Կհաղթի՞ արդյոք Հ2-ը

Կհաղթի՞ արդյոք Հ2-ը

Առաջին ատյանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանը բավարարել էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ի հայցը՝ անվավեր ճանաչելով ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 04.06.2021թ. «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին» թիվ 93-Ա որոշումը:

Սույն որոշումը Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն ու Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը բողոքարկել էին նախ վերաքննիչ վարչական դատարան, ապա նաեւ՝ վճռաբեկ դատարան, սակայն վերաքննիչն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ վճռաբեկը մերժել է վարույթ ընդունել բողոքը, ինչը նշանակում է, որ դատական պրոցեսն ավարտվել է, եւ սկզբնական վճիռը մտել է ուժի մեջ, այսինքն՝ անվավեր է ճանաչվել ՀՌՀ որոշումը, եւ պետք է նոր մրցույթներ հայտարարվեն հեռուստաալիքների համար։ 

Հանրային մուլտիպլեքսում սլոթների օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին ՀՌՀ հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ները եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն: ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող էր ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը եւ նրանց տրամադրել է Երեւան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Նշենք, որ սա կարմիր լոգոյով Հանրային հեռուստաընկերությունն է, այլ ոչ թե հիմնական հանրայինը, որն առանց որեւէ մրցույթի ունի իր ուրույն տեղը: Այսինքն՝ Հանրայինը երկու ալիք է օգտագործում, իսկ Հ2-ին զրկեցին եթերից, որովհետեւ այն պատկանում է Սամվել Մայրապետյանին եւ առնչություններ ունի ընդդիմության հետ։

ՀՌՀ-ն սրտի կսկիծով, սակայն ստիպված էր կատարել դատարանի՝ ուժի մեջ մտած որոշումը, եւ նոր մրցույթ մեկնարկեց: Նշենք նաեւ, որ ՀՌՀ-ն չի կարող լիցենզիայից զրկել արդեն հաղթած հեռուստաալիքներին, որովհետեւ դա անելու համար չկա օրենքով նախատեսված մեխանիզմ, իսկ հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը պետության պարտավորությունն է, որով նա ապահովում է ՀՀ բնակչության տեղեկատվության իրավունքը, ուստի հեռուստաընկերությունների գործունեությունը չի կարող դադարեցվել, եւ Հանրայինի լրատվական ալիքը եւս վերադարձվել է եթեր, մյուսներն էլ պետք է հեռարձակվեն` մինչեւ նոր մրցույթի ավարտը:

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից հետաքրքրվեցինք, թե արդեն ընդունո՞ւմ են հայտեր, ո՞ր հեռուստաընկերություններն են դիմել ազատ սլոթի մրցույթի համար, եւ, վերջապես, ե՞րբ է հայտերի ընդունման վերջնաժամկետը: Մեր հարցերին ի պատասխան ՀՌՀ-ից նշեցին, որ մայրաքաղաքային սլոթի հայտերի ընդունման ժամկետն արդեն ավարտվել է: Դիմել են միայն Հայկական երկրորդ հեռուստաալիքը եւ Հանրային հեռուստաընկերությունը՝ կարմիր լոգոյով, իսկ ահա հանրապետական սլոթի համար մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 13-ին եւ կավարտվի հոկտեմբերի 3-ին: ՀՌՀ-ից նշեցին, որ չեն կարող ասել, թե ովքեր են դիմել հանրապետական սլոթի սփռման համար, քանի որ շատերը վերջին օրերին են դիմումները ներկայացնում: