Իրադրությունը բարդ է, բայց այն հնարավոր է մեր օգտին շրջել

Իրադրությունը բարդ է, բայց այն հնարավոր է մեր օգտին շրջել

«Հրապարակի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը

-Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ ադրբեջանցիները պատրաստվում են հրթիռառումբային հարված հասցնել Կաշենի հանքին, եթե իշխանությունները նրանց չթողնեն հանք մտնել: Այս պարագայում ի՞նչ պետք է անեն Հայաստանի և Արցախի իշխանությունները: 

-Ես մեջբերել էի ադրբեջանցի քաղաքագետ, պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ նա նշել էր, որ եթե Արցախի հայերը չգնան զիջման, ապա «Բաքուն կարող է օդից հրթիռառումբային հարվածով քանդել հանքը»: Բայց մենք, նաև համապատասխան մարմինները չեն խոսում այն մասին, որ այս հումանիտար աղետի հիմքում ընկած է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի ղեկավարությունը դեռ այս տարվա հուլիսին բրիտանական Anglo Asian Mining ընկերության շահագործմանն են հանձնել Կաշեն-Դրմբոն հանքը, և այժմ այս կեղծ «բնապահպանները» փորձում են մտնել հանք, որպեսզի հետագայում կարողանան այն տրամադրել բրիտանական ընկերությանը, քանի որ պայմանագրային պարտավորություններ են ստանձնել: Փաստացի, Ալիևն իր վերահսկողության տակ չգտնվող հանքի հետ կապված` ունի պայմանագրային պարտավորություն բրիտանական ընկերության առջև: Ուստի այս ամբողջ գործընթացի հիմքում կան և՛ մոտակա, և՛ հեռակա նպատակներ: Կարճաժամկետ կտրվածքով Ադրբեջանի նպատակը հանքը վերահսկողության տակ վերցնելն է ու բրիտանացիներին հանձնելը, երկարաժամկետ առումով՝ Արցախի հայերին ապրուստի ամեն միջոցից զրկելը, նրանց ահաբեկելը՝ ցույց տալով, որ նրանք չեն կարող անվտանգ զգալ անգամ ռուս խաղաղապահների ներկայության պայմաններում, քանի որ ամեն պահի Ադրբեջանը կարող է փակել այս կենսական ճանապարհը: Որքան էլ իրադրությունը բարդ է, բայց հնարավոր ելքեր կան, անգամ կարելի է այս իրավիճակը խելացի օգտագործել և մեր օգտին շրջել: ԱԳՆ-ն պետք է ներկայացնի իրադրությունը միջազգայիններին կամ օգնի` Արցախի ԱԳՆ-ի ուղերձները տեղ հասցնել: Բացի այդ, այս ամբողջ քաղաքականությունը գալիս է փաստելու, որ Արցախը չի կարող ունենալ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում, քանի որ անգամ ադրբեջանցի պսևդո ակտիվիստներն են «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնամոլ կազմակերպության հետևորդներ և ընդգծված ատելություն ունեն հայերի նկատմամբ: Պետք է մի կողմ դնել անբովանդակ «իրավունքներ և անվտանգություն» խոսույթը և պայքարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար, քանի որ դա է երկարաժամկետ խաղաղության և անվտանգության ապահովման միակ և գլխավոր երաշխիքը: 

-Արցախը հայտնվել է շրջափակման մեջ: Ի՞նչ է լինելու առաջիկայում: Ադրբեջանցիները որքա՞ն են շարունակելու իրենց գործողությունները` Ըստ Ձեզ: 

-Այսօր Բաքվից ավտոբուսներով նոր մարդիկ են բերել Լաչինի միջանցք: «Ցուցարարների» թիվը շատացել է, նրանք ամեն գնով փորձում են հասնել համաձայնության և մուտք գործել հանք: Լուսանկարներից և տեսանյութերից ակնհայտ է, որ նրանց կողքին կանգնած են Ադրբեջանի ՆԳՆ Ներքին զորքերի ուժերը, ինչը ևս մեկ անգամ փաստում է այս ամենի ոչ խաղաղ, այլ ուղղորդված լինելը: Բացի այդ, նրանց շարունակ ուտելիք է տրամադրվում, նաև փորձում են վրանները տաք պահել, բայց նկատեցի, որ որոշ ցուցարարներ նշում էին, որ շատ ցուրտ է: Այսօր Արցախի նախագահի հայտարարությունից էլ պարզ դարձավ, որ Արցախի իշխանությունները չեն գնալու միակողմանի զիջումների: Դժվարանում եմ ժամկետներ ասել, բայց, դատելով իրավիճակից, ադրբեջանական կողմը դեռևս չի պատրաստվում բացել ճանապարհը: Սակայն եթե նկատեն, որ միջազգային հանրության շրջանում աղմուկ է բարձրանում, ապա կարող են գնալ հանգուցալուծման: Բայց դա խնդրին լուծում չի տա, հետագայում նման քայլեր էլի կանեն, նոր սադրանքների կգնան, քանի որ իրենք նպատակ են դրել ամեն գնով հասնել Արցախի հայաթափմանը: «Չկան հայեր, չկա խնդիր». սա է Ադրբեջանի «խաղաղության» բանաձևը: 

-Հայաստանի իշխանություններն այս առումով կրավորական կեցվածք են ընդունել, ոչ գվվում են, ոչ բվվում: Սա ի՞նչ է նշանակում և ինչպիսի՞ ազդեցություն է ունենում պաշտոնական Բաքվի վրա: 

-Սա ևս մեկ անգամ փաստում է, որ իշխանությունները ոչնչի ունակ չեն, նրանցից, ցավոք, ոչինչ չենք կարող ակնկալել: Մի երկու իշխանական պատգամավորներ տեսա, որոնք խոսել էին, թե իբրև իրենք իրավիճակի հետ կապ չունենլ ու սլաքներն ուղղել էին խաղաղապահների վրա: Այնպես որ, նրանց խոսացածը հիմնականում դառնում է գործիք ադրբեջանական քարոզչամեքենայի ձեռքին: Այստեղ խնդիրը Բաքուն չէ միայն: Խնդիրն այն է, որ մեր 120 հազար հայրենակիցները, որոնցից 30 հազարը երեխաներ են, շրջափակման մեջ են, այդ մարդիկ պետք է զգան Հայաստանի աջակցությունը՝ և՛ պետական, և՛ հանրային մակարդակով: Մեր ՀԿ-ները, որոնք զբաղվում են մարդու իրավունքների հարցերի բարձրաձայնմամբ, կարող են շատ մեծ օգուտ տալ իրենց կապերով: Լռելով մենք ոչ միայն կօգնենք Բաքվին, այլև աշխարհին ցույց կտանք, որ մենք մենակ ենք թողնում մեր 120 հազար հայրենակցի, դրանից հետո էլ ի՞նչ պահանջենք միջազգային հանրությունից: 

-Խոսվում է հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին: Որքանո՞վ է դա իրատեսական այսօր: 

-Ինձ թվում է` Բաքուն դեռևս փորձում է խուսափել ուղիղ ռազմական գործողություններից, բայց չեմ բացառում, որ եթե զգան, որ անպատիժ են, և համարժեք արձագանքներ չկան, կգնան նաև ռազմական սցենարով: Ուստի դա բացառելու համար կարևոր է, որ այսօր մեծ աղմուկ բարձրացվի միջազգային հարթակներում, կրկնում եմ` սա պետք է օգտագործվի ցույց տալու համար աշխարհին՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս: Սա նաև Արցախի սուբյեկտայնությունը բարձրացնելու նպատակին կարող է ծառայեցվել: