Ժամանակին Ռուսաստանի Դաշնությունը մեզ թույլ չտվեց ինչպես հարկն է պատժել ագրեսորին, հիմա վայելում ենք դրա պտուղները

Ժամանակին Ռուսաստանի Դաշնությունը մեզ թույլ չտվեց ինչպես հարկն է պատժել ագրեսորին, հիմա վայելում ենք դրա պտուղները

«Հրապարակի» զրուցակիցն է արցախյան շարժման ակտիվիստ Բորիս Առուշանյանը։ 

-Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը ճնշումների արդյունքում բացվեց ռուսական բեռնատարի համար։ Ի՞նչ կատարվեց իրականում՝ Ալիևը կոտրե՞ց արցախցիների՝ դիմադրելու կամքը, թե Արցախի իշխանությունները ռուսական կողմի ճնշումներին ենթարկվեցին։ 

-Ռուսաստանն իմ կարծիքով փորձում է անել անհնարինը՝ պահպանել իր ազդեցությունը թե Ադրբեջանում, թե Հայաստանում, ընդ որում օգտագործելով Արցախյան հակամարտությունը ու միաժամանակ ունենալ բարիդրացիական հարաբերություններ Թուրքիայի հետ, որպեսզի տնտեսական օգուտներ քաղի այդ համագործակցությունից և հնարավորության սահմաններում փորձի ստիպել վերջինիս պահել նեյտրալիտետ՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում։ Ահա այսպիսի բարդ խաղի ենք մենք այսօր ականատես։ Ահա թե ինչու Ռուսաստանը չի իրականացնում 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները և փորձում է ամբողջ մեղքը գցել Հայաստանի ղեկավարության վրա, որն էլ իր հերթին դրա համար առիթ է ստեղծում, իմ կարծիքով, սխալը սխալի հետևից գործելով, այդ թվում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ ներառյալ Արցախը։ Հասկանալի է, որ Ասկերանի և Բերձորի միաժամանակյա բացումը հակասում է համաձայնագրին, սակայն հանդիսանում է մի նոր, հատվածային զիջում Ադրբեջանին, որը չի պատրաստվում գոնե շատ փոքրիկ զիջման գնալ իր մաքսիմալիստական պահանջներից ու նպատակներից։ Այդ տարբերակը միայն շատ աննշան կթեթեևացնի հումանիտար ճգնաժամը, սակայն Ալիևին հնարավորություն կտա ամբողջ աշխարհին հայտարարել այն մասին, որ կա կոմպրոմիս։ Մեր հերթին, մենք պետք է համառենք ու պահանջենք Բերձորի միջանցքի ամբողջական ապաշրջափակում և համաձայնության բոլոր կետերի անհապաղ իրականացում։ 

-Ադրբեջանը հայտարարեց, որ Բերձորի միջանցքը շարունակելու է փակ մնալ։ Աշուն է, իսկ առջևում ձմեռ է, մարդիկ 8 ամիս դանդաղ սովամահության են դատապարտված։ Ռուսաստանը կկարողանա՞ բացել Բերձորի միջանցքը, թե՞ այնուամենայնիվ կստիպեն արցախցիներին բացել Ակնայի ճանապարհը, ինչն էլ կհանգեցնի Ադրբեջանի հետ ինտեգրացիային։ 

-Ցանկության դեպքում Ռուսաստանը կարող է բացել Լաչինի միջանցքը, սակայն վերոնշյալ պատճառներով նա չի ցանկանում վիճաբանության մեջ մտնել Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Այդ իսկ պատճառով փորձելու է խնդիրը լուծել մեր հաշվին, այսինքն, համոզել կամ ստիպել մեզ գնալ նոր զիջումների՝ սկսել ինտեգրման գործընթացը ու դրանով ժամանակ շահել՝ մինչև Ուկրաինայում պատերազմը գնում է։ Դա հասկանալի է ՌԴ ԱԳՆ հայտարարություններից, անձամբ Պուտինի հայտարարություններից և Ալիևի գործողություններից։ Այդ գործընթացին արդեն միացել է նաև Էրդողանը։ Մեզանից պահանջվում է շատ համբերություն, համառություն, համախմբվածություն ու պատրաստակամություն՝ պայքարելու մինչև վերջ։ 

-Ստեղծված իրավիճակն Արցախում պատային է։ Որո՞նք կարող են լինել տեղծված իրավիճակից դուրս գալու լուծումները։ 

-Այս թակարդից ելք կա՝ պայքարել բոլոր ուղղություններով և եղած բոլոր միջոցներով, օգտագործելով համայն հայության օգնությունն ու աջակցությունը, ինչպես 1991-1994 թվականներին։ Մանյովրներ անելու համար այլևս հնարավորություն չունենք։ Նոյեմբերի 9-ից հետո անընդհատ գնալով զիջումների՝ մենք հայտնվեցինք թակարդում, որից ելքը պետք է փնտրենք միասին։ 

-Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Երևանի պահվածքը ոչ բարեկամական է, մինչ այդ էլ ՀՀ դեսպանին էին կանչել ԱԳՆ ու բողոքի նոտա հղել։ Ինչի՞ է հանգեցնելու հակառուսական հռետորաբանությունը։ 

-Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, տեսնելով Ռուսաստանի դժվարին իրավիճակը և Արևմուտքի պասիվությունը Հայաստանին օգնելու հարցում և երկու բևեռների կողմից էլ երկակի ստանդարտների կիրառումը և սեփական շահերին հետամուտ լինելը, պետք է իրեն պահի շատ զգուշավոր, որովհետև թե այս, թե մյուս կողմը կօգտագործի ցանկացած սայթաքում, որպեսզի մեղադրեն Հայաստանի Հանրապետությանը, այսինքն` թույլ կողմին, սեփական անհաջողությունների ու ձախողումների մեջ։ Արտաքին բարենպաստ հնարավորությունները մենք բաց թողեցինք դեռևս 1994 թվականին, իսկ այսօր դրանք մեր կողմից չեն, դրա համար էլ անհրաժեշտ է գրագետ, ոսկերչականին հասնող քաղաքականություն վարել (ювелирная политика):

-Պուտինը երեկ հայտարարեց, որ վերջին տասը տարում ՀՀ իշխանություններին փորձել են համոզել Ադրբեջանին տալ հինգ շրջանները, որպեսզի Քարվաճառն ու Բերձորը մնան Հայաստանի և Արցախի վերահսկողության տակ։ Հայկական կողմը միշտ մերժել է առաջարկը, հայտարարելով, որ կմարտնչեն։ Ի՞նչ էր նշանակում Պուտինի այս հայտարարությունը։ 

-Ինձ թվում է, Պուտինն այդքան էլ անկեղծ չէ։ Միշտ Ադրբեջանն է ծայրահեղ դիրքավորում ունեցել, ինչո՞ւ է նա աղավաղում ճշմարտությունը։ Սեփական սխալներն ու ձախողումները մեր տարածաշրջանում և Ուկրաինայում պետք է ինչ-որ կերպ բացատրել, հատկապես որ Արցախի և Հայաստանի իշխանությունների սխալները դրա հնարավորությունը տալիս են։ 

-Արցախում որոշ շրջանակներ կոչ են անում հումանիտար միջանցք բացել, որպեսզի մարդիկ դուրս գան Արցախից։ Այս կոչերի հետևանքը վտանգավո՞ր չէ արդյոք և ո՞ւմ կողմից են արվում կամ` ուղղորդվում։ 

-Այս կոչերը շատ վտանգավոր են և խրախուսվում են մեր թշնամիների կողմից։ Սակայն կան նաև օբյեկտիվ պատճառներ՝ ոչ բոլորն էլ պատրաստ դիմանալ զրկանքներին։ Ոչ բոլորն են ծնվում մարտիկներ և հայրենասերներ։ Մենք նման երևույթներ ունեցել ենք նաև առաջին պատերազմի ժամանակ։ Այն ժամանակ մենք միջոցներ գտնում էինք այդ հարցերը լուծելու համար՝ դա իշխանությունների խնդիրն է։ 

-Արցախի նորանշանակ նախագահի ընտրությունն ինչո՞ւ էր այդքան կարևոր և ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ նա արդարացնել այն բոլոր հույսերը, որ իր հետ կապում են։ 

-Կարծում եմ, որ նա կկարողանա արդարացնել ժողովրդի հույսերը, չնայած որ այս իրավիճակում դա բարդ է, իրավիճակը շատ են բաց թողել, չափազանց շատ են եղել սխալները։ Իսկ ընտրություններն անհրաժեշտ էին, որովհետև երկիրը քաոսի մեջ էր, չէր կառավարվում, երկիրը բաժանվել էր մի քանի խմբերի։ 

-Ադրբեջանը հայտարարել է, որ ՌԴ-ի՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Լուգանսկում եւ Դոնբասում անօրինական են՝ դրանք Ուկրաինային պատկանող տարածքներ են։ Զախարովան արձագանքել է, որ դա անընդունելի է` չի համապատասխանում ռուս-ադրբեջանական դաշինքին։ Ադրբեջանի այս հայտարարության նպատակը ո՞րն էր։ 

-Ադրբեջանն այնքան վստահ է իր անձեռնմխելիության և Թուրքիայի աջակցության հարցում, ինչպես նաև ՌԴ-ի՝ իր հետ բարիդրացիական հարաբերություններ ունենալու ցանկության, որ թույլ է տալիս նման հարձակումներ, և հաճախ անտեսում է ռուսական շահերը, փորձում է օգուտներ ստանալ թե Ռուսաստանից ու թե Արևմուտքից, առաջ է մղում իր շահերը` մաքսիմալ ձևով։ Ժամանակին Ռուսաստանի Դաշնությունը մեզ թույլ չտվեց ինչպես հարկն է պատժել ագրեսորին, այդ պատճառով էլ հիմա թե ինքը, թե մենք, վայելում ենք դրա պտուղները։ Վախենամ, որ Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո նրանք նորից կկարողանան Ռուսաստանին թեքել իրենց կողմը և նրանցից շատ բան ստանալ։