Հույսը վերջում է մեռնում
Պարզապես ապշել կարելի է, թե ինչ է կատարվում այժմյան Հայաստան աշխարհում: Իշխանությունները զօրուգիշեր «քոռի լոտո» են խաղում սեփական ժողովրդի հետ՝ իհարկե, չմոռանալով երջանիկ ապագա խոստանալ:
Մի կողմից շարունակում են պարտվողական «արիշ-վերիշներն» Ադրբեջանի իշխանությունների հետ, մյուս կողմից՝ հնարավորինս ծածկադմփոց անել մեր երկրին սպառնացող, կործանարար զարգացումները: Հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է հանդուրժել այն, որ մեր ոխերիմ թշնամու սպառազինված որոշ թափթփուկներ արդեն երկար ժամանակ լկտիաբար վխտում են մեր երկրի անտերուկես դարձած տարածքներում: Վայրագաբար ահաբեկում, ստորացնում, գողանում, խոշտանգում են հայ մարդկանց, գերի վերցնում, նրանց եղած-չեղածը ոչնչացնում: Իսկ ՀՀ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները տարին մի հինգ-վեց անգամ բողոքի հանրահավաք են կազմակերպում, մեկը մյուսին հերթ չտալով՝ հայրենանվեր ճառեր ասում ու գնում տուն: Ցավոք սրտի, հուսադրող ճառեր` ինչքան ուզես, բայց ոչ մի կոնկրետ գործողություն: Արի ու տես, որ մեզանում բոլորը ճառ ասող են, բայց «զանգ կախող» չկա ու չկա:
Ինչպես հայտնի է, նմանատիպ հանրահավաք տեղի ունեցավ նաեւ նոյեմբերի 8-ին: Ընդդիմադիր հայտնի գործիչները հանրահավաքի մասնակիցներին վստահաբար հայտարարեցին, թե իշխանություններին հեռացնելու են մի քանի շաբաթվա կամ ամսվա ընթացքում` ոչ ավել, ոչ պակաս: Հանրահավաքին մասնակցող հանրությունն էլ իր հերթին ոգեւորվեց, շնորհակալություն հայտնեց հանրահավաքի կազմակերպիչներին: Սակայն, ցավոք սրտի, թե հետագայում ինչպիսի զարգացումներ են սպասվում, ոչ ոք չասաց ու ոչ ոք չգիտի, թե, ի վերջո, հանրահավաքը շարունակվելո՞ւ է, թե՞ ոչ: Ինչ-որ գործողություններ նախաձեռնելո՞ւ են, թե՞ սպասելու են, որ ամեն ինչ ինքնիրեն քանդվի, ու իշխանությունն էլ կամովին հեռանա:
Այդ եւ այլ հարցերի պատասխաններն այդպես էլ մնացին օդում կախված:
Նման պարագայում, ինչպես ժողովուրդն է ասում` «անճարն է կերել բանջարը», քանզի մենք՝ ազգովի, հերթական անգամ ստիպված ենք լինելու «փառավորվել» մեր պապական թախտին եւ համբերատար սպասել մեր` օդում կախված բախտին:
Բայց հայերը նաեւ ասում են․ «Հույսը վերջում է մեռնում»:
Ի՞նչ արած: Աստված մեր ժողովրդին օգնական:
Լեւոն Խաչատրյան
Կարծիքներ