Փաշինյանի սխալների պատճառով ՌԴ-ն ու Թուրքիան հասան հաջողության

Փաշինյանի սխալների պատճառով ՌԴ-ն ու Թուրքիան հասան հաջողության

Հարցազրույց ռուսաստանցի քաղաքագետ, հրապարակախոս Վադիմ Դուբնովի հետ

- ՌԴ-ն մարդասիրական օգնություն է հատկացնում Արցախին, աջակցում է ձմեռմանը։ Սա նշանակո՞ւմ է, որ Արցախը վերջնականապես անցնում է, այսպես կոչված, ռուսական մանդատի տակ։

- «Ռուսական մանդատ» բառակապակցությունը գուցե մի քիչ հաջող բառ չէ, այս պարագայում ոչ դրա ուղիղ իմաստով կիրառելի։ Իհարկե, նման մանդատ չի լինի, բայց կլինի․․․ ինչ ասեմ՝ ռուսական կայազո՞ր։ Այսպես ասեմ՝ ՌԴ զինված ուժերի պատասխանատվության գոտի։

- Իսկ Լաչինի միջանցքի 5 կմ-ոց՝ Հայաստանն Արցախին կապող ճանապարհը նորմալ գործելո՞ւ է։ 

- Կարծում եմ՝ կլինի անկլավ։ Այնպես չէ, որ դա դասական իմաստով ճանապարհ է։ Դա այն ճանապարհը չի լինելու, ինչպիսին էր 30 տարիներին։ Բայց որպես Հայաստանի ու Արցախի միջեւ կապի միջոց՝ կգործի։ 

- ՌԴ-ն ռուսական անձնագրե՞ր է տալու արցախցիներին։

- Կարծում եմ՝ արդեն իսկ արցախցիների բավականաչափ ստվար զանգված ունի ՌԴ անձնագրեր, ինչպես նաեւ՝ ՀՀ քաղաքացիների մի ստվար հատված։

-Նախօրեին Արցախի վերահսկողության տակ գտնվող Վազգենաշեն գյուղը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանցիներին։

- Դժվար է ասել կոնկրետ գյուղերի մասին։ Կարծում եմ՝ 2 բացատրություն կարող է լինել։ Նախ․ նոյեմբերի 10-ի համաձայնությունը բնույթով շրջանակային է, առանց կոնկրետության։ Հիշում եք՝ 94-ին, երբ ավարտվեց պատերազմը, կրկին նման բաներ լինում էին։ Ինչ-որ հատվածներ մնում էին, որոշը՝ փոխանցվում, մարտավարական ինչ-ինչ այսրոպեական խնդիրներից ելնելով։ Սահմանների ինչ-որ սրբագրումներ էին լինում։ Այնպես որ, ըստ իս, սա ինչ-որ տեղային պայմանավորվածությունների արդյունք է։ Բացի այդ, հնարավոր եմ համարում առավել մեծամասշտաբ ու լուրջ պայմանավորվածություններ։ Օրինակ, իմ կարծիքով՝ Շուշիի շուրջ ողջ լոգիստիկան կարող է Ադրբեջանին ստիպել բանակցել Շուշիի մոտ գտնվող ու Հադրութի շրջանների հնարավոր փոխանակումների շուրջ, որովհետեւ Բաքվին հիմա այնքան էլ հասկանալի չէ, թե ինչ պետք է անի Հադրութի հետ։ Հնարավոր է լինեն առաջարկներ, որ Հադրութի շրջանից ինչ-որ բաներ զիջելով՝ հասնեն Շուշիի շրջանում ադրբեջանական ավելի լայն ներկայության։ 

- Այսինքն՝ տարածքների փոխանակումներ։

- Այո։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը լոգիստիկ առումով խնդիրներ ունի Շուշիում։ Եվ սա համապատասխանում է նաեւ հայկական կողմի հետաքրքրություններին ու տրամադրություններին։ Այնպես որ, կարծում եմ, որ նման բաներն ընդունելի են։ 

- Հայկական կողմը, ինչպես միշտ, տուժում է։ Այսքան կորուստներից հետո հիմա էլ հայկական գյուղերը փոխանցվում են Ադրբեջանին։ Հայաստանում հակառուսական տրամադրությունները կավելանան։

- Այնպես չէ, որ ՌԴ ղեկավարության մեծ սիրահար եմ, բայց տվյալ պահին դժվարանում եմ հասկանալ, թե ինչում կարելի է լրջորեն մեղադրել ՌԴ-ին, որովետեւ եթե ՌԴ-ն ինչ-որ բան էլ արել է, ապա դա հայկական իշխանության բավական կոպիտ սխալներից օգտվելն է եղել։ Դրանց մասին կարելի է խոսել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ ավելի երկարաժամկետ կտրվածքով։ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ սխալների պատճառով ՌԴ-ն ու Թուրքիան հասան հաջողության՝ գործելով իրենց շահերի ու հետաքրքրությունների շրջանակներում։ Դե, իսկ հայկական սխալների պատասխանատուն բացառապես Փաշինյանն է։ Այնպես որ, չեմ կարծում, թե այս ամենը կվերածվի հակառուսական տրամադրությունների։

- Դեժավյու է․ ուղիղ  100 տարի առաջ էլ էր ՌԴ-ն Թուրքիային հայկական հողեր նվիրում։

- Չեմ կարծում։ Նրանում, որ Հայաստանը կորցրեց Ղարաբաղը, բացառապես մեղավոր է Նիկոլ Վովայի Փաշինյանը։ ՌԴ-ն այդ հողերը ոչ մեկին չի նվիրել։ Նա դրանք կորցրեց՝ սկզբում դիվանագիտական, ապա ռազմական սխալներ թույլ տալով։ Իսկ հողերի մի մասը, որոնք կորցրել եք, դրանք, ըստ իս, հայկական հողեր չէին էլ։

- Շուշին, որը երբեւէ չի եղել վերադարձման ենթակա, հնարավո՞ր է բանակցային գործընթացի արդյունքում վերադարձվի Արցախին։

- Ոչ, Շուշին այլեւս երբեք հայերինը չի լինի, քանի որ այն կորցրել եք։ Ես անձամբ նման տարբերակ չեմ տեսնում։ Այն երբեք չի եղել բանակցային փաստաթղթերում․ ո՛չ մադրիդյան, ո՛չ այլ։ Շուշին, որպես պայմանավորվածությունների ինչ-որ մի տարր, օրակարգում հայտնվեց, կարծում եմ՝ հոկտեմբերի 15-ից հետո, երբ իրավիճակն արդեն հայկական կողմի համար ճակատագրական էր։ Այդ պահից այն կորցրիք։ Նախ, որովհետեւ Շուշին գրավվեց։ Շուշին Ալիեւի «պատահաբար» հաջողությունն է, որի մասին անգամ չէր էլ երազում։ Դա ճակատագրի նվերն էր նրան։