Կուշտը` սովածին

Կուշտը` սովածին

Մի բան փտել է Դանեմարքայում: Արցախում կիրակի օրվա հանրահավաքը, որը միասնության, համերաշխության, կամքի եւ պայքարի իրական ցուցադրություն էր, Հայաստանում ոմանք միանշանակ չեն ընդունել: Մարդկանց մի փոքր խումբ կա, որը ոչ թե հիանում եւ հուզվում է այդ միասնականությունից, ոչ թե ողջունում է, որ մեր հայրենակիցները կարողացել են հասնել չարենցյան ճշմարտությանը, այլ քննադատում է, անիծում, դատապարտում: Այդ մարդկանց հասու չէ, որ մեր հայրենիքի այդ փոքրիկ հատվածում, որտեղ հազար ու մի վտանգ եւ խնդիրներ կան, որտեղ ապրելը հեշտ չէ, որտեղ մարդիկ, ըստ էության, պատանդ են թշնամու ձեռքում, եւ նրանց կապը մայր Հայաստանի հետ կարող է ամեն րոպե ընդհատվել, չեն լքում իրենց հողը, չեն փախչում ապահով երկրներ, չեն հուսահատվում դժվարություններից, անտարբեր չեն դառնում, այլ փողոց են ելնում եւ իրենց կարծիքն արտահայտում:

Իհարկե, այդ զանգվածի մեջ կարող են լինել եւ կան անարժաններ, իհարկե` որոշ ելույթներ կարող էին ավելի լավը լինել, եւ կարգախոսներն ու դրոշներն էլ այլ լինել: Եվ մեզնից ոմանք կարող են չհամաձայնել դրանց բովանդակության, ուղղվածության հետ, բայց ամեն երեւույթ պետք է գնահատել իր նշանակության եւ ամբողջության կոնտեքստում: Լավ կլինի՝ մեր հայաստանյան տաքուկ հեռուներից արված դատողությունները պահենք մեզ ու երբեմն էլ կասկածենք մեր համոզվածության մեջ:

Ո՞վ կարող է այս խախուտ եւ անկանխատեսելի ժամանակներում պնդել, թե որ ուղղությունն է մեզ համար ճիշտ` Ռուսաստանի հետ բարեկամությո՞ւնը, թե՞ արեւմտյան կողմնորոշումը: Եվ եթե անգամ հայաստանցիների մի մեծ խավ Ռուսաստանից երես է թեքել, արդյո՞ք նման շռայլություն իրենց կարող են թույլ տալ մեր արցախցի եղբայրները, որոնց անվտանգության միակ երաշխավորն այս պահին Ռուսաստանն է: