Մենք կառավարությունը կշրջափակենք այնպես, ինչպես իրենք՝ Արցախի մեր քաղաքացիներին

Մենք կառավարությունը կշրջափակենք այնպես, ինչպես իրենք՝ Արցախի մեր քաղաքացիներին

Էդգար Ղազարյանը վարչական դատարանում շահել է դատը եւ հունվարի 28-ին՝ բանակի օրը, հանրահավաքը կանցկացնի Հանրապետության հրապարակում։ Երեւանի քաղաքապետարանը սահմանափակումներ էր կիրառել եւ հանրահավաքի վայր նշանակել Երեւանի 2750-ամյակի այգին, վարչական դատարանը բավարարել է Ղազարյանի հայցը, ինչպես արել էր օգոստոսի 23-ի հանրահավաքից առաջ։

- Ինչո՞ւ են Ձեզ փորձում հեռու պահել Հանրապետության հրապարակից։

- Իմ կարծիքով, դա վախի զգացողությամբ է պայմանավորված, որովհետեւ հրապարակն իրենց ամենազգայուն տեղն է, քանի որ այնտեղ տեղակայված է կառավարության շենքը։ Ես դատարանում էլ այդ փաստը ներկայացրի, որ քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել Ազատության հրապարակում հավաքն ու Կենտրոնում երթը, բայց սահմանափակումներ են առաջարկել մեր հանրահավաքի ու երթի նկատմամբ։ Ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի․ վարչական դատարանի այս 2 որոշումները, որոնք, ի դեպ, բողոքարկման ենթակա չեն, քանի որ 3 դատավորի կազմով է քննարկվել, եւ այդ որոշումների շահառուներն են ՀՀ բոլոր քաղաքացիները, ովքեր կուզեն հավաք անցկացնել Հանրապետության հրապարակում, Հանրապետության հրապարակի ցանկացած հատված այսուհետեւ հասանելի է ՀՀ ցանկացած քաղաքացու, ոստիկանությունն ու Երեւանի քաղաքապետարանն այլեւս չեն որոշում, թե Հանրապետության հրապարակի որ մասում պիտի լինի հանրահավաքը, երթն էլ փողոցներո՞վ պիտի լինի, թե՞ մայթերով պիտի լինի։ Դատարանը բոլորիս համար որոշել է արդեն, ես հայցվոր կողմն եմ, բայց դատարանի այս որոշման շահառուն Հայաստանի բոլոր քաղաքացիներն են, եւ ես ուրախ եմ, որ դեր եմ ունեցել ցանկացած քաղաքացու իրավունքի պաշտպանության գործում։ Ակնհայտ է նաեւ մի բան, որ Երեւանի քաղաքապետարանն իր որոշման հիմքում դնում է միայն ոստիկանության կողմից ստացված տեղեկությունը, այսինքն՝ ոստիկանությունն իրենցից ինչ պահանջում է, իրենք դա են անում։ Նախորդ անգամ էլ էր ոստիկանությունն առաջարկել, որ Շահումյանի հրապարակում անցկացվի, ինչպես առաջարկել էին, այդպես էլ քաղաքապետարանը տվել էր ծանուցումը։ Այս անգամ էլ ոստիկանությունն էր առաջարկել սահմանափակումներ, որոշման մեջ գրել են, որ ոստիկանության առաջարկած սահմանափակումներով․․․։ Պատկերացնո՞ւմ եք՝ օրենքը սահմանում է, որ քաղաքապետարանն այդ որոշումը պիտի կայացնի, բայց գործնականում ստացվում է, որ այդ որոշումը կայացնում է ոստիկանությունը, որը, բացի այն, որ իրավունք չունի որոշման կայացմանը մասնակցել, իր խնդիրը միայն մեր անվտանգությունն ու հասարակական կարգի պահպանությունն է, ինչը, ի դեպ, անում են շատ ցածր մակարդակով․ նախորդ հանրահավաքը դրա վկայությունն էր։

- Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված այդ օրը, հանրահավաքն ի՞նչ սցենարով է ընթանալու։

- Մենք հիմա կազմակերպիչներ ենք փնտրում, ես, ճիշտն ասած, ֆինանսական միջոցներ չունեմ՝ պատշաճ բեմ, ձայնային տեխնիկա այնտեղ տեղակայելու եւ այլնի համար, բայց պետք է հիշել, որ հունվարի 28-ը՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքով, պետական տոն է, որն այս իշխանության ժամանակ երբեւէ հավուր պատշաճի չի նշվել։ Նույնիսկ 2019 թվականին բանակի օրվա առթիվ հանդիսավոր նիստ չի անցկացվել, «Դվին մյուզիք հոլում» կազմակերպվել է ֆուրշետ։ 2020 թվականին՝ պատերազմից առաջ, մարզերում են միջոցառումներ անցկացվել, համապետական մակարդակում որեւէ հիշատակում չի արվել։ 2021 թվականին չեն նշել, որովհետեւ հետպատերազմյան ժամանակաշրջան էր, քիչ ժամանակ էր անցել։ 2022-ին հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը 5 օրով վարակվեց կորոնավիրուսով, այսինքն՝ ամբողջ աշխարհը կորոնավիրուսից լավանում էր 14 օրում, սրանց ընտանիքում՝ 5 օրում, եւ իր ու Սուրեն Պապիկյանի հիվանդանալու 5 օրը համընկավ բանակի 30-ամյա հոբելյանի հետ, եւ այնքան հիվանդ են եղել, որ նույնիսկ ուղերձներ չեն հղել բանակի օրվա առիթով, որեւէ զինվորականի չեն պարգեւատրել։ Ընդ որում՝ հայտարարեցին, որ միջոցառումը ոչ թե չեղարկվում է, այլ հետաձգվում է, այդպես էլ տարին ավարտվեց, ու բանակի 30-ամյակը չնշեցին։ Այս իշխանությունները բանակի նկատմամբ հատուկ բացասական վերաբերմունք ունեն, բանակը տանում են պարտության, բանակը տանում են կործանման, հետպատերազմյան շրջանում վարկաբեկում են զինվորականներին քրեական գործերով, մեղադրանքներ են առաջադրում դավաճանության համար, տասնյակ գործերով՝ մեծ մասը չհիմնավորելով, բանակի զինվորներին պահում են խայտառակ վատ պայմաններում, որի ականատեսը եղանք վերջերս՝ ողբերգությունից հետո, եւ պարզ է, չէ՞, որ դա միակ դեպքը չէ, որ զինվորներն այդ պայմաններում են ապրում։ Բանակը մեր ժողովրդի հարստությունն է, բանակը մեր ժողովրդի պաշտպանն է, եւ մենք՝ մեր ժողովրդով, անկախ իշխանության ղեկին հայտնված մարդկանց կարծիքից, կամքից, իրավունք ունենք գնահատելու, մեծարելու, փառաբանելու մեր իսկապես փառավոր բանակը, որը եւ հաղթանակներ է տոնել մինչեւ 2020 թվականը, իսկ 2020 թվականի պատերազմի ժամանակ էլ արժանի դիմադրություն է ցույց տվել թշնամուն։ Մեր պարտության պատճառը բանակը չէ, մեր պարտության պատճառը քաղաքական ղեկավարությունն է, որը չկարողացավ պետության ռեսուրսները կենտրոնացնել, ղեկավարել զինված ուժերը։ Մեր բանակը կարող էր հաղթանակ տոնել այդ պատերազմում, պարտությունը սրանց մեղքով է եղել, եւ մենք, որպես ժողովուրդ, նպատակ ունենք համախմբվելու մեր բանակի շուրջը, գնահատել, մեծարել, փառաբանել մեր զինվորներին, կենդանի լեգենդներին, որոնք ապրում են մեր կողքին, 44-օրյա պատերազմի մասնակից կենդանի լեգենդներին եւ ոչ թե սգո, այլ երախտիքի երթով նաեւ փառաբանել մեր ժողովրդի այն զավակներին, ովքեր դեր են ունեցել բանակի կազմավորման գործում, իրենց կյանքն են տվել հայրենիքի պաշտպանության համար։

- Քաղաքացիներին արդեն իրազեկե՞լ եք, հրավիրե՞լ եք հանրահավաքին։

- Ես, ճիշտն ասած, սպասում էի դատարանի որոշմանը՝ ավելի ազատ գործելու համար, այսօր հանդես կգամ ուղերձով, կդիմեմ ժողովրդին, քաղաքական ուժերին, որ եթե հնարավորություն ունի որեւէ մեկը նյութապես աջակցելու մեզ բեմի տեղադրման, կահավորման հարցում, սիրով կընդունենք։ Ընդ որում, պարտադիր չէ, որ դա անեն ուղիղ, այսինքն՝ պետք չէ, որ որեւէ մեկն ինձ փող տա, եթե որեւէ մեկը կարող է այնտեղ նորմալ բեմ, բարձրախոս ապահովել․․․, օրինակ, օգոստոսի 23-ի հավաքն ունեցել է այդ թերությունը, մեր համեստ միջոցները թույլ չտվեցին լավ տեխնիկա ունենալ, եւ հանրահավաքի շատ մասնակիցներ դժգոհում էին, որ ձայնը լսելի չէր շատերին։ Հիմա, եթե հնարավոր լինի նման աջակցություն, մենք սիրով կընդունենք, կարծում եմ՝ դրա համար շատ ժամանակ էլ պետք չէ, ընդամենը մի քանի ժամ։ Ասեմ, որ հավաքն ունենալու է նաեւ քաղաքական պահանջներ, այսինքն՝ տոնական իր խորհրդից, բանակը գնահատելուց, մեծարելուց բացի, մենք նաեւ պահանջ ունենք այս երկրի քաղաքական իշխանություններից, եւ եթե մեզ հաջողվի կոնսոլիդացնել հանրային որոշակի ռեսուրս, մեր գործողությունները կլինեն շարունակական, եւ մենք կառավարությանը կպահենք այն վիճակում, ինչ վիճակում որ նրանք պահում են մեր քաղաքացիներին Արցախում․ կշրջափակենք կառավարությունը եւ նրանց ազատություն կտանք միայն այն ժամանակ, երբ կա՛մ իրենք հրաժարական կտան ու կհեռանան, կա՛մ ազատութուն կտան Արցախի մեր քաղաքացիներին։ Այսինքն՝ այս պայքարը կարող է ունենալ տրամաբանական շարունակական զարգացումներ՝ պայմանավորված հանրային պահանջով։ Ես՝ որպես գործիչ, պատրաստ եմ անձնվիրաբար լինել այդ պայքարի առաջամարտիկների շարքերում՝ գործընթացը, նախաձեռնությունն իրագործելու համար։ Դա կարող է լինել նաեւ ցանկացած մեկի նախաձեռնությունը, ես ինձ այդ հավաքին մասնակցող որեւէ մեկից չեմ տարբերում։ Իմ կարգավիճակային տարբերությունը միայն նրանում է, որ ես եմ պաշտոնապես հայտը տվել քաղաքապետարան, ես գնացել եմ դատարան իմ իրավունքների պաշտպանության համար, բայց յուրաքանչյուր մեկն ունի նույնքան իրավունքներ, որքան ես։ Էլ չեմ ասում, որ շարքերում կլինեն մարդիկ, որոնք բանակի կազմավորման ու կայացման գործում ունեն շատ ավելի մեծ վաստակ ու արժանիքներ, քան իմը կարող է լինել։