Բնության վրեժը
Բնության, շրջակա միջավայրի նկատմամբ վերաբերմունքով կարելի է ամբողջական պատկերացում կազմել տվյալ հասարակության մասին։ Թե որքանով է այն գրագետ ու կիրթ, գիտակից ու խելացի, զուսպ եւ հայրենասեր։ Թե ինչ վերաբերմունք ունի սերունդների, ապագայի, սեփական պետության նկատմամբ։ Երեխային սիրելը հո միայն կուշտ կերակրելով ու բրենդային հագուստ առնելով չէ՞, այլեւ նրան ժառանգություն թողնվելիք բնության հանդեպ ցուցաբերած խնամքով ու հոգածությամբ։ Բնության հանդեպ վերաբերմունքն է նաեւ, որ վերադառնում է հանրությանը՝ հիվանդությունների տեսքով։
Երբ 24 ժամ բողոքում ու անիծում ենք մեր չար բախտը, թե ինչու են քաղցկեղն ու այլ ծանր հիվանդություններն այսքան աճել, պետք է դրա պատճառը փնտրենք բնության հանդեպ մեր բարբարոսական վերաբերմունքի մեջ։ Եվ երբ անտառի ծառերը հիվանդանում են, Սեւանա լիճը կանաչում է, ձկները սատկում են, խեցգետինը վերանում է, փոշին խեղդում է մեզ, ջերմաստիճանն ամռանը 40 աստիճանից չի իջնում, իսկ ձմռանը սաստիկ ցրտեր են լինում, բերքն առատ չի լինում, եղածն էլ կարկուտի ու ցրտահարության պատճառով նվազում է, հրդեհներից աչք չենք բացում եւ այլն, եւ այլն՝ այս բոլորի պատճառները պետք է փնտրենք բնության հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։
Լիճը, անտառները, հողը, ջուրը պատժում են մեզ՝ մեր անփութության, իրենց հանդեպ անհարգալից վերաբերմունքի համար։ Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ բնության մեջ նետված ծխախոտի մնացուկը, լճում թափված աղբը, ձկան ու խեցգետնի չափից դուրս անխնա որսը, ամեն մի կտրված ծառը վրեժ են լուծելու մեզնից։ Եվ մեր միջավայրը թունավորվելու է, աղտոտվելու․ մեր շնչած օդն ապականվելու է, մեր օգտագործած սնունդը դառնալու է վնասակար, մեր խմած ջուրը՝ համաճարակի բուն, մեր երկիրը՝ աղետի գոտի։
Կարծիքներ