ՔՊ-ն պայթեցնել չի կարելի

ՔՊ-ն պայթեցնել չի կարելի

Խոսքը ՔՊ-ի քաղաքական պայթյունի մասին չէ, այլ՝ ֆիզիկական, այն է՝ ահաբեկչական պայթյունի: Ոչ մի պարագայում չի կարելի թույլ տալ, որ ՔՊ-ն պայթի: Խոսքս առաջին հերթին ուղղում եմ ՀՀ իշխանությունների կողմից չկառավարվող ահաբեկչական խմբավորումներին: Հանկարծ չփորձեք նման բան անել: Դրանով դուք կսրբադասեք Փաշինյանին եւ նրա ղեկավարած խունտան, ինչը մեծ հարված կլինի հայ ժողովրդին, որն ինչքան էլ պարտված ու հուսալքված, Փաշինյանին սրբադասելու որեւէ ծրագիր չունի: Այդ հարցը պարզապես չի քննարկվում: Պայմանավորվեցի՞նք: Հրաշալի է:

Իսկ հիմա դառնամ ՔՊ գրասենյակներից մեկի մուտքի, թե պատի տակ հայտնաբերված «միջուկային ռումբին», որը մեծ արագությամբ վնասազերծվեց համապատասխան ծառայությունների կողմից: Հիացմունքս, տղերք, չեմ կարող թաքցնել: Կեցցեք: Կատակ հո չի՞, բա որ հանկարծ պայթեր… ՔՊ-շնիկներ, անցած լինի: Դուք այդքան հեշտ ու արագ էն աշխարհ գնալու իրավունքը չեք վաստակել: Հատկապես այս իմաստով այդ ծառայությունների պրոֆեսիոնալ աշխատանքն իսկապես գովելի է: ՔՊ-շնիկները պետք է երկար ապրեն, այնքան երկար, որ հասցնեն պատասխան տալ իրենց գործած բոլոր մեղքերի համար: Իսկ ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա բոլոր ՔՊ-շնիկներից ավելի երկար պետք է ապրի, որովհետեւ նրա հետեւից ձգվող մեղքերի պարանն ավելի երկար է: Բացի այդ, քաղաքացի Փաշինյանը, որպես հանցակից կամ վկա, անցնում է բոլոր ՔՊ-շնիկների գործերով, իսկ դա լուրջ պատճառ է, որ նրա համար լուրջ, շատ լուրջ անվտանգային միջոցառումներ իրականացվեն:

Իսկ ինչպե՞ս ռումբը հայտնվեց ՔՊ-ի մոտ: Մի «ականատես» տիկին այսպես բացատրեց. «Նկատեցի մի տոպրակ, որի մեջ սենց երկար, կլոր, մեջը ծակ, խողովակի նման բան կար: Զանգեցի ղեկավարին, ինձ ասաց՝ զանգիր ոստիկանություն: Ես էլ զանգեցի, բոլորը եկան…»: Այ քեզ հաջողություն: Հատուկ շնորհակալություն աչալուրջ տիկնոջը, իսկ ահա պարսավանքս այդ գրասենյակի ղեկավարին, որ անձամբ չի զանգահարել ոստիկանություն, այլ հանձնարարել է նույն տիկնոջը: Ես արդեն կասկած չունեմ, որ այդ «ղեկավարը» ՔՊ-շնիկ է, մեկը նրանցից, որ կնախընտրեր արագ տեղափոխվել ի վերին Երուսաղեմ ու պատասխան չտալ իր քայլերի համար: Ինչեւէ, համապատասխան մասնագետները եկան եւ առանց ավելորդ քաշքշուկի տարան ռումբը: Թերթերը գրեցին, որ մասնագետներն աշխարհի տակ է՛լ փորձաքննություն ու հետազոտություն չեն թողել՝ կատարել են ցելոֆանի տոպրակի պարունակության հետ, ընդհուպ՝ դատահրաձգաբանական: Արդյունքների մասին, ճիշտ է, մեզ դեռ չեն զեկուցել, բայց դա արդեն էական չէ: Կարեւորն այն է, որ ՔՊ-ն չպայթեց, եւ մենք ավելորդ էշ-նահատակներ չունեցանք:

Բայց ես այս դեպքից այնքան էի ազդվել, որ ակամա սկսեցի փորփրել լրագրողական հիշողությունս: Նմանատիպ դեպքերի եւ դրանց քարոզչական նպատակների մասին շատ էի կարդացել օտար ԶԼՄ-ներում, եւ ինձ բավականաչափ հետաքրքիր թվաց ՔՊ-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած «ահաբեկչության փորձը»: Զուգահեռներ տանելով այլ երկրներում տեղի ունեցած նմանատիպ «չհաջողված» ահաբեկչությունների հետ, իսկույն նկատեցի, որ այդպիսի բաներ պատահում են հիմնականում ձախողված իշխանությունների եւ նրանց պարագլուխների հետ: Ռումբ են դնում՝ ռումբը չի պայթում, ավտոմեքենան շրջվում է՝ իրենք մեջը չեն լինում, դիմահար կրակում են՝ «ասեչկա» է տալիս, եւ այսպես շարունակ: Ամենաթարմ դեպքը Զելենսկու հետ էր պատահել, երբ շրջագայության էր մեկնել, լավ չեմ հիշում՝ մերձբալթյան, թե սկանդինավյան երկրներ: Զելենսկին փրկվել էր ճիշտ այնպես, ինչպես ՔՊ գրասենյակն ու ներսի ՔՊ-շնիկները: Ահաբեկչության ձախողված փորձ, այսինքն:

Ո՞րն է նման «անհաջող» ահաբեկչություններ կազմակերպելու, ես կասեի՝ բեմադրելու նպատակը: Դա հասկանալու համար դիմենք մեր սեփական զգացողություններին: Ի՞նչ զգացին, օրինակ, Նիկոլի հետեւից քայլած, բայց Նիկոլից հիասթափված ընտրազանգվածները՝ լսելով ՔՊ-ի տակ դրված ռումբի այս պատմությունը: Նրանց մեջ Նիկոլի նկատմամբ, բնականաբար, բան փոխվեց` խղճմտանք առաջացավ, սկսեցին ներել, անգամ մտքում հերոսացնել ՔՊ առաջնորդին, որին «քիչ էր մնացել ահաբեկեին»: Այնպես որ, սա տարիներով մշակված եւ բավականին էֆեկտիվ հնարք է՝ ձախորդ ղեկավարների հեղինակության վերականգնման ակնհայտ միտումով:

Եթե հիշողությունս չի դավաճանում, կարծեմ, սա ՔՊ-ի եւ Փաշինյանի դեմ ուղղված երկրորդ «ահաբեկչության» փորձն էր: Առաջինն ուղղված էր անձամբ Փաշինյանի դեմ` ձերբակալություններ եղան եւ այլն: Նմանատիպ «ահաբեկչություններ» բեմադրողներին կխնդրեի հնարավորինս ավելի մեծ ինտերվալներով դնել ներկայացումները, որպեսզի մեր թատերասեր հասարակության հետաքրքրությունը դրանց հանդեպ չթուլանա: Մյուս կողմից էլ՝ կարիք չկա տարածաշրջան լցված ահաբեկիչներին ցույց տալ, թե ինչերի են ընդունակ հակաահաբեկչական պայքարի հայ «ասերը»՝ ԱԱԾ-ից սկսած, ուչաստկովիներով վերջացրած: Դիցուք՝ մերոնց բեմադրած այս վերջին «ականազերծիչ» օպերացիան, վստահ եմ, ժպիտ է առաջացրել Բեն Լադենի հետնորդների շրջանում: