Համայնքապետին թող հարցնեն՝ ինչի՞ են աչքերն այդպես «սիրունացրել»
«Երեկ Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու նիստին էի հրավիրել երկու պարեկների, որոնք ավագանու նիստին պիտի ներկա լինեին ու որոշակի բաներ արձանագրեին, սակայն, չգիտես ինչու, պարեկներն առանց տեղյակ պահելու, զանգ ստացան ու հեռացան»,- մեզ հետ զրույցում ասաց Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը։
«Ես իրենց հրավիրել եմ, քանի որ շատ հետաքրքիր բաներ կային։ Համայնքի ղեկավարի աչքերն էին շատ կապտած, որ ցույց տայի` ինչից են կապտել աչքերը, ինչի են այդպես «սիրունացրել» աչքերը»,-ասաց Զեյնալյանը։
Թե ինչու են «սիրունացրել» Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի աչքերը, Մասիս Զեյնալյանը չպատասխանեց, սակայն հայտարարեց՝ խնդրում է կառավարությանը, որ հոսպիտալներին, հիվանդանոցներին տեղյակ պահեն՝ նույնիսկ եթե մատի վրա փոքրիկ կտրվածքով մարդ է դիմում, անպայման տեղյակ պահել իրավապահ մարմիններին, այլապես թաքցնում են հանցագործությունները, կամ որոշ բժիշկներ համագործակցում են հանցագործների հետ։ Մեր ճշտող հարցին, թե արդյոք կառավարությանն ուղղված իր խնդրանքը կապ ունի՞ Ղուլունցի աչքերի կապտելու հետ, վերջինս հրաժարվեց պատասխանել։
«Ես պարեկներին հրավիրել էի, որ պարեկների ներկայությամբ հարց տայի համայնքի ղեկավարին՝ ինչի՞ է Ձեր աչքերի տակ տենց «սիրուն», մեկ էլ ապօրինի հանքերից հարց պիտի տայի, այն էլ պարեկները զանգ ստացան։ Միգուցե պարեկներն էլ են անտեսում այդ ամեն ինչը, եթե օրենքի երկիր է, պարեկները կարգ պիտի պաշտպանեն, ինձ թվում է՝ վերեւից զանգ ստացան, պարեկները լքեցին դահլիճը, մնաց թաղայինը՝ համայնքային ոստիկանը, ինքն էլ ի՞նչ։ Ուզում եմ հայտարարել, որ Տեղ համայնքի բյուջեն հաստատել են առանց տեղական տուրքերի հաստատման՝ խախտելով 101 հոդվածի առաջին կետը»,- ասաց Զեյնալյանը։
Նիստի ավարտից հետո Զեյնալյանին լուրեր են հասել այն մասին, որ պարեկներին ասել են․ «Զեյնալյան Մասիսն ունի հոգեկան խնդիրներ, հաշվի չառնեք իր ասածները՝ անլուրջ վերաբերվեք իրեն»։
«Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամը տեղեկացրեց, որ 101 հոդվածի առաջին կետի խախտման մասին տեղյակ է պահել թե՛ կառավարությանը, թե՛ մարզպետարանին։ «Եթե հիվանդ եմ, թող բերեն երկուսիս զինգրքույկները, տեսնեն՝ ով որտեղ է ծառայել, որտեղ ենք զինգրքույկ ստացել, ինչ զենք է գրանցված զինգրքույկում»,- ասում է Զեյնալյանը։
Նա խնդրում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքում ընդունվող բոլոր որոշումներն օրենքների խախտմամբ են ուղեկցվում։
Կարծիքներ