Պարապ վախտի խաղալի՞ք

Պարապ վախտի խաղալի՞ք

Փաշինյանը, երբ անելիք չի ունենում, սկսում է զբաղվել Սահմանադրություն փոխելով: Թե ասա՝ գործող սահմանադրության ո՞ր մասը քո հագով չէ, որ պատճառ ես գտել երկրի գլխավոր օրենքը բզբզելու: Եվ ամեն անգամ, երբ փորձում է «մոտենալ» մայր օրենքին, ինչ-որ բան նրան խանգարում է դա անել, ինչպես վատ պարողին...
Այս անգամ սկսել է արդարադատության նախարարությունից եւ իրեն հատուկ խուճուճ-մուճուճ տեքստով իրազեկել հանրությանը. «Արդարադատության նախարարի հետ աշխատանքային 1-2 քննարկման ժամանակ ես արձանագրել եմ, որ իմ ու նաեւ մի շարք գործընկերների կարծիքով, եւ այս միտքը ես բարձրաձայնում եմ, որպեսզի այն ավելի լայն քննարկման առարկա դառնա, Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների»: Ամենաուժեղը «ես արձանագրել եմ» արտահայտությունն է, որ սկսել է մարդկանց մոտ ծիծաղ շարժել: Դա արդեն նշանակում է, որ ոչ մի բան էլ չես անելու, քանզի արձանագրածդ ոչ մի բան մինչ օրս իրականություն չի դարձել: Իսկ դու այնքան բան ես արձանագրե՛ե՛ե՛լ…

Դեռ 19 թվին էր արձանագրել, որ 2020 թ․ ապրիլի 5-ին պետք է կայանա սահմանադրական հանրաքվե, որով պետք է լուծվեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի եւ անդամների լիազորությունների դադարեցման հարցը։ Բայց դա նախաձեռնել եւ արձանագրել էր՝ առանց հաշվի առնելու իր հնարավորությունները: «Այո»-ի ճամբարը, որ գլխավորում էր Փաշինյանը, շատ արագ «թքեց փայտիկին», եւ Հայաստանում դեռ 20թ. ապրիլին իշխանափոխություն կլիներ, եթե կորոնավիրուսի պանդեմիան օգնության չհասներ Նիկոլին: Հայտարարեցին, թե հանրաքվեն անորոշ ժամանակով հետաձգվում է: Այստեղ արժե իսկականից արձանագրել, որ դեռ փետրվարի 9-ին էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել հանրաքվեի հրամանագիրը, որի համաձայն՝ այն պետք է կայանար ապրիլի 5-ին, բայց Արմեն Սարգսյանը, քանի որ խելացի մուժիկ է, 21թ. հունվարին ծլկեց Հայաստանից ու դրանով, իբր, լուծեց հանրաքվեի՝ անորոշ ժամանակով հետաձգվելու հարցը: Բայց Արմեն Սարգսյանի այդ քայլից հետո հանրաքվեն ոչ թե հետաձգված է, այլ չեղարկված, ու եթե Նիկոլի օրոք նոր փորձ արվի հանրաքվեի, ապա նա պետք է գնա նոր նախագահի՝ Վահագն Խաչատուրյանի դուռը: Հուսանք, որ Խաչատուրյանը նույնքան «խելացի» չի գտնվի, որքան Արմեն Սարգսյանը, եւ չի ստորագրի Նիկոլի «արձանագրած» հերթական հիմարության տակ, մանավանդ, որ չար լեզուներն էլ իրենց հերթին են «արձանագրում», որ այս անգամ Նիկոլն ուզում է Սահմանադրություն փոխել Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով:
ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին «չար լեզու» չես համարի, բայց նա կարծում է, որ Փաշինյանը թուրքական պետությունների ղեկավարների պահանջով է ուզում Սահմանադրություն փոխել: Մանուկյանը դա ծայրահեղ այլանդակություն է համարում եւ արձանագրում. «Սահմանադրությունը փոխելը Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջն է: Թուրքիան դա պահանջում է, քանի որ Անկախության հռչակագիրը, որին հղում է անում Սահմանադրությունը, անդրադառնում է Ցեղասպանության ճանաչմանը, իսկ Ադրբեջանը՝ Հռչակագրի՝ 1989-ի դեկտեմբերի 1-ի ՀԽՍՀ եւ ԼՂ վերամիավորման մասին որոշմանը հղում կատարելու համար: Փաշինյանի մտադրությունը ծայրահեղ այլանդակություն է»:

Իսկ ի՞նչ են ասում մասնագետները: Tert.am-ի հետ զրույցում արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, օրինակ, արձանագրել է, որ մեր երկիրն ունի ոչ թե Սահմանադրության, այլ սահմանադրականության խնդիր: Ես անվերապահորեն վստահում եմ Գեւորգ Դանիելյանին, իսկ, ահա, թե Նիկոլ Փաշինյանն ու արդարադատության ոլորտի իր, այսպես կոչված, «գործընկերներն» ինչու են որոշել, որ Սահմանադրությունը պետք է փոխվի, չեմ կարող ասել: Ի՞նչը նրան դուր չի գալիս` սուպերվարչապետի իր կարգավիճա՞կը: Նույն Գեւորգ Դանիելյանը դրա դեղատոմսն էլ ունի. «Այսօր շատերը խոսում են, այսպես կոչված, սուպերվարչապետության մասին, սակայն Սահմանադրությունը հետեւողականորեն ճշգրիտ կիրառելու դեպքում, երբ յուրաքանչյուր սահմանադրական մարմին փորձեր գործել բացառապես իր իրավասությանը  համապատասխան, երբեք այդպիսի տպավորություն որեւէ մեկի մոտ չէր ձեւավորվի»: Կարծում եմ՝ «սահմանադրական մարմին» ասելով, պարոն Դանիելյանն առաջին հերթին նկատի ունի հենց վարչապետին, որ պետք է փորձի գործել բացառապես իր իրավասությանը համապատասխան եւ, ներողություն, իմ կողմից էլ ավելացնեմ` թաթերը չգցի ամեն տեղ՝ ԱԺ-ին «կզըցրած» պահի, դատախազին հրահանգներ տա, քննչականի համար ուղեցույցներ գրի, անձնական ոստիկանություն ստեղծի, ԱԱԾ-ին՝ անվտանգություն, իսկ Սուրեն Պապիկյանին զինվորական գործ սովորեցնի եւ այլն, եւ այլն:

Բայց ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը որոշակի խնդիրներ ունի (դե, նա խնդիրներ միշտ ունի) եւ այդ պատճառով է խոսում նոր Սահմանադրության մասին: Ի՞նչ հարց է նա լուծելու դրանով: Խաղաղության պայմանագրի՞, սահմանների ապաշրջափակմա՞ն, «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմություն» դարձնելո՞ւ, երկրի զարգացման վեկտորը փոխելո՞ւ, հայերին կրոնափո՞խ անելու… Ինձ թող մեկն ասի՝ հասկանամ, ի՞նչ հարց է ուզում լուծել Փաշինյանը, ինչո՞ւ կամ ո՞ւմ խորհրդով է այդ ուղղությամբ խորհրդակցություններ անցկացրել իր, այսպես կոչված, արդարադատության նախարարության, այսպես կոչված, «գործընկերների» հետ: Սահմանադրությունը պարապ վախտի խաղալի՞ք է, որ մի օր արթնանաս ու «խորհրդակցություններ» անցկացնես այն փոխելու հարցի շուրջ: Նախորդ փորձը Փաշինյանին դաս չեղա՞վ: Մի յաման սահմանադրագետ կար՝ Վահագն Հովակիմյան անունով, մյուսին էլ Դանիել Իոաննիսյան էին ասում, ամեն ինչ տապալեցին, խայտառակվեցին այնպես, որ Նիկոլն այսօր նրանց անուններւ չի տալիս իր «գործընկերների» մեջ: Ու չկա մեկը, որ Նիկոլին հարցնի՝ իսկ չլինի՞ Էրդողանի տրյուկն ես ուզում անել՝ փոխես երկրի կառավարման կարգն ու թառես նախագահի աթոռին, որ մի 10 տարի էլ երկիրը քանդես: Իսկ կբաշարե՞ս: Էրդողանը ո՛չ իր երկրի կապիտուլյանտն էր, ո՛չ հողատու, ո՛չ էլ՝ դավաճան: Դու թե՛ մեկն ես, թե՛ մյուսը եւ թե՛ երրորդը: Կստացվի՞. խիստ կասկածում եմ՝ հանրաքվեն սովորական ընտրություն չէ, որ քո իմացած մեխանիզմներով հորով-մորով անես, լմննա, գնա: Ժողովրդի կեսից ավելիի մասնակցություն է պետք, այդքան մարդ կմասնակցի՞: Ինչի՞ վրա ես հույսդ դրել, կասե՞ս: