Ինչ ասաց Մեծ Թուրանի մեծ բարեկամ Ռիչարդ Մուրը Նիկոլ Փաշինյանի ականջին
Պաշտոնական աղբյուրները Մյունխենի անվտանգության համաժողովից մի համառոտ տեղեկատվություն տարածեցին այն մասին, որ տեղի է ունեցել հանդիպում վարչապետ Փաշինյանի եւ Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Իհարկե, միջազգային դիվանագիտական էթիկետով պետությունների ղեկավարներն այլ պետությունների ինչ որ ծառայությունների ղեկավարների հետ չեն հանդիպում` դա արարողակարգային կոպօտ սխալ է, բայց դա չէ խնդիրը, այլ այն, թե ինչ հարցեր են քննարկվել այդ հանդիպմանը` այդ մասին ոչ մի ինֆորմացիա չեղավ: Ավելի ճիշտ կլինի հարցադրումը, թե այս անգամ ի՞նչ հանձնարարեց Ռիչարդ Մուրը Փաշինյանին, քանի որ հատուկ ծառայությունները ոչ թե հարցեր են քննարկում, այլ միայն հանձնարարություններ են տալիս` իրենցից կախման մեջ գտնվող անձանց:
Հիշեցնենք, թե ով է Ռիչարդ Մուրը. Նա Մեծ Թուրանի ջատագովն ու կողմնակիցն է: Նա 2003-2005 թվականներին ապրել եւ աշխատել է Թուրքիայում: 2014-2018 թվականներին զբաղեցրել է Թուրքիայում Մեծ Բրիտանիայի դեսպանի պաշտոնը: Նրա պաշտոնավարման ընթացքում Թուրքիան եւ Մեծ Բրիտանիան դարձան բարեկամ երկրներ: Մուրն իր տարբեր հոդվածներում և հարցազրույցներում հիացմունքով է արտահայտվում «Մեծ Թուրանի» մասին: Ըստ նրա՝ պետք է նպաստել Թուրքիայի ֆունդամենտալ ամրապնդմանը մեր տարածաշրջանում, այդպիսով՝ Ռուսաստանին, Իրանին և Չինաստանին դուրս մղելով այս տարածաշրջանից: Պաշտոնական աղբյուրներում հաճախ է նշվում, որ նա Ղարաբաղյան հարցը քննարկել է Էրդողանի հետ: Իսկ 2020 թվականի պատերազմից երկու օր անց, նոյեմբերի 11-ին, արդեն որպես հետախուզական ծառայության ղեկավար, այցելել է Անկարա, որտեղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարի հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրը։ Հանդիպել են, հավանաբար, իրենց հաղթանակի սկիզբը նշելու:
Ռիչարդ Մուրն առաջին անգամ Հայաստան է այցելել 2022թ. դեկտեմբերին: Այդ օրերին ադրբեջանցի «էկոակտիվիստ» կոչվածները պատրաստվում էին հավաքել վրանները եւ բացել Բերձորի միջանցքը: Սակայն, Մուրի այցից հետո դա տեղի չունեցավ: Այցի շրջանակներում Մուրը հանդիպել է Փաշինյանին եւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին:
Ըստ չհաստատված տեղեկությունների, նա եղել է նաեւ Ջերմուկում: Մյունխենյան հանդիպումից առաջ Լոնդոնում Մուրը ընդունել էր նաեւ ԱԽՔ Արմեն Գրիգորյանին: Դարձալ ոչ մի մանրամասն, թե ինչ հարցեր են քննարկվել:
Ռիչարդ Մուրն արևմտյան ռազմաքաղաքական էլիտաների շրջանակներում հայտնի է իր ընդգծված ռազմատենչ և հակառուսական տրամադրություններով: Ու, որքան հաճախակի են դառնում Մուրի հանդիպումները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այնքան վերջիններս ավելի ընդգծված հառակուսական քայլեր են անում, կամուրջներ այրում: Իսկ թե ինչ կտա Հայաստանին թուրանականության ջատագովի հրահանգները կատարելը, կարելի է ենթադրել: Հայաստանը դարձնում են Թուրանական գործիք եւ զոհաբերում: Դրա հետեւանքները լինելու են կործանարար Հայաստանի համար:
Կարծիքներ