Նիկո՛լ մի ասա, կրակի կտո՛ր ասա…
Իշխանության ձգտող բոլոր ղեկավարներն էլ տալիս են սիրուն-փայլուն խոստումներ, մինչեւ արժանանում են հասարակության դրական վերաբերմունքին եւ ամենակարեւորը՝ քվեին: Եվ, որպես կանոն, այդ խոստումների մեծ մասը չի իրականանում: Փաշինյան Նիկոլն էլ բացառություն չէ: Երբ համեմատում ենք ընդդիմադիր Նիկոլին ու վարչապետ Փաշինյանին, տպավորություն է, թե տարբեր մարդկանց հետ գործ ունենք:
Փաշինյան Նիկոլի խոսքը հնչեղ ու ազդեցիկ է եղել միշտ: Մի քանի օր առաջ էլ նա երեւանյան մի դպրոց էր գնացել, որտեղ բոցաշունչ ճառ է ասել հայրենիքի, պետության, հայրենասիրության մասին. «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրո՛ւ պետությունդ: Այն ստեղծել ես դու: Քո որեւէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ: Սրանով է Հայաստանի Հանրապետությունը տարբերվում մնացած պետություններից: Այն քո ժառանգությունն է, քո զավակների ժառանգությունը: Հայաստանի Հանրապետությունը քո եւ/կամ քո նախնիների աշխատանքի արդյունք է: Այստեղ ապրելու կանոնները դու ես որոշում: Դարձրո՛ւ պետությունդ քո երազածը եւ դարձի՛ր նման քո պետությանը. ազա՛տ, ուժե՛ղ, բարեկեցի՛կ, երջանի՛կ: Շնորհավորում եմ բոլորիս եւ մաղթում եմ ձեզ եւ մեր պետությանը լինել ազատ, ուժեղ, բարեկեցիկ, երջանիկ»: Հրաշալի ելույթ:
Ունկնդիրները, հավանաբար, հուզվել են Նիկոլ Փաշինյանի խոսքից եւ եզրահանգել, որ նա սկսել է սիրել իր հայրենիքը, կարեւորել Հայաստան պետությունը եւ ամեն ինչ ուզում է անել հայրենիքի ու պետականության ուժեղացման համար: Ճիշտ է` մինչ օրս որեւէ կերպ չենք զգացել, որ նա իր առաջ նման խնդիր է դնում, քանի որ նրա ղեկավարման տարիներին Հայաստան պետությունը չդարձավ ազատ, ուժեղ, բարեկեցիկ ու երջանիկ երկիր, այլ ճիշտ հակառակը: Նրա ղեկավարման տարիներին երկիրը դարձավ ձյունոտ սարի գագաթ, որի համար չարժե պայքարել: Հայրենիքը դարձավ դժբախտ ու դժգույն, որտեղ պարեցին ու հանձնեցին այն: Երկիրը դարձավ լճի 30 տոկոս, որի համար պատերազմ չարեցինք: Ու փոքրացավ հայրենիքը, քաշվեց իր մեջ, դարձավ մի բուռ: Իսկ պետականությունը պահպանելու համար թշնամուդ պետք է չթողնես, որ մտնի տունդ, տունդ պետք է անառիկ լինի, որ թշնամուդ մտքով չանցնի, թե անպատիժ կարող է սահմանդ խախտել:
2018-ին հեղափոխական Փաշինյանը Հայաստանի քաղաքացիներին խոստանում էր, որ նրանցից յուրաքանչյուրը լինելու է վարչապետ. Հայաստանն ունենալու է 3 մլն վարչապետ: Խոստացավ «թալանչի մկներից ու ձկներից թալանածը» ետ բերել ու բաժանել վարչապետ պողոսներին: Վարչապետ դառնալուց հետո Փաշինյանն առաջին անգամ այցելեց Տավուշի մարզ, մտավ Իջեւանի գարեջրատներից մեկը՝ գարեջուր խմելու: Մի թոշակառու տղամարդ մոտեցավ նրան եւ նեղսրտեց, թե թոշակն այնքան քիչ է, որ կոմունալները վճարելուց հետո տակը փող չի մնում՝ գարեջուր խմելու: Փաշինյանը գտավ հարցի լուծումը. «Դուք էլ առաջ գարեջուր խմեք, նոր մնացած բաներն արեք»: Այնուհետեւ, որպեսզի որեւէ մեկն այլեւս իրեն չմոտենա՝ իր սոցիալական խնդիրներով, Փաշինյանը գտավ հարցի լուծումն ու ասաց. «Աղքատությունը, Պողոս ջան, քո գլխում է»: Իսկ որ Պողոսի գլուխը «խարաբ» է, մեղավորը նախկիններն են:
Ժամանակին Թոխմախի Մհերին, Լիսկային ու քրեական հեղինակություններին եւ նրանց պահվածքը քննադատող Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հայտարարեց, թե «թաթիկներ է կտրելու», «փռելու է ասֆալտին», բայց փորձեց կտրել միայն իրեն քննադատողների «թաթիկները» եւ խլել նրանց ունեցվածքը: Ժամանակին «պադավատապետությունը» քննադատող Փաշինյանի օրոք կառավարական ավտոշարասյունն անասելի երկարեց: Քաղաքացին էլ դարձավ «տուգանքի մատերիալ»: Հայաստանը դարձավ «Կիսաբաց լուսամուտների» տաղավար, որտեղ բոլորը վեճ ու կռիվ ունեն եւ սոցիալական խնդիրներ…
Կարծիքներ