Թե Իրանն ինչ գործողություններ է ձեռնարկել, մենք կիմանանք մի քանի տարի անց

Թե Իրանն ինչ գործողություններ է ձեռնարկել, մենք կիմանանք մի քանի տարի անց

Տարածաշրջանում չի նվազում ռազմական գործողություններ վերսկսելու վտանգը։ Աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների, տարածաշրջանային պետությունների ուշադրությունը Մերձավոր Արեւելքն է եւ Հարավային Կովկասը։ Հատկապես կարեւոր է Իրանի դերակատարումն այս շրջանում։ Մենք զրուցել ենք իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ։

- Իրանական կողմն ինչպե՞ս ընդունեց Հայաստանում կայացած հայ-ամերիկյան զորավարժությունները։

- Իրանական կողմը մի քանի մակարդակներում հայտնել է այդ զորավարժությունների վերաբերյալ իր դիրքորոշումը։ Օրեր առաջ Իրանի նախագահը հեռախոսազրույց ունեցավ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արգործնախարարների հեռախոսազրույց։ Իրանական մամուլում եղան հայտարարություններ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին, որը մեր կողմից անուղղակիորեն անտեսեցին։ Իրանը հայտարարեց, որ իր համար անընդունելի է Ամերիկայի, Իսրայելի եւ այլ ուժերի ներկայությունն իր հարեւան երկրներում։ Ավելի խնդրահարույց են ռազմական ուժի տեսքով ներկայությունը եւ համագործակցությունը։ Սա Իրանի արտաքին քաղաքականության տրամաբանության շրջանակներում է, եւ այս երկրների ցանկը միայն Հայաստանը, Ադրբեջանը չեն, նաեւ Իրաքն է, Աֆղանստանն է։ Հետեւաբար, զարմանալի չէ Իրանի նման արձագանքը։

- Հայաստանի ներկայիս իշխանությունների արեւմտամետ քաղաքականության շարունակության դեպքում հնարավո՞ր է Իրանը Հայաստանին սկսի դիտարկել որպես թշնամի։

- Որ Իրանը Հայաստանին կարող է համարել թշնամի, իրատեսական չէ եւ չի բխում նաեւ Իրանի շահերից։ Իրավիճակն ավելի չսրելու համար Իրանը պարբերաբար հիշեցնում է իր տարածաշրջանային դերակատարման մասին եւ խոսում է իր համար անընդունելի՝ կարմիր գծերի մասին։ Իրանը Հայաստանի այսօրվա իշխանություններին համարում է արեւմտամետ, այս հանգամանքը համարում է իր շահերին հակասող եւ ունի մտահոգություններ այն առումով, որ Արեւմուտքը կարող է այստեղ ներկայություն ունենալ, եւ այս պրոցեսների շարունակության դեպքում Հայաստանին համարելու են ոչ վստահելի գործընկեր։

- Կարո՞ղ է Իրանն ազդել Հայաստանի իշխանությունների վրա՝ թեկուզ որոշ արգելքներ դնելով։

- Չեմ կարծում, որ կլինեն ինչ-որ արգելքներ։ Իրանը չունի գործիքակազմ այստեղ, որ կարողանա ուղիղ ազդեցություն ունենալ իշխանությունների վարած քաղաքականության վրա։ Իրանը ստեղծում է համագործակցության հնարավորություններ հարեւան երկրների հետ, որպեսզի կարողանա իր համար կանխատեսելի դարձնել տարածաշրջանում կատարվող գործընթացները։

- Վերջին շրջանում եղան հայտարարություններ, որ Ադրբեջանն ուժեր է կենտրոնացնում Հայաստանի սահմանների մոտ։ Դրա մասին խոսեց նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ հաստատելով ռազմական էսկալացիայի մասին։ Իրանը կարո՞ղ է լինել զսպող ուժ՝ հնարավոր հարձակումը կանխելու համար։

- Թե Իրանն ինչպիսի գործողություններ է ձեռնարկել, մենք կարող ենք իմանալ մի քանի տարի անց։ Այնուամենայնիվ, Իրանի քաղաքականությունը միտված է հնարավոր պատերազմը կանխելուն։ Դրանով են պայմանավորված կրկին տարբեր մակարդակներով հեռախոսազրույցները հայկական կողմի հետ, որտեղ վերահաստատել է իր դիրքորոշումը եւ հիմա առաջնահերթ է համարում հնարավոր պատերազմը կանխելը։ Նախորդ տարի էր, որ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալը հայտարարեց` սեպտեմբերյան իրադարձությունների հետագա, անցանկալի ընթացքը կանխվել է նաեւ իրանական ջանքերի շնորհիվ։

Կարեն Քերիմյան