Պատերազմը հրահրվել է գիտակցաբար

Պատերազմը հրահրվել է գիտակցաբար

Եթե 2019 թվականի սեպտեմբերին արդեն գոյություն ուներ նոր պատերազմում դաժան պարտության, այն է՝ մի քանի հազար զոհերի գնով առաջացած հոգեբանական շոկի միջոցով Արցախը թշնամուն հանձնելու գաղափարը, ապա ինչո՞ւ էր դրանից մեկ ամիս առաջ Փաշինյան Նիկոլը Ստեփանակերտում հայտարարում. «Արցախը Հայաստան է և վերջ»: Իսկ որ այդ գաղափարն իսկապես մշակվել է՝ դա հաստատվում է ոչ միայն լրագրող ու մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանի հաղորդմամբ, այլև ռուսաստանյան ծագումով իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի` Հոխիկյանի գրածներին տարօրինակ արձագանքներով: Ասվածին գումարենք 2020 թվականի օգոստոսին Տավուշի դիրքային մարտի մասնակիցներին Սարդարապատում Մարտական խաչի շքանշան բաժանելն ու մեկին էլ Ազգային հերոսի կոչում շնորհելը: Այս հարցին շատերն են անդրադարձել` փորձել բացատրություն գտնել, առաջադրել վարկածներ, բայց գրեթե շատերն էլ եկել են եզրահանգման, որ ստեփանակերտյան այդ հայտարարությունը մեծապես նպաստել է Ադրբեջանի կողմից պատերազմ նախաձեռնելուն:

Իսկ եթե ընդունենք, որ դա արվել է գիտակցաբար ու եղել է Իլհամ Ալիևի հետ նախապես պայմանավորված՝ ապա վերը նշված հարցը ստանում է իր պատասխանը եւ դրանում տեղավորվում է նաև այն պնդումը, թե Արցախը վաճառվել է գործող իշխանության կողմից: Չնայած երկրորդը դեռևս պետք է լինի դատական քննության առարկա իշխանափոխությունից հետո: Եվ հաստատվի կամ հերքվի իրապես անկախ դատարանի կողմից: Իսկ թե «ինչո՞ւ էր Նիկոլը նման բան հայտարարում 2019-ի օգոստոսին՝ եթե Հայաստանն այնուհետև պետք է պարտվեր պատերազմում» հարցի պատասխանը ևս բխում է վերը նշված կանխադրույթից: Այն է՝ որպեսզի Իլհամ Ալիևը հնարավորություն ունենար Մինսկի խմբի համանախագահների առջև արդարանալու, որ պատերազմ հրահրողը եղել են հայերը: Կարծում եմ, որ որպես դրա վկայություն կարող է ծառայել այն հանգամանքը, որ պատերազմի հենց սկզբին ադրբեջանական պաշտոնական աղբյուրներով հայտարարություն գնաց այն մասին, որ ադրբեջանական զորքերը հակահարված են տալու հայկական հարձակմանը: Հատկապես որ դա որևէ արժեք չունեցող արդարացում էր՝ հաշվի առնելով, որ միջազգային կոչված հանրությունն (այսինքն՝ համապատասխան երկրների ղեկավարությունն ու փորձագետներն) այնքան միամիտ չէին, որ հավատային այդ հեքիաթին:

Գիտակցաբար պատերազմ հրահրելու մասին է վկայում նաև պատերազմի սկզբին ՀՀ ԶՈՒ ԳՇ վերլուծությանը ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից տրված բացասական արձագանքը: Հիշեցնեմ, որ վերլուծությունում ասվում էր, որ Հայաստանն ի վիճակի չէ դիմանալ ռեսուրսների հյուծման պատերազմին: Նույնն, ի դեպ, հոկտեմբերի սկզբին ասվում էր ռուս փորձագետների կողմից: Ավելացնեմ նաև մի քանի անգամ պատերազմը դադարեցնելու՝ ՄԽ համանախագահների միջնորդությունները մերժելը, ինչը նրա կողմից ներկայացվեց որպես Իլհամի կողմից կատարված քայլ: Մնաց Ազգային ժողովում պատերազմի սկզբին նրա կողմից արված հայտարարությունն այն մասին, որ «ինչ էլ պատահի, մենք մեզ պարտված չենք զգալու»: Եթե այդ հայտարարությունից հետո ամեն ինչ արվեր հանուն Հայաստանի հաղթանակի՝ ապա դա տրամաբանական կլիներ: Դա՝ մեկ, և երկրորդ՝ թեկուզ պարտությունից հետո եթե ամեն ինչ արվեր վերքերը բուժելու և թշնամուն հակահարված հասցնելու առումով, այդ առումով ևս տրամաբանական կլիներ: Սակայն արվեց ճիշտ հակառակը. արվեց ամեն ինչ, որպեսզի պարտության հետևանքներն ավելի ծանրանան, որի վերջնարդյունքը, նախ, պարտվողական խաղաղության պայմանագիր կնքելուն համաձայնելն էր ու, ի վերջո, Արցախը հայթափելը: