Մեծ քայլերով դեպի կատարյալ բռնապետություն
Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ վարչախումբը խնդիր է դրել՝ Հայաստանում հաստատել տոտալ բռնապետություն: Իշխանությունը պահելու եւ վերարտադրվելու այլ տարբերակ չկա:
Նախ՝ ոստիկանությունը հետեւողականորեն ցրում էր Մաշտոցի պուրակում վրան տեղադրել փորձող ցուցարարներին, որոնք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Երեկ էլ հայտնի դարձավ, որ իշխանությունն անհեթեթ մեղադրանքով ձերբակալել եւ փորձում է կալանավորել Բրյուսովի անվան պետական համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին:
Բայց ամենազարհուրելին Ալավերդի համայնքի 14 ավագանիների որոշումն էր՝ անվստահություն հայտնել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանին: 2022 թվականի սեպտեմբերին կայացած Ալավերդի համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցությունը հաղթել էր ՔՊ-ին, եւ ՀԱԿ-ի հետ կոալիցիա կազմելու արդյունքում քաղաքապետ էր ընտրվել «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչը: Անդրադառնալով իրեն անվստահություն հայտնելու ավագանիների որոշմանը՝ Թամազյանը գրել է. «Ցավալի է մեկ հանգամանք. բնակչության վստահության շնորհիվ ավագանու անդամի կարգավիճակ ստացած, սակայն անձնական շահի եւ ցանկությունների կատարման համար օգտագործված առնետի ընտրած ճանապարհը։ Բոլորս գիտենք՝ առնետի ճանապարհն ավարտվում է թակարդում»: Կասկածից վեր է, որ իշխանությունը կարողացել է շահագրգռել «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամներին, ովքեր միացել են ՔՊ-ին` ձեւավորելով նոր մեծամասնություն:
Փաշինյանի իշխանությունը չի հանդուրժում ոչ մի այլակարծություն, այդ իշխանությունը չի կարող թույլ տալ, որ որեւէ մեկը հաղթի իրեն, որեւէ մեկը ժողովրդի քվեով իշխանություն ստանա: Փաշինյանի հրահանգով ոչնչացվում է ժողովրդավարության ցանկացած դրսեւորում, որովհետեւ Փաշինյանը ժողովրդավարությունը համարում է անձնական սպառնալիք, սպառնալիք իր անձին ու իր իշխանությանը: Նրան պետք է ամբողջատիրություն, պետք է կատարյալ բռնապետություն, որովհետեւ միայն կատարյալ բռնապետության պայմաններում նա կարող է վերարտադրվել:
Երեւանի ավագանու ընտրությունները Փաշինյանին ցույց տվեցին, որ ժողովրդավարության ցանկացած դրսեւորում կարող է կործանարար լինել իր իշխանության համար, որովհետեւ իր իշխանության վարկանիշը ցածր է, գրեթե զրոյական: Բացի իրենից անմիջական կախվածություն ունեցողներից, որեւէ մեկն ինքնակամ չի քվեարկի իր կուսակցության օգտին: Դա այդպես է ոչ միայն Երեւանում, այլեւ ամբողջ Հայաստանում, ամեն տեղ նրա անձը եւ նրա իշխանությունն արժանանում են մերժման եւ ատելության: Կեղծ պոպուլիզմը, նախկիններին պատժելու, թալանը վերադարձնելու, անվտանգ ու բարեկեցիկ երկիր կառուցելու բոլոր խոստումներն անիմաստ են եւ մաշված, մարդիկ այնքան են զզվում իրենից, որ նույնիսկ չեն լսում իրեն, անջատում են հեռուստացույց ու սմարթֆոն, երբ տեսնում են իրեն ու լսում իր ձայնը, ուր մնաց՝ հավատան: Երբ հեղինակությամբ իշխանություն պահելու հնարավորությունը վերանում է, մնում է վախը, պետք է մարդկանց ահաբեկել, սարսափի մթնոլորտ հաստատել, որ որեւէ մեկի մտքով անգամ չանցնի՝ հանդես գալ իշխանության դեմ:
Հաջորդ խորհրդարանական ընտրություններին շատ ժամանակ չի մնացել, ընդամենը երկուսուկես տարի: Այդ ժամանակը կարող է թռչել արագ, եւ դրանց պետք է նախապատրաստվել, պետք է համապատասխան մթնոլորտ ձեւավորել, որ այլեւս իմաստ չունենա հույսը դնել հասարակության քվեի վրա: Փաշինյանը հիմա զբաղված է դրանով, նա ուզում է ցույց տալ, որ անկախ նրանից, թե ինչպես կքվեարկի ընտրողը, միեւնույն է` իշխանությունը մնալու է ՔՊ-ին: Պետք է հասարակությանը ցույց տալ, որ ցանկացած այլախոհություն, իշխանության դեմ բողոքի ցանկացած գործողություն ճնշվելու է, ճնշվելու է ամենաբիրտ ձեւով, կալանավորման, ծեծի ու բռնության միջոցով, առանց օրենքի տառը պահելու:
Կատարյալ բռնապետություն հաստատելու համար ստեղծված են կատարյալ պայմաններ: Ռուսաստանը ժողովրդավարության պաշտպանության պատրվակով երբեք չի միջամտի Հայաստանի ներքին գործերին, քանի որ Ռուսաստանն ինքը խնդիրներ ունի ժողովրդավարության հետ, այնտեղ եւս կատարյալ բռնապետություն է, Արեւմուտքը կարող էր միջամտել, բայց Արեւմուտքն էլ չի գնա նման քայլի, քանի որ Փաշինյանը պայքարում է Ռուսաստանի դեմ, երկիրն ազատում է Ռուսաստանի ազդեցությունից, ուստի վայելում է Արեւմուտքի կատարյալ աջակցությունը: Երբ նախորդ իշխանությունների օրոք Արեւմուտքը քննադատում էր Հայաստանի իշխանության որեւէ հակաժողովրդավարական քայլ, դա չէր անում այն պատճառով, որ շահագրգռված էր Հայաստանում ժողովրդավարության հաստատմամբ կամ ժողովրդավարական արժեքների պաշտպանությամբ:
Արեւմտյան երկրներին պետք էր ազդեցության ճնշման լծակ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի կամ Սարգսյանի իշխանությունների դեմ: Նրանց իշխանությունները թեեւ հաշվի էին նստում արեւմտյան երկրների եւ կառույցների տեսակետի հետ, բայց ոչ բոլոր հարցերում՝ շատ դեպքերում իրականացնելով Հայաստանի շահերից բխող քաղաքականություն: Ի՞նչ իմաստ ունի ճնշել մի իշխանություն, որն ամբողջովին կախված է Արեւմուտքից եւ շարժվում է արեւմտյան թելադրանքով: Ընդհակառակը՝ Արեւմուտքն ամեն կերպ աջակցում եւ կշարունակի աջակցել Փաշինյանին՝ երկրում կատարյալ բռնապետություն հաստատելու համար, որովհետեւ նրա իշխանության վերարտադրությունը բխում է իրենց անմիջական շահերից:
Հայաստանում փաշինյանական բռնապետության հաստատում թույլ չտալու միակ հույսը ներքին ռեսուրսն է, հայ հասարակության ներքին համախմբումը՝ նման զարգացում թույլ չտալու համար: Հասարակությունը, դրա առանձին ներկայացուցիչներ եւ խմբեր հասկանում են փաշինյանական իշխանությունից իրենց եւ երկրին եկող վտանգի չափը, ինչի անմիջական ապացույցը տարբեր տեղական ընտրությունների արդյունքներն են, մնում է հանրային դժգոհության եւ երկրում փոփոխություններ իրականացնելու ցանկության գրագետ կազմակերպում:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ