Գորիսի բաժնի պետը խմած վիճակում հարվածել է գյուղացու մեքենային, հետո՝ նրան լռեցրել

Գորիսի բաժնի պետը խմած վիճակում հարվածել է գյուղացու մեքենային, հետո՝ նրան լռեցրել

2021թ. նոյեմբերի 12-ին՝ երեկոյան ժամի, ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի պետ Ա.Կարապետյանը ծառայողական ավտոմեքենայով՝ առանց հաշվառման համարանիշի, Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Նորավանի խաչմերուկում՝ Խաչին մոտ կոչվող տեղանքում, բախվել է Խնձորեսկ գյուղի բնակիչ Վահե Փանդունցի վարած Օպել մակնիշի, 35 -- 166 հաշվառման համարանիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է դիմացի հատվածում կայանված Սիսիան համայնքի բնակչի Օպել մակնիշի ավտոմեքենային: 

Ա.կարապետյանը իջել է ավտոմեքենայից, սակայն խմածության պատճառով չկարողանալով կանգնել ոտքի վրա, վայր է ընկել, ապա դժվարությամբ կանգնել է, մեքենան ուղղելու և երթևեկության չխոչընդոտելու պատրվակով նստել է մեքենան և ուղևորի ինքնությունը չբացահայտվելու համար փախչել է դեպքի վայրից և մեքենան վարել Սիսիան քաղաքի ուղղությամբ: Վթարի ենթարկված մեքենաների վարորդները շարժվել են Սիսիան քաղաքի ուղղությամբ և Ա.կարապետյանի վնասված մեքենայից թողնված յուղի հետքերով գտել են նրան Սիսիան քաղաքում:

Ա.Կարապետյանը զրույցի ընթացքում հայտնել է, որ հանդիսանում է Գորիսի միլպետը, պահանջել է հեռանալ և սպառնացել է հակառակ դեպքում հետագայում պատժել նրանց՝ նման կերպ ցանկանալով չհոգալ մեքենայի ծախսերը: Դրանից հետո դեպքի վայր են ժամանել ոստիկանության ՃՈ աշխատակիցները, որոնց մեքենաների վարորդները տեղեկացրել են, որ իրենց մեքենաները վնասել է Ա.Կարապետյանը: Դրանից հետո, նույն գիշերը Գորիսի բաժնի պետի տեղակալ Մուշեղ Գևորգյանը՝ բաժնի պետի հանձնարարությամբ, գնացել է Սիսիան քաղաք, հանդիպել վարորդներին և պահանջել է սեփական միջոցներով վերանորոգել իրենց մեքենաները՝ սպառնալով այլապես ստեղծել խնդիրներ:

Վ.Փանդունցը, ասելով, որ կբողոքի, գիշերը ներկայացել է ոստիկանության Սիսիանի բաժին, սակայն այնտեղից հրաժարվել են հաղորդում վերցնել, ասել են, որ միլպետն իրենց նույնպես կպատժի: Վ.Փանդունցի պնդելուց հետո ոստիկանությունում վերցրել են հաղորդում՝ միլպետի փոխարեն նշելով անհայտ մեքենայի վարորդ: Դրանից հետո միլպետ Ա.Կարապետյանը և տեղակալ Մ.Գևորգյանը, տեղեկանալով բողոքի մասին, եզրեր են փնտրել հաշտվելու և փոխհատուցելու համար: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցները հանդիպել են Վ.Փանդունցին, փոխանցել որոշակի գումար և պահանջել են հետ վերցնել բողոքը: Վ.Փանդունցը, մտածելով, որ իրականում կարող են իրեն պատժել, լարվածություն չստեղծելու համար հետ է վերցրել բողոքը: 

Վահեն Փանդունցի հետ կապ հաստատեցինք․ նա մեզ հետ զրույցի սկզբում ասաց, թե նման դեպք չի եղել, ինքը ոչ մեկի չի ճանաչում, իսկ երբ հարցը պնդեցինք ու ասացինք, որ դեպքի վերաբերյալ կան որոշակի ապացույցներ, մեր զրուցակիցը անջատեց հեռախոսազանգը։ Կրկին կապ հաստատեցինք նրա հետ, այս անգամ ասաց` իր մեքենային բախվել են նշված օրը եւ փախչել, տեղյալ չէ` ով է, իր միջոցներով էլ մեքենան սարքել է։