ՀՀ գլխավոր դատախազությունը՝ այս օրհասական և դժնդակ օրերին, դեռևս իր անհագուրդ տարերքի մեջ է

ՀՀ գլխավոր դատախազությունը՝  այս  օրհասական և դժնդակ օրերին, դեռևս իր անհագուրդ տարերքի մեջ է

Բոլորվին վերջերս նոր դատավորներ նշանակվեցին, որի նախապատմությունը սկսվել էր այս տարվա հունվարի 14-ին, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին հայտնեց, որ գործադիրը հավանություն է տվել «ՀՀ դատական օրենսգիրք» Սահմանադրական օրենքում , «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» , «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ըստ վարչապետի, նախագծի ընդունմամբ ակնկալվում էր ոլորտում ապահովել ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը: 

Որդու սպանությունից հետո իրավապաշտպանությամբ զբաղվող ,«Կյանքի իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Ռուզան Ադանալյանը արված փոփոխության արդյունքում նկատել է․

«ՀՀ դատական իշխանության պաշտոնական կայքից և մամուլի հրապարակումներից տեղեկացա, որ փոփոխության համար նախատեսված դատարանների դատավորների թեկնածուները 2021 թվականի օգոստոսի 7-ին գրավոր քննություներ են հանձնել , իսկ օգոստոսի 9-ին հրապարակվել են դրանց արդյունքները:Քննությունները կազմակերպված են եղել շտրիխ կոդերի միջոցով, որպեսզի իբր ստուգողներին հայտնի չլինի քննություն հանձնողի ինքնությունը:Եվ թվով 50 հավակնորդներից հարցազրույցի փուլ են անցել 21-ը:Նորանշանակ դատավորների ցուցակից պարզ դարձավ, որ փաստորեն նրանց մեծ մասը քննիչներ են, ավելին՝ դատախազներ, ընդամենը մեկ-երկուսը՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբաններ են, և, եթե չեմ սխալվում, մեկ-երկուսն էլ դատական համակարգի աշխատողներ:

Այստեղ ամենաուշագրավն այն է, որ մեծամասնությունը՝ քննիչից դատավոր և դատախազից դատավոր դարձած թեկնածուներն են, ովքեր արդեն իսկ հայտնի են դատաիրավական համակարգի հետ շատ թե քիչ չափով շփում ունեցող թե՛ քաղաքացիներին, և թե՛ մասնագետներին: Ի դեպ, ՀՀ հատուկ քննչական ծառայության բոլորովին վերջերս լուծարվելու հետևանքով որոշ քննիչներ ազատվել են պաշտոններից, և ըստ համակարգում պտտվող լուրերի, շահագրգիռ անձինք անմիջապես նրանց ուղղորդել են դեպի դատական համակարգ: Ինչպես գիտենք, մինչդատական վարույթի նկատմամբ վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջնորդությունների վերաբերյալ բողոքները հիմնականում վերաբերում են քննիչի, դատախազի որոշումներին, գործողություններին, անգործությանը: Իսկ դատավորների թեկնածուների հանձնած քննության իբր «շտրիխ կոդերով» ստուգված արդյունքները, համադրելով ընտրված դատավորների անվանացանկի հետ, անգամ այս ոլորտից անտեղյակին կարող է կասկածելի թվալ,որ դատավոր նշանակված քննիչներն ու դատախազներն ուղղակի չէին կարող պատահական մարդիկ լինել»,- hraparak.am-ի հետ զրույցում ասում է տիկին Ադանալյանը՝ բերելով մի շարք օրինակներ Շիրակի մարզային քննչական վարչությունից, այդ թվում եւ իր որդու՝ Արտյոմ Ադանալյանի սպանության քրեական գործով դատավարական վերահսկողություն իրականացնող անձանց հետ կապված, որոնցից մեկը Շիրակի մարզի նախկին դատախազի տեղակալն է՝ Արմեն Շիրոյանը :

«2021 թվականի հոկտեմբերի 28-ին նախագահականում տեղի ունեցավ նորանշանակ դատավորների երդման արարողությունը,որոնց շարքերում, ինչ խոսք, կարող են լինել նաև արժանավորները, որպես Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արմեն Շիրոյանը, ստանձնելով դատավորի բարձր պաշտոնը,  Հայաստանի Հանրապետության ժողովրդի առջև երդվեց դատավորի պարտականությունները կատարել անթերի՝ ՀՀ Սահմանադրության և օրենքներին համապատասխան,ապահովել իրավունքի գերակայությունը և բարձր պահել դատական իշխանության հեղինակությունը:Սա նույնն է, թե Արմեն Շիրոյանը երդվեց, որ լավ է ծառայելու ՀՀ գլխավոր դատախազ  Արթուր Դավթյանին: Վերլուծելով և նկատի ունենալով նորանշանակ դատավորների հետագա գործառույթները՝ համոզիչ են հետևություններն առ այն, որ կոնկրետ քննիչ-դատախազներին դատավոր է «նշանակել» ՀՀ գլխավր դատախազ Արթուր Դավթյանը:

«Կյանքի իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հետևողական է լինելու այդ դատավորների վարույթներում քննության առնվող բոլոր գործերի քննությանը: Պետք է ցավով արձանագրել՝ նրանց  դատավորի պաշտոնում նշանակելն ուղղակի ցինիզմ է, ապտակ դատական համակարգի հեղինակությանը:Ընդամենը համալրելու են ՀՀ դատախազի կամակատար Մնացական Մարտիրոսյան,Արտուշ Գաբրիելյան,Արմեն Դանիելյան,Վահագն Մելիքյան, ...դատավորների շարքերը: Վերջերս մամուլից տեղեկացա նաև, որ կարգապահական վարույթ է հարուցվել ՀՀ վերաքննիչ դատարանի դատավորներ՝ Սերգեյ Մարաբյանի և Վազգեն Ռշտունու նկատմամբ:Ուղղակի ծիծաղելի է,փոքրոգություն,ողորմելի քինախնդրություն: Այս անձինք այն դատավորներն են, ովքեր երբևիցե չեն գնացել կեղտոտ գործարքների,ձեռքերն էլ արյունոտված չեն...Ուզում եմ ասել՝ պարոնա՛յք ԲԴԽ-ականներ ևարդարադատության նախկին ու ներկայիս նախարարներ՝ դատական համակարգի լավագույններին չեք կարող «կոտրել», անձի բարոյահոգեբանական կերտվածքն ի վերուստ է տրված: Իսկ ՀՀ գլխավոր դատախազությունը ՝ մեր երկրի համար այսքան օրհասական և դժնդակ օրերին, դեռևս իր անհագուրդ տարերքի մեջ է... »,-խոսքը եզրափակեց «Կյանքի իրավունք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիրը: