Ամեն մեկը դժգոհ է յուրովի

Ամեն մեկը դժգոհ է յուրովի

Հայ ժողովուրդը ծանր փորձությունների է ենթարկվում` գոնե վերջին 3 տարիներին: Մի կողմից` պատերազմը, մեր կորուստները, Արցախի հանձնումը, արտաքին վտանգները, Ալիեւի լկտի հոխորտանքները, որոնք միանգամայն բավական էին մի ամբողջ ժողովրդի հոգեխանգարմունքի մեջ գցելու, հիվանդությունների եւ արտագաղթի պատճառ դառնալու համար: Մարդը պետք է կենդանուց ոչնչով չտարբերվի, որ այս իրադարձությունները նրա հոգեկանի, տրամադրության, ինքնազգացողության, կյանքի որակի վրա չազդեն:

Եթե ձեր շրջապատում կան մարդիկ, ովքեր հանգիստ ապրում են` այնպես, ինչպես ապրում էին մինչեւ 2010, 2015, 2018, անգամ մինչեւ 2020 թվականները, ուրեմն ուշադիր հետեւեք` արդյո՞ք չեն կորցրել մարդկային որակները, բանականությունը եւ տարրական բարոյականությունը: Բայց հայ ժողովրդին հոգեխանգարմունքի հասցնողը միայն վերը նշված գործոնները եւ իրադարձությունները չեն: Դրանց պետք է գումարել շատ այլ գործընթացներ, որոնք այս կամ այն կերպ ազդում են մարդկանց վրա, իհարկե` տարբեր խավերի վրա տարբեր գործընթացներ եւ տարբեր չափով: Մի մասը ծանր է տանում ատեստացիաների հոգեմաշ գործընթացը:

Մյուսների վրա ազդում են տարբեր կառույցների միավորման, վերակառուցման՝ որեւէ կերպ չպատճառաբանված որոշումները: Մեկ այլ խումբ զայրանում է կարմիր գծերի ու տրանսպորտի գնի թանկացման փորձերից: Մի խավ վրդովված է դասագրքերում կատարվող հակազգային փոփոխություններից, մյուսին զայրացնում են հիմնն ու գերբը փոխելու խոսակցությունները, 3-րդին Արարատ սարից հրաժարվելն է հունից հանում: 4-րդը բանակում զինծառայող ունի եւ բանակի վիճակի համար է մտահոգ: 5-րդը Սահմանադրության փոփոխությունն է անընդունելի համարում:

Նայեք ձեր շուրջը` մեր երկրում գոհ մարդիկ այլեւս չեն մնացել: