«Խաղաղության» պայմանագի՞ր, թե՞ նոր կորուստների ու նվաստացումների սկիզբ

«Խաղաղության» պայմանագի՞ր, թե՞ նոր կորուստների ու նվաստացումների սկիզբ

«Երկկողմ բանակցությունների մասին հայտարարություններն ուղղակի հայտարարություններ են... ենթադրում եմ, որ նման առաջարկ չի եղել Հայաստանին», այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Սկզբունքները պետք է ամրագրվեն ու կողմերի կողմից պահպանվեն, մինչդեռ Ադրբեջանը «հանկարծակիի» է բերել Հայաստանի իշխանություններին` այնպիսի դրույթներ առաջադրելով, որոնք մեզ համար ընդունելի չեն, այլապես Խանդանյանը չէր հայտարարի, որ այդքան բաղձալի խաղաղության պայմանագիրը դեռևս ստրագրվելու ենթակա չէ։ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին հայտարարեց, որ չնայած պայմանագրի մասով Հայաստանն իր առաջարկները ներկայացրել է Ադրբեջանին, սակայն դեռևս ընդհանուր հայտարարի չեն եկել։ Հարց է ծագում` մի՞թե ՀՀ իշխանություններն ակնկալում էին, որ Երևանը «ադրբեջանական -պապական հող» հայտարարող Ալիևը հաշվի է նստելու իրենց հետ։ 

Եվ այսպես, ի՞նչ կարող ենք ակնկալել այդ «խաղաղության պայմանագրից» ու արդյոք այն կլինի խաղաղության, թե նոր պատերազմական գործողությունների նախերգանքն ազդարարող փաստաթուղթ։ Ադրբեջանական քաղաքական վերնախավի հայտարարությունները փաստում են՝ ՀՀ սուվերեն սահմաններ չկան, ավելին, նրանք քմծիծաղով են խոսում Հայաստանի Հանրապետության տարածքների մասին։ Սրա հստակ ցուցիչն է այն, որ Ալիևը չի պատրաստվում ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունն ինչ-որ սահմանների մեջ։ Ինչո՞ւ ճանաչել մի բան, որը հետո կարող է դառնալ քոնը՝ այսպես է մտածում Ալիևը։ Թշնամին հաշվարկում է իր քայլերն ու փորձում է ավելի շատ բան ձեռք գցել։ Արդյո՞ք խաղաղության պայմանագրի կնքումը ադրբեջանական էքսպանսիայի վերջը կազդարարի՝ ոչ: Այդ ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը զիջում է, նահանջում է, խեղճ է եւ հարմարվող։ 

Ալիևն ու իր աշխատակազմը հաճախակի են խոսում հայկական ռևանշիզմը բացառելու մասին։ Երբ խոսքը գնում է պետության մասին, ռևանշիզմի հիմնական գաղափարակիրը կամ իրագործողը բանակն է, մարտունակ զորքը, իսկ բանակի ու զորքի արժեք Ալիևը շատ լավ գիտի՝ հատկապես 2020-ից հետո։ Բնականաբար նա որոշել է պարտադրել, որ ՀՀ Զինված ուժերը ոչնչացվեն եւ փորձելու է նման դրույթներ ներառել նաև «Խաղաղության պայմանագրում»։ Օրեցօր լկտիացող թշանմին կարող է անգամ պահանջել, որ Հայաստանը սահմանափակ թվով զորք ունենա կամ ընդհանրապես ՀՀ Զինված ուժերը լուծարի։ Եւ այս կառավարության քայլերն են, ըստ ամենայնի, դրան են տանում։ 2020 թվականից հետո հայկական կողմը բանակում գրեթե ոչ մի բարեփոխում, ամրաշինական աշխատանք չի կատարել, իսկ ատեստավորումն ու շատ ցածր աշխատավարձը պատճառ է դառնում, որ պայմանագրայինները հեռանան բանակից: Բանակում մահվան դեպքերն էլ խոսում են բարոյահոգեբանական եւ այլ կարգի դժվարությունների մասին։ Վերջին օրերին միանգամից 2 սպանված զինվորական ունեցանք՝ խաղաղ պայմաններում ծառայության ժամանակ։ Դե իսկ սահմանների հսկողությունն էլ ոչ թե բանակի, այլ սահմանապահ զորքերի վրա է դրված, որոնք հայտնի չէ թե ինչպիսի մարտական վիճակում են եւ ինչ հրահանգներ են ստացել իրենց ղեկավարությունից: Ի վերջո, սովորական ավտոմատով թշնամու տեխնիկայի դիմաց կանգնած սահմանապահներն ինչ կարող են անել` եթե նա որոշի «Սեւ լճի» նոր օպերացիաներ իրականացնել։ Հարցեր են, որոնց պատասխանները չկան։ 

Ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը հետ կկանգնի Զանգեզուրի միջանցքը, Տավուշի ութ «անկլավները», ստրատեգիական նոր տարածքներ «ստանալու» գայթակղությունից՝ վստահ եմ, որ ոչ։ Ի դեպ, այդ տարածքները ստանալու դեպքում մենք կկորցնենք ուղիղ կապը Իրանի ու Վրաստանի հետ, այսինքն փաստացի կհայտնվի թուրք-ադրբեջանական բլոկադայի մեջ։ 

Իսկ երբևիցե մտածե՞լ եք, որ Ադրբեջանը կարող է պահանջներ ներկայացնել նաև Հայաստանի խոշորագույն հարկատու-հանքերի եւ այլ հարստությունների նկատմամբ։ Դրա վառ ապացույցներից մեկն արդեն ունենք՝ Սոթքի հանքի նկատմամբ Ադրբեջանի նկրտումներն ու այդ ուղղությամբ իրականացված ռազմական ագրեսիան։