Հիմա էլ նոր սահմանադրություն

Հիմա էլ նոր սահմանադրություն

Երբ Փաշինյան Նիկոլն ու իրեն շրջապատող մարդիկ հայտարարեցին, թե հիմա էլ որոշել են երկրին նոր սահմանադրություն «պարգեւել», ակամայից մեզ մոտ մի հարց եւ այն բարձրաձայնելու անասելի ցանկություն առաջացավ: Մի՞թե իրոք այդ մարդիկ կարծում են, որ բանակի բարեփոխման ու դրա սպառազինման գործն արդեն ավարտել են, որ երկրի տնտեսությունն ու ռազմարդյունաբերությունն այլեւս կարգի են բերել, ու հիմա էլ, քանի որ էլ գործ չի մնացել, որ անեն, դրա համար էլ պիտի երկրին նոր սահմանադրություն «պարգեւելու» գործով զբաղվեն:
Բայց քանի որ Նիկոլից ու իրեն շրջապատող մարդկանցից լուրջ պատասխանի ակնկալիքն անլուրջ ու անիմաստ զբաղմունք ենք համարում, ուստի ուզում ենք ընդդիմության՝ Նիկոլի հերթական մանիպուլյատիվ հայտարարությանը վերաբերող արձագանքներին անդրադառնալ:

Այս իմաստով, երբ տեսնում ենք, թե օրվա ընդդիմության կողմից ինչպիսի գովասանքի խոսքեր են ներբողվում Անկախության հռչակագրին եւ դրա հիմքով մշակված ու այսօր գործող Սահմանադրությանը, թե ինչպիսի սոդոմ-գոմոր է երկրի ընդդիմությունը կանխատեսում այն դեպքի համար, եթե հանկարծ դրանցում ամրագրված կետերից մեկը պակասի, կամ եղածներին նորն ավելանա, անկախ մեզնից հասկանում ենք, որ այս մարդիկ ո՛չ երեկ են հասկացել եւ ո՛չ էլ այսօր են ուզում հասկանալ, որ որեւէ հռչակագիր կամ սահմանադրություն լավ կամ վատ դարձնողը ոչ թե դրանցում ամրագրված կետերի ու դրույթների վատ կամ լավ լինելն է, այլ, առաջին հերթին, դրանցով ապրելու, դրանցով ղեկավարվելու հասարակության եւ պետության պատասխանատվությունն ու կամքը:

Տեսեք, մինչ 44-օրյա պատերազմը մենք 30 տարի շարունակ Անկախության հռչակագրով ու այդ հռչակագրի հիմքով մշակված սահմանադրությամբ էինք մեր պետությունը կառուցում: Բայց հետո տեսանք, որ միայն այն, որ մեր երկիրը համաձայն Անկախության հռչակագրի ու դրա հիմքի վրա մշակված սահմանադրության ենք կառուցել, ամենեւին էլ մեզ չօգնեց, որպեսզի մենք չպարտվենք 44-օրյա պատերազմում: Իսկ չօգնեց, եւ համոզված ենք, որ չէր էլ կարող օգնել, որովհետեւ անցած այդ 30 տարիներին մենք կարեւորել էինք ոչ թե հռչակագրով ու դրա հիմքի վրա մշակված սահմանադրությամբ ապրելու պետության կամքն ու մեզնից յուրաքանչյուրի պատասխանատվությունը, այլ ընդամենը հետեւել ենք, որ հանկարծ այնպես չստացվի, որ այդ հռչակագրում կամ  սահմանադրությունում ամրագրված որեւէ կետ պակասի կամ նորն ավելանա:

Այնինչ պետք է լիներ ճիշտ հակառակը: Ճիշտ հակառակը՝ այն իմաստով, որ մենք դեռեւս այն ժամանակ պետք է հասկացած լինեինք, որ մեր հաջողություններն ու հաղթանակները գալու են ոչ թե հռչակագրում կամ սահմանադրության մեջ ինչ-որ կետ, ինչ-որ դրույթ չպակասեցնելով կամ չավելացնելով, այլ միայն այն ժամանկ, երբ մենք՝ որպես պետություն ու հասարակություն, սովորած կլինենք կարեւորել ոչ թե հռչակագրում կամ սահմանադրությունում ամրագրված կետերն ու դրույթները, այլ դրանցով ապրելու պետության եւ հասարակության կամքն ու պատասխանատվությունը:

Այ, երբ գա այն օրը, որ մենք որպես պետություն եւ հասարակություն հասկացած կլինենք այդ պարզ ճշմարտությունը, կարող ենք համարել, որ սկսվել է մեր հաջողությունների ու հաղթանակների դարաշրջանը: Կարող ենք այդպես համարել, որովհետեւ այդ օրվանից սկսած, ամենամեծ դժվարությունը, որ ցանկացած վատ հռչակագիր կամ դրա հիմքի վրա մշակված սահմանադրություն կարող է մատուցել մեզ, ընդամենը մի նոր հանրաքվե կազմակերպելու եւ նոր հռչակագիր կամ սահմանադրություն ընդունելու հետ կապված դժվարությունը կլինի: Իսկ անկախ պետության գոյության պայմաններում դա արդեն առօրեականին մոտ ինչ-որ բան, ընթացիկ հարցերին համազոր մի հարց կլինի:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ