Միմյանց ոչնչացնելու մարմաջը կարող է ավելի խորանալ

Միմյանց ոչնչացնելու մարմաջը կարող է ավելի խորանալ

Հարցազրույց լեզվաբան Նարինե Դիլբարյանի հետ

- Տիկին Դիլբարյան, վերջին մեկուկես տարում բանավոր եւ գրավոր խոսքի մշակույթում որակական ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։ Համացանցը լի է հայհոյանքներով, ատելության եւ ծաղրի խոսքերով։ Ինչպե՞ս ու ե՞րբ սիրո եւ համերաշխության մթնոլորտը փոխակերպվեց ատելության խոսքի։

- Նախ ուզում եմ արձանագրել, որ հեղափոխությունը թավշյա, ոչ բռնի եւ խաղաղ էր միայն քաղաքացիական անհնազանդությունների մեջ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների մասնակցության բացակայությամբ։ Անկեղծ լինենք՝ հեղափոխության ընթացքում հակադիր ճամբարների հանդեպ որդեգրվեցին թշնամական կամ ոսոխին վերաբերող գործիքակազմեր։ Հիշում եք՝ ինչպիսի նկարներ եւ ինչ խոսքեր էին գրվում ամենուրեք՝ պատերին, ճանապարհների վրա․ դրանք անձնական վիրավորանքի մակարդակի եւ կոպիտ, հայհոյախառն բառապաշարի դրսեւորումներ էին։ Հետեւաբար, պետք է արձանագրել, որ ոչ թե վերջին շրջանում է կոպտաբանությունը մեզանում դարձել համատարած, այլ պայքարի թատերաբեմում այդ գործիքը ծնվեց հանկարծակի, որովհետեւ հայերենն ի սկզբանե հարուստ չի եղել լուտանքներին բնորոշ խոսքերով, մենք դրանք մեծիմասամբ փոխառել ենք։ Բայցեւայնպես, տեղի ունեցավ այդ երեւույթը, եւ ես կարծում եմ՝ դա ոչ այնքան լեզվաբանական, որքան հոգելեզվաբանական երեւույթ է։ Պետք է ընդունել, որ նախորդ իշխանությունների բռնությունը չափազանց երկար տեւեց, եւ շատերի համբերության բաժակը լցվել էր։ Որքան համբերությունը սկսում է հատնել, այնքան գործողությունները դառնում են նյարդային, կոպիտ, հախուռն եւ քաոսային։ Մենք կարողացանք ազատվել հին համակարգի անձերից, սակայն, եկեք ընդունենք, որ հին համակարգը՝ արդեն նոր անձերով, դեռեւս շարունակում է գոյատեւել, ուստի այդ գոյատեւումն առաջ է բերում նորից նույն ոսոխի դեմ ուղղված գործելակերպի, իսկ ոսոխին ուղղված արտահայտությունները լինում են կոպիտ, վիրավորական։ Ընդհանրապես, պետք է արձանագրել, որ չլուծված խնդիրներն են պատճառը, որ այդ կոպտությունը, միմյանց վիրավորելը՝ թե՛ սոցիալական ցանցերում, թե՛ դրանցից դուրս, կարող են իրենց թույլ տալ նաեւ պատկառելի տարիքի եւ պաշտոնի մարդիկ։ Մենք այսօր ունենք 2 բարիկադներ եւ 2 կողմից դժգոհ մարդիկ, որոնք դժգոհ են փոփոխությունների կատարման դինամիկայից, կամ էլ նրանց սպասումների շեմն է բարձր եղել։ Ազատության բացակայությունն է հանգեցնում այդ կոպտաբանություններին, լուտանքներին՝ ու, չգիտես ինչու, բոլորն ուզում են հիշել անցյալը, օրինակ՝ անցյալում փնտրել, որ նրանց ծնողները սրիկա էին, ու ինչ-որ կապեր գտնել։ Համընդհանուր նյարդախտի մթնոլորտը շարունակում է թեւածել, եւ հասարակական շատ անառողջ զարգացումներ են առաջանում։ Ցավոք, ես չունեմ ուրիշ սպեղանի առաջարկելու, բացի համակարգային փոփոխություններից․ եթե Հայաստանում իրապես չփոխվի կառավարման համակարգը, եւ մենք չձերբազատվենք հին գործիքակազմից, ապա միմյանց ոչնչացնելու մարմաջը կարող է ավելի խորանալ։

- Այդ համակարգային փոփոխությունները, ֆիլտրումը որտեղի՞ց եւ ինչպե՞ս պետք է արվեն, որովհետեւ համացանցի սահմաններն ընդլայնվում են, ազդեցությունը՝ աճում։

- Համակարգային փոփոխությունները պետք է վերաբերեն պետական կառավարման համակարգին։ Որոշ նախարարություններ, վարչություններ միավորվեցին, բայց քաղաքացին տեսնում է, որ դրանից իր աշխատանքը չդյուրացավ, այլ ավելի խառնակվեց, եւ այն մարդիկ, ովքեր աշխատում էին, սթրեսներ ապրեցին, այսինքն՝ նրանց զայրույթի եւ ցասման գործակիցը բարձրացավ։ Այո, նախարարներ լքեցին իրենց պաշտոնը, եկան նոր մարդիկ, բայց նոր մարդիկ՝ հին համակարգի մեջ։ Չփոխվեց նաեւ կադրերի ընտրության սկզբունքը, էլի գնաց անձնական հավատարմության կամ թիմայնության սկզբունքը, ոչ այնքան մասնագիտական պատրաստվածության եւ փորձառության՝ եթե մեր թիմից է, ուրեմն վստահելի է։ Բայց փորձը ցույց տվեց, որ նույն թիմից լինելը դեռ բավարար պայման չէ արդյունավետ աշխատելու համար։ Մեզ անհրաժեշտ է ունենալ նաեւ արդյունավետ կուսակցություններ, որտեղ մարդիկ կինքնադրսեւորվեն․ հիմա մարդիկ որտեղ են դրսեւորվում՝ Ֆեյսբուքի էջերում, գրում են իրար հասցեի զարհուրելի արտահայտություններ, բայց եթե մենք ունենանք քաղաքացիական կազմակերպված սեկտոր՝ կուսակցություններ, ՀԿ-ներ, ապա մարդիկ իրենց էներգիան կռեալիզացնեն այդտեղ։ Իսկ մարդիկ ունեն ավելորդ էներգիա, որն աշխատանքից եւ ընտանիքից դուրս ինչ-որ տեղ պետք է հեղվի։ Հենց ունենանք իրական կուսակցություններ, ոչ թե կուսակցություններ, որոնք հիմնված են զուտ իշխանության գալու նպատակի վրա եւ չունեն որեւէ «իզմ» կամ գաղափարաբանություն, մարդու էներգիան էլ չի պարպվի վիրավորանքների մակարդակում։ Այս ամենից բացի, դաստիարակության խնդիրն էլ կա։ Հիմա քննարկվում է բարձրագույն կրթության մասին օրենքը, բայց ես շատ եմ կարեւորում նաեւ նախադպրոցական եւ դպրոցական կրթության որակը։ Մենք դպրոցում ի՞նչ լեզվական մշակույթ ենք դնում։ Ինստիտուցիոնալ փոփոխությունները երկարատեւ ու բարդ են, բայց դրանք անհրաժեշտ են։

- Այն, ինչ կատարվում է սոցիալական ցանցերում, Ֆեյսբուքում, որքանո՞վ է արտացոլում բուն իրականությունը։     

- Իմ համոզմամբ՝ համացանցային այդ կրքերը մի քիչ գրոտեսկային են, դրանք փոթորիկներ են՝ փոքր տարածքներում, բայց հայոց պետականության ծովում դրանք ծովախորշեր են, ընդ որում՝ վտանգավոր։ Ենթադրենք՝ գնում ենք մի գյուղ, որտեղ գյուղապետին փոխել են, դուք հետեւում եք դա արդեն սոցիալական ցանցերից դուրս, Live-ով ամեն ինչ հեռարձակվում է, մենք էլի տեսնում ենք, որ այդ գյուղի բնակիչները, դիցուք՝ ջրօգտագործողները, տվյալ ձեռնարկության աշխատակիցները հաճախ նույնքան ագրեսիվ են, որքան ֆեյսբուքյան օգտատերերը, այսինքն՝ ներքեւի տիրույթներում շառաչ եւ կատաղություն է։ Ֆոլկներն այդպիսի մի հայտնի վեպ ուներ՝ «Շառաչ եւ կատաղություն»․ այդ մակարդակը կա։ Փառք Աստծո, դեռ չի ընդգրկել հանրային մեծ մակարդակ, բայց ժամանակն է՝ միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ իրենց էներգիան պարպելու տեղ ունենան, բայց անեն քաղաքակիրթ ձեւով եւ կարողանան իրար չարհամարհել, չխորշել, չատել, որովհետեւ ատելությունն այդ մակարդակում փակուղի է։

- Ի վերջո, խոսքը նաեւ ուժ ունի։

- Իհարկե, ինչպես ասում են՝ թրի կտրածը կարող է առողջանալ, բայց խոսքով հասցված վիրավորանքը հիշվում է դարեդար։ Հետո՝ այդպիսի բացասական խոսքեր ասողներն իրենք իրենց վրա են ազդում, բումերանգի պես է՝ վերադառնում է քեզ, բայց մեր կրթական մակարդակը ցածր է, մեզ մոտ տաբուն միայն վախն է, իսկ երբ մարդը կորցնում է այդ վախի զգացողությունը, սկսում է անկառավարելի եւ վտանգավոր վարքագիծ դրսեւորել, այնինչ իրականում տաբու պետք է լինեն նաեւ սերը, համերաշխությունը, դու պետք է հասկանաս, որ եթե անգամ հակառակորդի գործելակերպը քեզ դուր չի գալիս, կամ ինքը, դիցուք, ստում է, ապա նրա սուտը մերկացնելու ավելի նորմալ գործիքակազմ կա, քան թե հայհոյանքը եւ նրա ծնողներին հիշելը։