Պետք չի բոլորին մի սանրով սանրել՝ այսինչական-այնինչականները ինձ հետ նույն դիրքում են եղել, նրանցից ոմանք զոհվել են

Պետք չի բոլորին մի սանրով սանրել՝ այսինչական-այնինչականները ինձ հետ նույն դիրքում են եղել, նրանցից ոմանք զոհվել են

Արցախի Բերձորի միջանցքը ապաշրջափակելու ու դրա պատճառով սովի մատնված արցախցիներին օգնության հասնելուն ուղղված ցույց էր կազմակերպվել։ Որոշ հաշվարկներով ցույցին մասնակցել է մի քանի հազար մարդ։ «Հրապարակը» զրուցել է ցույցի կազմակերպիչներից Սերոբ Նալթակյանի հետ։

-Երեկվա ցույցին Արթուր Դավթյանի ներկայությունը բազմաթիվ հարցեր առաջացրեց մարդկանց մոտ։ Ինչպե՞ս եք վերաբերվում  Դավթյանի ու մի շարք այլ նախկին պաշտոնյաների ներկայությանը ցույցին։

-Ճիշտն ասած, մեզ մոտ էլ հարցեր է առաջացրել շատ շատերի չմիանալն ակցիային ու տարբեր որակումներ տալով չմիանալը ակցիային։ Ինչ-որ Արայիկ Հարությունյանի կողմնակիցներ, չգիտեմ էլ ում կողմնակիցներ, եկել ենք մի իրավիճակի ենք հասել, շատ կոպիտ է հնչելու՝ մեր եկեղեցականները չգիտեմ ինձ կհասկանան, թե չէ, բայց եթե սատանան գա այսօր ու ասի այս հարցը կարողանում եմ լուծել կամ աջակցել կամ մեղմացնել՝ ես իր աջակցությունը՝ անձնապես իմ մասին է խոսքը իհարկե, հնարավոր է, որ այդ հուսահատությանը հասած լինեմ ու ընդունենք այդ օգնությունը։ Իսկ թե Արթուր Դավթյանն է միացել կամ ներկա եղել՝ չգիտեմ միանալու հայտարարություն արել է, թե չէ, բայց համենայնդեպս ներկա է եղել, այլ գործիչներ՝ պետական, քաղաքական, հանրային, մենք միայն կարող ենք ողջունել։ Որովհետև մենք մեր պահանջները, մեր անելիքներն ու նպատակները հստակ ենք դրել։ Դեռևս շտաբի հայտարարության ֆորմատով մենք կոչ ենք արել նաև բոլոր քաղաքական ուժերին միանալ այս ակցիային, այս շարժմանը՝ մենք տարբերակում չենք դնում գույների, նախկինների, ներկաների։

-Շատերը դժգոհում էին, որ շարժման կազմակերիչների ցանկում կան նաև Արայիկ Հարությունյանի մերձավորներ։

-Հիմա ի՞նչ եք կարծում Արայիկ Հարությունյանը պատասխանատվություն ունի այս իրավիճակում , թե չէ։ Հիմա ինքը պե՞տք է շահագրգռված լինի,  որ այս հարցը ինչ-որ դրական լուծում ստանա, մեղմանա ժողովրդի այդ հոգսը, ծանր կենցաղային վիճակը։ Ո՞վ է ուրիշ կուսակցությունից, իշխանությունից, ընդդիմությունից եկել նման ակցիա նախաձեռնել, որ օրինակ մերժում է ստացել այս հանրության, այս ժողովրդի կողմից։

-Քննադատողները Արայիկ Հարությունյանին և Նիկոլ Փաշինյանին տեսնում են նույն գծի մեջ ու քանի որ Փաշինյանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում՝ հարցադրումն այդ բովանդակությամբ է դրվում։

-Ես չեմ կարող այդ քաղաքական մասով հարցերին պատասխանել, բայց երբ որ մենք հայտարարություն ու պահանջ ենք ներկայացրել նույն ՀՀ կառավարությանը, այսինքն Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այնտեղ հստակ նշվում է, որ պահանջում ենք, որ չճանաչեն Արցախը Ադրբեջանի կազմում և այլ պահանջներ ևս։ ՈՒ եթե անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարությունից, կամ իր ընտրողներից ու իր կողմնակիցներից մարդիկ կան, որ կմիանան այս մեր պահանջներին՝ մենք, կարծում եմ, բարոյական իրավունք առնվազն չունենք մերժելու այդ մարդկանց միանալը։ Եթե կմիանան՝ թող գան միանան, որովհետև մենք հասել ենք օրհասական պահի՝ բոլորն էլ նախկինում վատ բան են արել՝ անխտիր բոլորը՝ ինձ համար տարբերություն չկա։ Ես երբեք ոչ մի իշխանության կողմնակից չեմ եղել, ոչ մի իշխանության մաս չեմ կազմել։ Նույն Արայիկ Հարությունյանին դեմ եմ եղել իր կուսակցության կողմից առաջադրված թեկնածուի դեմ իմ թեկնածությունն եմ դրել՝ Քարվաճառում քաղաքապետի ընտրություններում ակտիվ պայքարել եմ, ինձ մեղադրել արայիկհարությունյանական լինելու մեջ՝ առնվազն ծիծաղելի է։

-Հիմնական մտավախությունն այն է, որ կարող են Արայիկ Հարությունյանի կողմնակիցներն ամբողջովին իրենց վերահսկման տակ վերցնել ու շարժումը մարելուն տանել։

-Մեզ մարդիկ են մեղադրում, ովքեր այս երեք տարի է ցույցեր են կազմակերպել տարբեր ձևի ու տարբեր բովանդակության ու դրանց եթե ոչ բոլորին, ապա մեծ մասին ես անձնապես ու այնտեղ հավաքվածների մեծ մասը հավատացել է, գնացել ու մասնակցել է։ Անձամբ ես ու հավաքվածների մեծ մասը։ Հիմա, երբ որ մարդիկ մեղադրում են մեզ ու կարծես թե ասում են, տեսեք՝ մեր նման չանեք։ Մենք չգիտենք վերջում ինչ կլինի՝ մենք օրհասական վիճակի մեջ ենք, ումից ինչ արձագանք կլինի։ Կարող է Ադրբեջանը տեսնի, որ ակցիաները մեծանում են՝ մի հատ սադրանք հրահրի, պատերազմ սկսի՝ չգիտենք ինչ կլինի։ Մենք այս պահին օրհասական իրավիճակում ենք ու շարժվում ենք ըստ սիտուացիայի։ Բայց դա չի նշանակում, որ մենք պիտի աննպատակ ինչ-որ քայլեր անենք։ Երեկ տարածվեց սոց․ցանցերում՝ գնանք Բաղրամյան 26։ Գնանք Բաղրամյան 26 ի՞նչ անենք, ինչ օրակարգով։ Մենք մեր պահանջը հնչեցնում ենք, թե մենք դա կհնչեցնենք Օպերայից, թե Բաղրամյան 26-ից, տարբերություն կա՞, եթե գնանք պահնորդների մոտ ինչ-որ բան գոռանք, ինչ-որ բա՞ն կփոխվի։

-Շատերի քննադատություններում նաև այդ տեսակետն էր քննարկվում, որ եթե մեղավորների անունները չեն հնչեցվելու, ապա ո՞րն է ցույցի իմաստը՝ Արցախի շրջափակման մասին հանրությանը իրազեկե՞լը։ 

-Մենք մեր առաջին գերխնդիրը դրել ենք միջանցքի բացումը, երկրորդը, որ Հայաստանի իշխանությունները վերջ տան Ադրբեջանի ջրաղացին ջուր լցնելը՝ ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազմում, որպեսզի Ադրբեջանի ձեռքերն այդքան ազատ չլինեն։ Հիմա, եթե դրա տրամաբանական շարունակությունը այսպես ասած իշխանությունների դեմ դուրս գալն է, այսինքն իշխանափոխության ուղիղ իմաստով՝ ես չգիտեմ՝ դա կլինի վաղը կամ ինչ կլինի՝ դա արդեն թեքվում է քաղաքական կողմ։ Ես օրինակ, այս պահին չունեմ այն քաղաքական ղեկավարի պատկերը, անձը, որ մտածեմ ինքը կգա այս գործին տեր կկանգնի։ Որովհետև ես քանի անգամ գնացել եմ տասնյակ հազարավոր մարդկանց ցույցի ու վերջում այդ քաղաքական ղեկավարը ճիշտ քայլեր չի արել, որ այդ արդյունքը ստացած լիներ։

-Այսինքն, դա բավարար բացատրություն է՝ թույլ տալու համար ներկաներին՝ շարունակել կործանել հայկական երկու պետություննե՞րը։

-Ըստ Ձեզ՝ հիմա մենք մեր գործունեությամբ թույլ ենք տալիս, որ շարունակե՞ն կործանումը, ընդհակառակը, մենք աշխատում ենք կոնսոլիդացա ապահովել։ Կոնկրետ արդեն առարկայական, կոնկրետ հարցերի շուրջ։ Ես վստահ եմ, ես հույս ունեմ, որ մարդիկ, ովքեր 2021 թվականին, գոնե 2018 թվականից հետո կողմ են եղել իշխանության կուրսին, գուցե ինչ-որ այլ պատճառներով գնացել ընտրել են այդ մարդկանց, հիմա գալու են մեր կողքը կանգնեն՝ մեր արդար պահանջին միանան։ Եթե կտեսնեն, որ իրենց ընտրած իշխանությունը չի լսում իրենց ընտրողի ձայնը, ոչ թե իմ, որ չեմ մասնակցել այդ ընտրություններին՝ միգուցե միանան մեր հաջորդ պահանջին էլ։ Բայց ելնել, նախկիներ, ներկաներ, սևեր-սպիտակներ անելը հիմա մեզ ամենաքիչն է պետք՝ իմ կարծիքով։ Ու թող տպավորություն չստեղծվի, որ ես լոյալ եմ իշխանությունների հանդեպ, ոչ ես լոյալ չեմ այս իշխանությունների հանդեպ, բայց կոնկրետ ակցիան ունի իր տրամաբանությունը։ Ես կարող եմ շատ ավելի վատ, ագրեսիվ մտքեր ունենալ, բայց պիտի կարողանանք դա զսպել ու փորձել հասնել մեր նպատակին՝ բոլոր ճանապարհներով, մարդկանց համոզելով, բացատրելով ու այդ մարդկանց մեծամասնությունը այս իշխանությանը ընտրողներն են։ 

-Մարդիկ արդեն հյուծվածության հետևանքով գիտակցություն են կորցնում։

-ժամանակի սղությունը չի նշանակում գլուխը կորցրած քայլեր անել։ Եթե պիտի ուղղակի քայլեր անենք, որ վաղը ասենք՝ վռազ էինք, արեցինք, ես ինքս նման բան չէի անի։

-Արցախի գերագույն գլխավոր հրամանատար Արայիկ Հարությունյանը նստացույց է անում, իսկ ԱԺ նախագահ Թովմասյանն էլ ասում է, որ հազարամյակներով ադրբեջանցիների կողքին ենք ապրել։ Ու շատերը տեսել են, որ երեկվա ակցիային Հարությունյանին շատ մտերիմ մարդիկ են եղել։

-Այդ մարդկանց մտերիմները մեր բոլորի ընտանիքի անդամներն են, մենք նորից ուզում ենք բաժանել խմբերի՝ արայիկհարությունյանականներ և այլն։

-Շահերի բախում կա առնվազն։

-Այդ մարդկանց, ովքեր ակցիայի կազմակերպիչներ են, այդ մարդկանց բոլորին անձնապես կամ ճանաչում ենք, կամ ծանոթացել ենք, ես չեմ ասում, որ ես վստահ եմ բոլորի անկեղծության մեջ, բայց այդ կասկածներով սկսել ոչինչ չանել, նույն այդ ձևով ես կարող եմ կասկածել Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների վրա, Սերժ Սարգսյանի աջակիցների վրա, բոլորի վրա ու այպդես ասել, չէ, ես կասկածում եմ իրենց՝ եկեք չմիավորվենք՝ դա ոչ մի տեղ չտանող ճանապարհ է։ Ես ուրիշ ճանապարհ եմ առաջարկում, ասում եմ, ովքեր ադեկվատ մտքեր ունեն , հավաքվեք, բերեք աջակցեք այս ակցիային։ Եթե կտեսնենք, որ փոխվում են մեր օրակարգը, եթե տեսնենք, որ փորձում են շեղել օրակարգը ու եթե իմ նման մտածողները շատ կլինեն՝ իրենք կկարողանան դիմացս ամեն խոսք էլ ասել։ Իսկ եթե ամեն մեկս ասենք՝ էնտեղ քոչարյանենք են անում, այնտեղ սարգսյանենք են անում, դա նույն մեր թշնամու երգն է՝ մենք էլ այդ երգի տակ պարում ենք։ Իրենք դրանով ուրախանում են, որ մենք՝ երեք հոգի մի հարցի շուրջ չենք կարողանում նստել, իրար հետ պայմանավորվել։ Եթե մենք ընդամենը միջանցքը բացվելու շուրջ չենք կարողանում համաձայնության գալ իրար՝ կապ չունի, Քոչարյանն ու Սարգսյանը կարող են իրար չսիրել, կարող են ընդհանրապես չմասնակցել այդ հավաքին, կարող են հայտարարություն չանել, բայց ամեն մարդ ունի իր սեփական կարծիքը։ Մի փորձեք ճնշել այդ կարծիքները ու դնել մի հոգու անվան տակ։ Մեկը կարող է իր խմբակցության, կուսակցության ներսում լիքը բաների հետ համաձայն չլինել, իր ներսում պահել, բայց իր անհամաձայնությունը ներքին պայքարով տանի, որ իր ասած ճիշտը անցնի։ Միգուցե ինչ-որ հաջողությունների հասել է, միգուցե մի քիչ փոխել է այդ միջավայրի կարծիքը դեպի այն ճիշտը, որ ինքն է հասկանում և այլն։ Այդ մարդիկ էլ իրենց ներսում են պայքարում, դնել մի սանրով սանրել՝ այդ ինչականներն էլ, մյուսականներն էլ ինձ հետ նույն պոստում են եղել, նրանցից ոմանք զոհվել են՝ պետք չի բոլորին մի սանրով սանրել՝ հիմա մեզ պետք է ուղղակի փորձել ընդհանուր եզրեր գտնել։ Միգուցե բերենք մի հարթակ և հետագայում իրար հետ պայմանավորվելով հասնենք հարցի լուծմանը։