Արմեն Գևորգյանին բերման կենթարկեն դատարան, եթե մյուս նիստին էլ չներկայանա

Արմեն Գևորգյանին բերման կենթարկեն դատարան, եթե մյուս նիստին էլ չներկայանա

Գրել էինք, որ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը:
Նախորդ դատական նիստը , որը տեղի էր ունենում մոտ մեկ շատբաթ առաջ, հետաձգվել էր ԱԺ  նիստին մասնակցող Արմեն Գեւորգյանի բացակայության պատճառով:


Հիշեցնենք՝ այս գործը երկարատև ընդմիջում էր ունեցել` կապված արձակուրդների, ամբաստանյալների և փաստաբանների բացակայության հետ, ընտրությունների, Սահմանադրական դատարան «Հայաստան» դաշինքի դիմումի։
Սկզբում գործի շրջանակում գործով անցնում էին նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

ՍԴ-ի կողմից ՔՕ 300.1 հոդվածը Սահմանադրությանը հակասող ճանաչելուց հետո Օհանյանի և Խաչատուրովի մեղադրանքները հանվեցին, քրեական հետապնդումը լիովին դադարեցվեց։
Նույն կերպ դադարեցվեց նշված հոդվածով Քոչարյանի և Գևորգյանի քրեական հետապնդումը։ Մնաց միայն կաշառք ստանալու մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հանդեպ և փողերի լվացման մեջ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։
Այս առնչությամբ գլխավոր դատախազությունը դիմել է ՍԴ՝ մեղադրանքի վերաորակավորմանը խոչընդոտող ՔԿՕ դրույթների մասով։ Քոչարյանը նիստերի դահլիճում է,իսկ Արմեն Գևորգյանը կրկին բացակայում է նույն պատճառաբանությամբ՝ մասնակցում է ԱԺ հերթական նիստին, որի ընթացքում քննարկվում է մշտական հանձնաժողովների ձևավորման և նախագահների ընտրության հարցը։

Քիչ առաջ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ եթե Գևորգյանը հաջորդ նիստին էլ չներկայանա, բերման կենթարկվի դատարան։
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Գևորգյանի անձեռնմխելիության հարցով՝ «Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ։ 
Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նշել է․ որ Արմեն Գևորգյանի՝ որպես ԱԺ պատգամավորի իր աշխատանքային գործունեությունն իրականացնելու հանգամանքը չի կարող դիտվել որպես հարգելի պատճառ՝ դատական նիստին ուղղակի այդ հանգամանքով պայմանավորված դատական նիստին չներկայանալու համար։