Ընդունիր պարտությունդ եւ հեռացիր

Ընդունիր պարտությունդ եւ հեռացիր

Նոր կամ կապիտուլացված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարելի է ասել, լուծեց Ղարաբաղի հարցը: Մեթոդը, որով նա հասավ դրան, բավականին լայն տարածում ունի բժշկության մեջ եւ կոչվում է վիրահատություն: Սա ինքնին ծայրահեղ մեթոդ է, բայց բավականին էֆեկտիվ, որովհետեւ արդյունքը շատ արագ է երեւում: Ասենք՝ ցավում է գլուխը, իսկ դեղերը չեն օգնում: Ի՞նչ անել: Փաշինյանը գնաց ամենակարճ ճանապարհով: Կոնկրետ այս դեպքում նա կտրեց գլուխը, եւ խնդիրն իսկույն լուծվեց: Ոչխարները մի թեթեւ վնասվեցին, բայց՝ ոչինչ, փոխարենը գայլերն են կուշտ եւ մի որոշ ժամանակ չեն անհանգստացնի ոչխարներին:

Ռազմական քաղաքականության մեջ այս մեթոդը, որ կարելի է անվանել անջատում հանուն ցավազրկման, լայն տարածում ունի հետխորհրդային տարածքում եւ կիրառվում է հետխորհրդային թույլ ու ապիկար երկրներում՝ այդ երկրների խայտառակ իշխանությունների կողմից: Մոլդովայի իշխանություններն անդամահատեցին երկրի կեսը, Ուկրաինան խորը կոսմետիկ վիրահատությունների ենթարկվեց՝ կորցնելով Ղրիմն ու Դոնբասը, Վրաստանը որոշեց շառից հեռու՝ պառկել վիրահատության եւ հեռացնել Աբխազիան ու Հարավային Օսիան: Մենք, որ առանձնապես տալու բան էլ չունեինք, բայց որովհետեւ Փաշինյանն անճարակ ու ապաշնորհ էր, զրկվեցինք Արցախից՝ երկրորդ հայկական պետությունից: 30 տարի շարունակ բուժվում էինք, էլ բժիշկ չմնաց, որ չդիմեինք, բայց եկավ Փաշինյանը եւ ասաց՝ այս հարցն այսպես պետք է լուծվի: Ու որպեսզի ավելի համոզիչ լիներ, Պուտինին ու Ալիեւին էլ քավոր բռնեց: Սրանք էլ իրենց հերթին գեղեցիկ ճառեր ասացին Արցախը Հայաստանից հեռացնելու օգուտների մասին, դուխ տվին Նիկոլին ու նշտարի մի հարվածով Արցախը պոկեցին, տարա՛ա՛ա՛ն…

Կանաչ խիյարի պատմությունն այսպիսով վերջացավ: Չկա Արցախ, չկա Արցախի հարց: Էն մի քանի զիզի-բիզի նախադասություններն էլ որ կան երեքի, իսկ իրականում երկուսի՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների խաղաղասիրական հայտարարության մեջ, սեւ սրտի մխիթարանք են ընդամենը եւ ուրիշ ոչինչ: Թե քանի տարի հետո նոր շանս կտրվի մեզ վերադարձնելու կամ ազատագրելու Արցախը, թողնվեց ժամանակի հայեցողությանը, որի դեմ անզոր են անգամ աշխարհի հզորները:

Եվ ուրեմն արձանագրենք՝ նոր Հայաստանը կապիտուլացվեց եւ զրկվեց Արցախի հարցով որեւէ պահանջ ներկայացնելու իրավունքից: Խնդրում եմ ավելորդ տեղը չճղճղալ, չհայտարարել, որ ազատագրված տարածքները տալով՝ փրկել ենք Արցախը եւ այլն, եւ այլն: Մենք Արցախը հանձնել ենք ուրիշի ողորմությանը եւ այլեւս նրա անվտանգության երաշխավորը չենք: Վերջակետ: Այս պահին գոնե մենք Ադրբեջանի կապիտուլացված հարեւանն ենք, եւ, կարծում եմ, ստիպված ենք լինելու հաշտվել այդ մտքի հետ դեռ երկար ժամանակ: Իսկ թե Ռուսաստանի ինչն ենք, թող դա էլ Հայաստանի իշխող սորոսական թափթփուկն ասի, որ այս ամենի առանցքային պատասխանատուն է:

Ժողովրդական խոսքն ասում է՝ չկա չարիք, առանց բարիք: Կարծիք կա, որ հետխորհրդային որոշ երկրներ վիրահատություններից հետո սկսել են ավելի երջանիկ ապրել: Խնդրեմ, մեր հարեւան Վրաստանը: Այնտեղ ընտրությունից ընտրություն մի թեթեւ ղալմաղալ է ընկնում եւ վերջ: Մնացած ժամանակ վրացիները դինջ լռված են տրանզիտի բերած եկամուտների վրա ու մի բան էլ գոհ են այդ վիճակից: ՆԱՏՕ-ն էլ հովանոցը բացել է իրենց վրա՝ էլ ի՞նչ է պետք վրացուն ողջ կյանքում երջանիկ լինելու համար: Մի Նիկոլ էլ նրանք ունեին՝ Սահակաշվիլի ազգանունով:

Վրաստանի վիրահատություններից հետո նա երկար չձգեց, փախավ երկրից, երբ պարզվեց, որ ոչ միայն տարածքներ է տվել, այլեւ հակակոռուպցիոն պայքարն է տապալել ու ինքն էլ խրվել է կոռուպցիայի մեջ: Վրացիները չներեցին նրան, բայց նրա հեռանալուց հետո, ինչպես ասացի, սկսեցին լավ ապրել:

Մենք, սակայն, մի իրավիճակում ենք, որտեղ չարիքի հետ բարիք չի էլ նշմարվում: Մեր վիրահատությունը նոր է տեղի ունեցել, իսկ հայկական Սահակաշվիլին՝ Նիկոլը, բացարձակապես մտադիր չէ ընդունել, որ Արցախը Հայաստանից անջատել են իր եւ իր կառավարության մեղքով: Այստեղ կուզենայի Փաշինյանին հիշեցնել Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտնի խոսքը՝ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին, իսկ պատերազմները, որպես կանոն, վարում է կառավարությունը: Հիմա ի՞նչ տարբերություն, թե ով է պատերազմ հայտարարել՝ կորոնավիրո՞ւսը, թե՞ Ադրբեջանը: Հետեւաբար, հարգելի կառավարություն, դու շատ վատ ես վարել այս պատերազմը եւ մեղավորն էլ դու ես, ոչ թե շարքային Պողոսը: Պարոն Փաշինյան, եկել, մուննաթ ես գալիս, մեղավորներ ես փնտրում, նախկինների  ու կիսանախկինների մասին հեքիաթներ ես պատմում, հաթաթա տալիս… Էս սպառնըմ ե՛ս: Թե՞ քո ահից ես գոռում: Ալիեւն այնքան հպարտ չէ իր հաղթանակով, որքան դու քո կապիտուլյացիայով: Սա ի՞նչ պահվածք է: Չփորձես հերքել, որ քեզ Հայաստանում իշխանության բերեցին հենց այս նպատակով՝ որ տարածքները տաս ու թռնես: Տվել ես, հիմա էլ թռնելու ժամանակն է, ինչո՞ւ ես ոտքդ կախ գցում, դավաճանի պիտակ կպցնում վշտից ու պարտության ցավից կծկված գեներալներիդ, բա չե՞ս մտածում, որ այդ մարդկանց են նայում նրանց հրամանատարության տակ կռված զինվորներն ու սպաները, որ այդ գեներալների կերտած հաղթանակների ոգին էր այս ահեղ պատերազմում 19-20 տարեկան տղաներին 45 օր շարունակ հերոսությունների մղում: Ո՞ւմ կենացը պետք է խմեինք սեղանների շուրջ, եթե ոչ մեր բանակի, մեր նահատակների, մեր հերոսների, որոնք Արցախը բերեցին տուն: Չլինի՞ քո կենացը պետք է խմեինք, որ ոչինչ չես արել հաղթական պատերազմներում, բացի այդ բանակը փնովելն ու նրա հաղթանակները նսեմացնելը: Քո թավշյա խեղկատակության մասին է, կարծեմ, ասվել, որ դա ավելի կարեւոր է, քան Արցախյան առաջին պատերազմը:

Թե բա՝ օլիգարխներն Արցախը թողել են, Երեւանում ընդդիմադիր դարձած՝ իմ հրաժարականն են պահանջում: Այ քեզ հաջողություն… Նրանցից ամեն մեկը քո երկու քաշով մեկ փող է ծախսել Արցախի համար, դո՞ւ ինչ ես արել: Չլինի՞ Արծրունի նկարած ԱԹՍ-ները դու ես խփել, քո ժանգոտած զենքերով, որոնց ծագումն էլ դեռ մի կարգին հայտնի չէ: 2,5 տարի… Քիչ ժամանակ չէ, բարեկամս, մի լավ ռեւիզիա անելու համար, որպեսզի հասկանանք, թե որտեղ է իրար խառնվել պետական ու սեփական բուրդը: Մարդը խոտակեր չէ եւ հասկանում է, թե ինչպես կարող էին չլուտ-չաթլախներն այդ ընթացքում մի քանի հարյուր հազար դոլարանոց ավտո քշել ու տներ առնել Երեւանում: Եղունգ ունես՝ գլուխդ քորիր, սա էլ է պարզվելու:

Իսկ հիմա՝ առանց էմոցիաների: Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հեռանա: Նա պարտված ղեկավար է եւ ոչ մի արդարացում չունի, որովհետեւ երկիրն այդ պարտությանն է տարել կանխամտածված: Գեներալները կլռեն մեկ օր, երկու օր, բայց չեն լռի այնքան, մինչեւ Փաշինյանի օրերը լրանան: Որքան երկարի Փաշինյանի կառավարության կյանքը, այնքան երկարելու է նաեւ պարտության այս անտանելի զգացումը: Գնա անցնցում: Չե՞ս կարող՝ գնա ցնցումներով եւ արյունով, միայն թե թույլ մի տուր, որ պարտվի ժողովուրդը՝ քո ժողովուրդը: Ընդունիր, որ պարտվել ես դու, եւ հեռացիր: