Փաշինյանը 2 տարի անց այն երկաթե մուրճով հարվածեց հայկականության գլխին

Փաշինյանը 2 տարի անց այն երկաթե մուրճով հարվածեց հայկականության գլխին

Հարզազրույց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։

-Շատ ծանր էր լսել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ինչպե՞ս արցախցիներն ընկալեցին այդ հայտարարությունը։

-Ես արձագանքների երկու տեսակի մասին պիտի խոսեմ, որովհետև կար քաղաքական մոտեցում և կար պարզապես ժողովրդի մոտեցումը։ Արդեն հինգ տարի է, և հատկապես պատերազմից հետո մարդիկ չեն կարողանում ընկալել, համակերպվել այն մտքին, որ ազգանունով հայ կա, որը դավաճան է և պատրաստ է հանձնել այս 30 տարվա ընթացքում արյունով սրբագործված հայրենիքը։ Սա առանց պաթոսի, որովհետև իսկապես արյունով սրբագրրծված է՝ մեր հայրերի, մեր որդիների արյունով և նաև հարված էր Հայաստանի Հանրապետությանը։ Մարդիկ դեռևս չեն կարողանում դա ընկալել, ընդունել և, դրանով պայմանավորված, ամեն անգամ շատ ծանր են տանում և ամեն անգամ խուճապային իրավիճակ է ստեղծվում Արցախում, որովհետև անմիջապես այդ զգացմունքային ֆոնի վրա մարդիկ ուզում են գործողությունների դիմել։ Նաև բլոկադայի մեջ լինելով՝ խենթ մտքեր են ունենում, հասնել մինչև անցագրային կետ՝ մահվան գնով, բայց այս աստիճանի չստորանալ, կամ իշխանություններից անմիջապես պատասխան ստանալ։ Մարդիկ պարզապես հավաքվել էին Ազգային ժողովի մոտ՝ մեզանից տեղեկություններ ստանալու համար ու իրենց արձագանքներից հասկացանք, որ ամբողջովին բավարարել ենք այն ցանկությունները, որ իրենք ունեին։ Այսինքն, այդ օրը ԱԺ նիստերի դահլիճում հնչածը ամբողջովին ժողովրդի ցանկությունն էր ու իրենց սրտի, մտքի եղածը։ Չնայած մեծ լարվածությամբ բոլորս ենք սպասում վաղվա հանդիպմանը, բայց մի անգամ ևս առիթ էր, որ վերահաստատենք դեռևս շրջափակման առաջին օրերին մեր որոշման մասին հայտարարությունը։ Առոչինչ է ցանկացած որոշում, որը մեր ինքնորոշման իրավունքը կստորադասի և կբռնանա մեր կամքի վրա։ Մենք շարունակում ենք և շարունակելու ենք ապրել մեր Արցախում և պահպանել Արցախը ցանկացած գնով։ 

-Քաղաքական դաշտի արձագանքներն ինչպիսի՞ն էին։

-Մեր կուսակցությունը ստեղծվել է հենց 2018 թվականի ամռանը, երբ արդեն ակնհայտ էր վտանգը, որ նիկոլիզմը արմատներ էր գցում Արցախում և մենք նպատակ ունեինք պայքարել այդ երևույթի դեմ։ Ցավով պիտի արձանագրեմ՝ այն ժամանակ Արցախում մարդիկ ևս այդ տեխնոլոգիաներին ենթարկվելով, չգիտակցեցին, չտեսան այդ վտանգը, թեև մենք դեռևս 2018-ին խոսում էինք այսօրվա հնարավոր վիճակի մասին։ Եվ այդ պատճառով ընտրվեց Արցախում Հայաստանի իշխանությունների սրտի թեկնածուն, որն առ այսօր նախագահ է Արցախում։ Այս հինգ տարիների ընթացքում ինչ կանխորոշել ենք՝ ամեն ինչ կատարվել է՝ երանի սխալված լինեինք։ Մինչ մայիսի 23-ի այդ չարաբաստաիկ ասուլիսը, Նիկոլ Փաշինյանը միշտ մանիպուլացնում էր ժողովրդին։ Սակայն այս անգամ չկար մանիպուլյացիա՝ կար հստակ խոսք, հստակ որոշում և փաստորեն 2 տարի անց ՀՀ վարչապետն ի վերջո օգտագործեց երկաթե մուրճը՝ այն մուրճը, որը, իր տեսակետի համաձայն ինքը ստացել էր վստահության քվեներով։ Եվ այդ օրը այդ մուրճով խփեց մեր հայկականության գլխին։ Մենք ամեն պահ սպասում էինք, որ լինելու է որոշման մասին ուղիղ խոսքը և սա միայն մեզ համար չէր ասված, միայն ՀՀ-ի, Արցախի ու Սփյուռքի հայության համար չէր ասված, այլ ասվեց նաև իրենց գործընկեր, եղբայր ադրբեջանական իշխանությունների համար՝ իրենց հավատարմությունը բոլոր գործընթացներին ու պայմանավորվածություններին ևս մեկ անգամ շեշտելու համար։ Մեզ համար որևէ անակնկալ բան չկար այդ օրվա ելույթում։

-Դուք հավատո՞ւմ եք Արայիկ Հարությունյանի հնչեցրած հայտարարության անկեղծությանը։

- Արայիկ Հարությունյանի երեկվա ուղերձում ես տեսա Ազգային ժողովի իմ ելույթում հնչեցրած պահանջներին պատասխան, այն առումով, որ դադարեցվում է քննարկումը հանրաքվեի վերաբերյալ, ինչպես նաև դադարեցվում են կոնկրետ վերջին շրջանում շրջանառվող Կոմիտեի ձևավորման մասով քննարկումները՝ ելնելով իրավիճակից։ Ուղերձն ընդհանուր առմամբ հրաշալի ձևակերպված, հայրենասիրության պակաս չկար, կողքից նայողը երանի կտար Արցախի Հանրապետությանը՝ նման իշխանություն, նման նախագահ ունենալու համար։ Հայրենասիրությունը հորդում էր Արցախի նախագահի կողմից՝ պատերազմից սկսած գոնե։ Սակայն, ամեն անգամ արձանագրել ենք, որ դրանք սոսկ ելույթներ, սոսկ խոսքեր են,որոնք երբեք գործի չեն վերածվել, որովհետև Հայաստանի իշխանություններին հակազդելու լծակներ ունի միայն Արցախի իշխանությունը։ Նման սուր իրավիճակներում, անել նման հայտարարություններ, հետո երբ այդ սրությունն անցնում է՝ անցնել նորից չակերտավոր գործընկերային հարաբերությունների, գնահատական էլ չեմ ուզում տալ, որովհետև այդ հուզական ելույթներն այդպես էլ իրականություն չեն դառնում, պատմության գիրկն են գնում։ Ամեն անգամ ես ասում եմ՝ հուսանք, որ այս անգամ Արցախի նախագահը իր ասածը գործի կվերածի, բայց որպես քաղաքացի, ոչ որպես քաղաքական գործիչ, ինձ մոտ հարց է առաջանում՝ ես պատրաստ եմ որպես արցախի քաղաքացի իմ մասնակցությունն ունենալ այդ գործընթացում, սակայն ես չգիտեմ, որն է այն, ինչպես չգիտեի պատերազմի ժամանակ։ Որովհետև նախագահի կողմից չկային հստակ ցուցումներ և չկար ծրագիր, որը ներկայացվում էր ժողովրդին։ Հիմա էլ չկա այդ ծրագիրը, եթե մենք ասում ենք պայքար, ապա ո՞րն է դա։ Չեմ տեսնում ես այդ գործիքակազմը, ո՞րն է իմ պայքարը՝ արդյո՞ք սնունդ հայթայթելը, արդյո՞ք ուղղակի գոյատևելը մինչև այն իշխանությունը, որին չեմ վստահում, իմ փոխարեն ինչ-որ որոշումներ կկայացնի։ Ես տեսնում եմ պաթոս, խոսք, որը իրականացնելու հնարավորություն չեմ տեսնում։

-Ովքե՞ր են Փաշինյանի գաղափարախոսության կրողները Արցախում։

- Նրա գաղափարախոսության կրողներ չեք տեսնի քաղաքական սթափ ուժերի մեջ, չեք տեսնի նաև իշխանական թևի շատ պատգամավորների մեջ, մարդկանց մեջ։ Այն տպավորությունը, որ ստեղծվել էր, թե Արցախում կան նիկոլական շարժումներ, նրա գաղափարները կրողներ, դրանք, ըստ էության, պրոյեկտներ են, որոնք ստեղծվել են Հայաստանի իշխանությունների կողմից Արցախում։ Ինչպես Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր համաձայնեցին դառնալ Արևմուտքի գործակալները և նման վիճակի մեզ հասցնել՝ Արցախում ևս կան նման մարդիկ, ովքեր դարձան ՀՀ իշխանությունների պրոյեկտները՝ տարբեր նպատակների ծառայելու համար։ Կա օրինակ պրոյեկտ, որ ամեն կերպ ուզում են ցույց տալ, որ այստեղ դժգոհ են ռուս խաղաղապահներից, պրոյեկտ, որը կարող է խոսել, որ ուղիղ չի ասում ինտեգրվելու մասին, բայց ենթադրենք ինչ-որ տնտեսական ինտեգրման մասին է խոսում, իսկ մեզ համար կարմիր գիծ է Հայաստանին տնտեսապես ինտեգրված լինելը և այլ երկիր այդ առումով չի էլ դիտարկվում, որովհետև դա ուղիղ ճանապարհն է ընդհանրապես ինտեգրվելու։ Կան պրոյեկտներ, ովքեր ջատագովն են Արևմուտքի ու իրենք բնականաբար չեն խոսում, որ Արևմուտքի ներկայացուցիչն այս տարածաշրջանում Թուրքիան է և դա է Ադրբեջանի ձեռքերին ազատություն տվողը։ Կան տարատեսակ պրոյեկտներ, որի անունը ես դրել եմ «Նիկոլ երկու արար», որովհետև առաջինի դեպքում ևս կային նման պրոյեկտներ, որի արդյունքում ունեցանք պատերազմ՝ ահասարսուռ զոհերով և հայրենիքի կորստով, երկրորդ արարն, իհարկե, Արցախին վերջ տալու նպատակով է ստեղծվել։ Այդ առումով դրա պակասը չունենք և երեկ Արայիկ Հարությունյանի խոսքում ակնարկ կար՝ խոսքը ճնշումներով ինչ-որ զիջումների գնալու մնալու մասին էր քաղաքական դաշտում, ինչը ապակայունացրել է մեր կյանքը, խաթարել։ Մարդկանց այդպիսով փորձում են պառակտել։ Այդպիսի մարդիկ՝ գտնվելով նախագահականի առանձնասենյակներում, կառավարությունում կամ հավակնելով ունենալ այդ աշխատասենյակները՝ պետության դեմ ոտնձգություն են իրականացնում, ինչն անթույլատրելի է, ինչը Արցախի նախագահը հանդուրժում է ու հիմնավորում է անդորրը չխանգարելու բացատրությամբ։

-Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին ի՞նչ կասեք։

-Գիտեք, ես հասկանում եմ թե պրն Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի արձագանքները․․․Հետաքրքիր է, որ չի արձագանքել առաջին նախագահը, ներկայիս նախագահը, չի արձագանքել նախորդ նախագահը, բայց արձագանքել են մարդիկ, ովքեր ազատագրել են Արցախը, պահել են ամուր Հայաստանի Հանրապետությունը։ Բնականաբար, ես հասկանում եմ իրենց վիրավորվածության աստիճանը, որովհետև մարդիկ, որոնք նաև իրենց սեփական անձի զրկանքներով են շարունակել պայքարել։ Ջանք, եռանդ, ինչու չէ ֆինանսական միջոցներ են ծախսել, որպեսզի կարողանան իրավիճակում բեկում մտցնել։ Ես կողմ եմ քվեարկել այդ հայտարարությանը, բայց պետք է ասեմ, որ մեր ուղերձում այդ կետը վերաբերում էր ներկայիս նախագահներին՝ Արցախի ու Հայաստանի Հանրապետության և մենք ավելի շատ կուզեինք իրենց արձագանքը՝ Արայիկ Հարությունյանը երեկ արձագանքեց, Հայաստանի նախագահը չի արձագանքել՝ ակնկալիքները բնականաբար գործող նախագահներից են։ Ասեմ, որ իրենց կոշտ արձագանքներից մենք վիրավորված չենք, նեղացած չենք, որովհետև այդ արձագանքը կարելի է հիմնավորել։ Մենք նույն գաղափարների կրողն ենք, գաղափարը որևէ կերպ չի փոխվել և մեր միջով որևէ պատնեշ չի կարող լինել՝ գաղափարապես նույն կերպ մտածող մարդիկ՝ բոլորս միասին պիտի լինենք։