«Հրապարակ»․ Սերժ Սարգսյանին էլ էին մեղադրում վեկտոր փոխելու մեջ
«Հրապարակի» զրուցակիցն է քաղաքագետ Հակոբ Բադալյանը։
- Հայաստանի հանրության մեջ սրվել են «Արեւմո՞ւտք, թե՞ Ռուսաստան» դիսկուրսները: Արցախում միայն Ռուսաստանի մեջ են տեսնում իրենց փրկությունը։ Եթե Հայաստանն ընտրի արեւմտյան վեկտորը, Հայաստանի եւ Արցախի միջեւ ջրբաժան չի՞ առաջանա։
- Հարցադրումը կարող ենք նաեւ հակառակ կողմից անել․ եթե ընտրվի, ենթադրենք, ռուսական վեկտորը, արդյոք դա չի՞ առաջացնի նույն բաժանումը։ Երբ մենք Հայաստանն ու Արցախը կանգնեցնում ենք այդպիսի ընտրության առաջ, այսինքն՝ մենք ընտրում ենք Ռուսաստան, թե Արեւմուտք կամ` երբ մենք Արցախն ու Հայաստանը դնում ենք այդպիսի ընտրության առաջ, սա առաջին հերթին նշանակում է Արցախն ու Հայաստանը զրկել սուբյեկտությունից։ Դա նշանակում է, որ դու ընտրում ես, թե ով է սպասարկելու քո սուբյեկտությունը՝ լինի Ռուսաստանը, թե Արեւմուտքը։ Երկու դեպքում էլ դու դնում ես քո սուբյեկտությունից հրաժարվելու հարց, այսինքն՝ մնում է խնդիրը, թե ում ես ավելի նպատակահարմար գտնում պատվիրակել քո խնդիրները եւ դրանց լուծումը։ Երկու դեպքում էլ մենք ստանում ենք նույն հետեւանքը՝ առավել եւս մի աշխարհում, որի ամենաբնորոշ հատկանիշն անորոշությունը եւ անկանխատեսելիությունն է։ Եվ ես կարծում եմ՝ պետք է առավելագույնն անել՝ այդպիսի հարցադրումներից խուսափելու համար։ Քաղաքական մոտեցումների տեսանկյունից ես կարծում եմ, որ ոչ միայն վատ չէ, նույնիսկ ողջունելի է, երբ կա բազմազանություն։
Ամբողջ հարցն այն է, որ մեզանում ամեն ինչը կողմնորոշման հարցադրման է հանգել՝ զուրկ գործնականում քաղաքական բովանդակությունից։ Այս պարագայում այդ ջրբաժանի ռիսկը կա եւ մեզ համար ավելի ջլատող հանգամանք է, քան մեր խնդիրների լուծում բերող հանգամանք։ Մենք պետք է առաջին հերթին նախ հասկանանք, թե մեր ներքին կյանքն ինչպես ենք կազմակերպում, որ այդ կյանքը կառուցված լինի ինչ-որ բան ստեղծելու տրամաբանության վրա, ոչ թե տարբեր կարծիք կրողներին ոչնչացնելու։ Մենք այսօր ապրում ենք ներքին կյանքի մի ռեժիմում, որտեղ ապրելով՝ որեւէ արտաքին կամ անվտանգային լուծում գտնելը չափազանց բարդ է, եւ հիմա մենք պետք է այդ հարցերը լուծենք։ Հետո կհասկանանք, թե որ հարցում Ռուսաստանի հետ աշխատանքն է մեր խնդրի լուծումը եւ որ հարցում Արեւմուտքի հետ աշխատանքը։
- Արտաքին քաղաքական վեկտորի մասին քննարկումները դաշտ նետելով՝ արդյոք իշխանությունները չնպաստեցի՞ն, որ նման քննարկումներ ծավալվեն հասարակության ներսում։
- Ես չեմ տեսնում, որ Հայաստանն արտաքին քաղաքական վեկտոր է փոխում։ Օրինակ, Հայաստանի վարչապետը, մի կողմից, աշխատում է Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ, մյուս կողմից՝ Հայաստանում ընդունում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետներին եւ հայտարարում, որ Եվրասիական միությունը լիովին արդարացրել է իր տնտեսական նշանակությունը, եւ այլն։ Հիմա սա վեկտոր փոխող երկրի՞ հայտարարություն է, այսինքն՝ վեկտորի փոփոխման մասին այս խոսակցությունները, իմ գնահատմամբ, ավելի շատ պայմանավորված են ներքաղաքական կոնյունկտուրայով, այսինքն՝ որպես ընդդիմախոսություն ներկայացվում են իշխանությանը, որ, օրինակ, Ռուսաստան, տես՝ այս իշխանությունը վեկտոր է փոխում, քեզ խաբում է եւ այլն, իսկ դու մինչեւ հիմա այս իշխանությանը պահում ես, ամեն ինչ արա, որ այս իշխանությունը հեռանա, մենք կգանք, եւ ոչ մի վեկտորի փոփոխություն չի լինի։ Ես ինչու եմ այսպես գնահատում, որովհետեւ այս տրամաբանությամբ էր Հայաստանի ներքաղաքական կյանքն առնվազն վերջին տասնամյակում, այդ նույն շեշտադրումներով, նույն փիլիսոփայությամբ ընդդիմախոսության տակ էր Սերժ Սարգսյանը, որին դարձյալ մեղադրում էին, որ վեկտոր է փոխում, Հայաստանը տանում է Արեւմուտք, եվրաասոցացման է գնում եւ այլն։ Եվ այդ ամենը նորից հասցեագրում էին Մոսկվային, ասում էին՝ տեսեք, մենք ձեզ հավատարիմ ուժեր ենք, հեռացրեք Սերժ Սարգսյանին, եւ ոչ մի խնդիր չի լինի։ Մոսկվայում այս ամեն ինչի վրա ծիծաղում են: Այո, կան ուժեր Մոսկվայում, որոնք փորձում են այս ամեն ինչն օգտագործել իրենց խնդիրները լուծելու համար, այդ թվում՝ Ռուսաստանի ներիշխանական հարաբերություններում։ Բայց եթե ռուսական քաղաքականության որոշումների կայացման կենտրոնով ենք դիտարկում, ես կարծում եմ՝ այդ երեւույթների վրա ծիծաղում են, եւ սրա գլխավոր բանաձեւը նույնիսկ հնչեց 2015 թվականին ռուսական, այսպես ասենք, խոսափողներից մեկով, երբ պարզ տեքստով ասացին, որ նրանք, ովքեր մտածում են Ռուսաստանի միջոցով Հայաստանում ինչ-որ մեկին հեռացնել իշխանությունից եւ գալ իշխանության՝ զբաղված են կլոունադայով։ Վեկտոր փոփոխել, Ռուսաստանին դավաճանել՝ այս ամենը զուտ ներքաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված խոսակցություններ են։ Վեկտոր փոփոխող Հայաստանը հայտարարում է, որ ինքը ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չի՞ դնում։
- Երբ հավաքական Արեւմուտքն ակտիվ գործունեություն է ծավալում մեր տարածաշրջանում, դա չի՞ խոսում վեկտորի փոփոխության մասին։
- Այո, աշխատում ենք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի հետ, չաշխատե՞նք: Առավել եւս, երբ տեսնում ենք այս անորոշ եւ անկանխատեսելի աշխարհակարգը։ Երբ չգիտենք, թե ռուսական մեխանիզմից ինչը կաշխատի, ինչը չի աշխատի։ Պարզ տարբերակներ, օրինակ, մեր անվտանգության մեխանիզմները, որոնք կապված են Ռուսաստանի հետ, լրջագույն խնդիրներ են առաջացնում, երբ ադրբեջանական ագրեսիվ գործողություններ են լինում Արցախի կամ Հայաստանի հանդեպ։ Մենք այսօր մի աշխարհում ենք, որտեղ պարտավոր ենք աշխատել բոլորի հետ։ Բոլորի հետ աշխատանքը ներկայացնել որպես վեկտորի փոփոխություն՝ ես առայժմ դրա հիմքերը չեմ տեսնում, բացի ներքաղաքական մոտիվներից։
- Ընդդիմադիր որոշ գործիչներ ասում են, որ Նիկոլ Փաշինյանի` 2 աթոռի վրա նստելու փորձերը շատ ծանր կարող են արժենալ Հայաստանի համար․ հիմնավո՞ր են այդ մտահոգությունները։
- Ես չեմ կարող ասել՝ հիմնավոր են, թե ոչ, բայց պարզ օրինակ բերեմ․ այսօր կա՞ աշխարհում երկիր` Բելառուսից բացի, որ չի փորձում աշխատել տարբեր ուղղություններով։ Նույն Ադրբեջանը, այսինքն՝ մեր մրցակից, թշնամի, հակառակորդ պետությունն ինչպես է աշխատում, մենք ինչպե՞ս կարող ենք չաշխատել մի աշխարհաքաղաքական բեւեռի հետ, որը սերտորեն աշխատում է մեր թշնամու հետ՝ որեւէ տրամաբանության ենթակա՞ է այդ չաշխատելը։ Այսինքն՝ եթե մենք փորձում ենք Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ աշխատել, դա վեկտորի փոփոխությո՞ւն է, այն դեպքում, երբ նրանք աշխատում են Ադրբեջանի հետ։ Մենք պարտադրված ենք աշխատել, որպեսզի չեզոքացնենք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ադրբեջանի հետ նրանց աշխատանքում։ Բայց շատ կարեւոր է նաեւ, որ այդ աշխատանքը Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ չկառուցենք Ռուսաստանի հետ հարաբերության հաշվին։ Ես այսօր չեմ տեսնում, որ մենք դա անում ենք Ռուսաստանի հետ հարաբերության հաշվին․ հակառակը՝ մենք կարող ենք նույնիսկ խոսել եւ բերել փաստեր, որ Ռուսաստանն է Հայաստանի հաշվին ինչ-որ հարաբերություններ կառուցում Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ: Սա տասնամյա քարոզչական թրենդ է, որը մեր քաղաքական համակարգի եւ մտածողության արատի դրսեւորման եւ դատարկության դրսեւորման արդյունք է, որովհետեւ, երբ բովանդակային օրակարգեր չեն ստեղծվում, քաղաքական պայքար ասվածը մնում է միայն այսպիսի մանիպուլյատիվ շահարկումների հույսին։ Նույնիսկ եթե դնենք մի կողմ հայ-ադրբեջանական հակամարտությունը, կա ուկրաինական պատերազմը, որն աշխարհի փաստացի նոր վերաբաժանման պատերազմն է, եւ մենք բացարձակապես չգիտենք, թե ինչպես ու երբ կվերջանա այն, ինչ հարաբերակցությամբ, ինչ արդյունքով։ Հիմա մեր գերխնդիրն է՝ անել առավելագույնը՝ մի կողմից Ռուսաստանին դեմ չգնալու, մյուս կողմից էլ՝ չհայտնվելու արեւմտյան բեւեռի դեմ։
Կարծիքներ