին։ Եվ ինչի՞ս է պետք գրիչը, եթե մտածումս ընդդիմանալու է՝ բառ դառնալ, եթե ցավս ընդդիմանալու է՝ խոսք դառնալ, որ գոնե այդպես ազատվեմ ամոթահար իմ  մտածումներից ու ցավից։ 

Նայում եմ նոյեմբերի 10-ին լույս տեսած թերթերն ու դառնությամբ փաստում,  որ դրանք կարծես եկել են ուրիշ մի ժամանակից՝ քո երեկվա մտահոգություններից, մեկ-երկու օր առաջվա քո ակնկալիքներից ու հույսերից, որոնք, սակայն, հիմա այնպես զարմանալի են ու տարաշխարհիկ։ Ժամանակավրեպ ու վիրավորական։ Եվ ամենացավոտը, որ ինձ խոցում է ահարկու դաժանությամբ, նոյեմբերի 10-ին հրապարակված զոհերի մասին տեղեկությունն է։ Այդ սեւ ցուցակը, որը եթե երկու օր առաջ մի կերպ կարելի էր կարմիր ժապավենով ներկայացնել մարդկանց, քանի որ երիտասարդ քո արյունակիցները զոհվել էին հանուն հայրենիքի, հանուն նրա երջանիկ ապագայի, ապա այսօր՝ համազգային նվաստացումի այս օրերին, այդ ցուցակը միմիայն սեւով էր ժապավինված, որովհետեւ ապրողներիս համար այլեւս կորսված էր այդ ցուցակի աներեւույթ խորքը՝  «հանուն»-ը։

Այո, հազարավոր զոհերի համար մենք կորցրինք միակ արդարացումն ու սփոփանքը՝ «հանուն»-ը։ Եվ դիվային մի ուժով արդարացավ երկու տարի առաջ անմեղսունակ մեկի բերանով պատահաբար հնչած խոսքը, որը, պարզվեց, մարգարեական էր՝ նրանք զոհվեցին հանուն ոչնչի։ Եվ իմ առջեւ որբ, անտերունչ զոհերի մի ցուցակ էր ընդամենը, որի համար քիչ է ասել, թե սիրտս մղկտում է։ Սիրտս՝ ինչ, անցնող կյանքս է մղկտում, որ մի գիշերվա մեջ ամայացավ ինքն իրենից, կողոպտվեց ու ոչնչացավ։
Այսքա՞ն էլ զուր ապրել․․․
Եվ ուրեմն՝ ինչպե՞ս գրել ոչնչի մասին։ 
Ինչպե՞ս գրել, եթե ժամանակին չես կարողացել ինչպես հարկն է գրել եւ աղաղակել մեզ դեպի այդ ոչինչը հրող․․․ ոչնչությունների մասին։