Իմ տեղեկություններով, ԱՄՆ-ում պաշտոնական մակարդակով քննարկում են Արցախի հայաթափման սցենարը

Իմ տեղեկություններով, ԱՄՆ-ում պաշտոնական մակարդակով քննարկում են Արցախի հայաթափման սցենարը

Արևմուտքում ընտրություններին մարդկանց մասնակցության 50 տոկոսն արդեն համարվում է ցածր, 28 տոկոսը դա շատ ցածր է։ «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը։ Դա նշանակում է, որ մարդիկ չեն կարծում, թե ընտրություններով կարող են ինչ-որ բան փոխել և չեն վստահում այն քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են այս ընտրություններին․ հավատքը կորցրել են՝ մեծ ապատիայի մեջ են։

«Ես աջակցում եմ «Մայր Հայաստան» շարժմանը և ուրիշ շարժումներին, բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են մեզ այս ճգնաժամից հանել, բայց տեսնում ենք, որ մարդիկ հուսահատ են, այլևս չեն հավատում»,-ասաց քաղաքագիտության դոկտորը։
Նա նշեց, որ հինգ տարի առաջ մեծ խանդավառությամբ հավատացինք խոստումներին ու երկիը հասցվեց վերջին հարյուր տարվա ընթացքում ամենաճգնաժամային վիճակին։
«Ես չեմ մեղադրում մարդկանց, որ նրանք այլևս ոչ ոքին չեն հավատում՝ մեզ խաբեցին հերթական անգամ»,- ասաց Խաչիկյանը։ Նա հույսեր է ունեցել, որ ընդդիմադիր ուժերը կկարողանան միավորվել, որպեսզի կոմպետենտ մարդիկ կարողանան առաջ գալ, որպեսզի ազգային միասնության կոմիտե ստեղծվի, որպեսզի այս վիճակից դուրս գանք, բայց ցավոք սրտի դա տեղի չունեցավ։ 

Անդրադառնալով Արցախի խնդրին, Խաչիկյանն ասաց, որ իր տեղեկություններով ԱՄՆ-ում արդեն պաշտոնական ձևով քննարկում են Արցախի հայաթափման սցենարները։
Ակնայի ճանապարհով ՄԱԿ-ի հումանիտար բեռների անցումը կոմպրոմիս էր կողմերի միջև և պարզ է, որ Արբդեջանն ամեն ինչ կանի, որ նորից այդ միջանցքը փակվի, որպեսզի արցախցիները ստիպված լինեն Ադրբեջանից մթերք ընդունել։ Արցախցիներին չի էլ կարելի մեղադրել, որովհետև արդեն ինը ամիս մարդիկ համառորեն դիմակայում են շրջափակմանն ու դրա բոլոր հետևանքներին։

«Շատ ամոթալի է, որ ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպան,  ոչ Միացյալ Նահանգները չցանկացան ռեալ քայլեր անել, որպեսզի այս շրջափակումը վերացվի»,-շեշտեց վերջինս։
Ռուսաստանն իր պարտավորությունները չկատարեց, ասելով, որ մենք դուրս եկանք եռակողմ պայմանագրից, և դա մասամբ ճիշտ է, քանի որ դուրս գալով այդ պայմանագրից՝ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, դրանով մենք փոխեցինք բովանդակությունը ու ՌԴ-ն փորձում է ամբողջ պատասխանատվությունը դնել մեզ վրա։ Ինչ վերաբերում է Արևմուտքին, որը Ադրբեջանի վրա շատ ավելի մեծ լծակներ ունի, այն ընդհանրապես հրաժարվեց որևէ պատժամիջոցներ կիրառել, ինչը շատ վիրավորական է։
«Կամ պետք է այնպես անենք, որ թույլ չտանք ադրբեջանցիները զավթեն Արցախն ու հայաթափեն, կամ պետք է պատրաստ լինենք, որ արցախցիները գան այստեղ։ Շատ զարմանալի է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու ժամանակ հայկական կողմը չպահանջեց երաշխիքներ՝ հենց այդ ժամանակ էր պետք երաշխիքներ ստանալ։ Երբ որ դուք այսպիսի զիջում եք անում, երբ հրաժարվում եք մեր պատմության 30 տարվա արդյունքից ու հանձնում եք՝ հենց այդ օրը պետք էր ստանալ երաշխիքներ, և հենց այդ պահին Արևմուտքը պիտի այդ երաշխիքները տրամադրեր, իսկ Ադրբեջանը համաձայներ, որովհետև հենց Եվրոպայում դա տեղի ունեցավ։ Իսկ այդ զիջումը ստանալուց հետո նրանք կարող են չընդառաջել»,-ասաց քաղաքագիտության դոկտորը։
Չգիտես ինչու Հայաստանում չեն նկատում, որ Ռուսաստանը լայնածավալ հակամարտության մեջ է արևմուտքի հետ, Մոսկվայում և Ռուսաստանի արևմտյան ամբողջ հատվածում հարվածներ են հասցվում և բնական է, որ ՆԱՏՕ-ի հետ զորավարժությունները Հայաստանում դիտարկվում են որպես ուղիղ վտանգ, ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելու փորձ։

«Այսպես մեզ պահելով, ոչ պրոֆեսիոնալ դիվանագիտություն վարելով, մենք միայն մեզ ենք վնասում, օգնում ենք ռուսներին, որ վաղը նրանք ասեն՝ մենք չենք պաշտպանելու Արցախի բնակչությանը, մենք չենք պաշտպանելու Հայաստանը՝ մենք իրենց արդարացում ենք տալիս, սա դիվանագիտություն չի»,-ասաց Խաչիկյանը։
«Փաստացի մենք օգնում ենք Թուրքիային և Ռուսաստանին միմյանց հետ լեզու գտնել, իսկ Հայաստանը մեկուսանում է։ Նույնն է իրավիճակը նաև Իրանի հետ փոխհարաբերություններում։ Սա դիվանագիտություն չէ՝ սա ափսե կոտրել է, մատ թափ տալ է, գոռգոռալ է և այսպես շարունակելով կարող ենք Հայաստանը կորցնել», կարծում է մեր զրուցակիցը։