Այդ միտինգներից չեն կարմրելու ու գնան, այլ բան է պետք մտածել

Այդ միտինգներից չեն կարմրելու ու գնան, այլ բան է պետք մտածել

«Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ»,- այդ մասին ժամեր առաջ հայտնեց ԱՀ նախագահի աշխատակազմը, նշելով նաեւ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել դուրս բերել ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտուց ՀՀ ԶՈւ մնացած բոլոր ստորաբաժանումները եւ զինծառայողներին եւ Արցախի Պաշտպանության բանակի բոլոր զորամիավորումների զինաթափելու եւ ծխանր տեխնիկայի դուրսբերման մասին ԼՂ տարածքից՝ ուտիլիզացիայի նպատակով։ 

«Այն, որ այսպես պետք է լիներ՝ պարզ էր ու հիմա դրա վրա զարմանալ պետք չէ,- ասում է բեմադրիչ Արթուր Սահակյանն ու ընդգծում,- Թուրքը իր թրքությունն է անում, ներսի թուրքն էլ՝ իր թրքությունը։ Այսպես էլ պետք է լիներ, ուղղակի պետք էր այդ վարդագույն ակնոցները հանել եւ մի քիչ իրատեսորեն նայել իրականությանը․․․անելանելի իրավիճակ է, ընդ որում ղեկավարությունը դեռ չի փոխվել ու դրա համար էլ ավելի անելանելի վիճակ է։ Չգիտեմ ինչ անել, բոլորն էլ շիվարած ման են գալիս եւ իրենց նպատակը հենց դա է, որ մի հատ էլ շիվարենք, բայց հիմա օլիմպիական հանգստություն պահպանելու ժամանակը չէ․․․»։ 

Ա․ Սահակյանը ցավով արձանագրում է՝ հաջորդը Հայաստանն է․ «որովհետեւ դիմացդ թուրք է, թուրքը հոմանիշ չունի, ինքն արդեն ողջ նեգատիվի հոմանիշն է»։ Ինչո՞վ է բացատրում հասարակության ապատիան, անտարբերությունը, ինչո՞ւ մասսայական բողոքի ընդվզումներ, դրսեւորումներ չենք տեսնում թե կառավարության, թե ԱԺ-ի դիմաց․ 

«Ո՞նց արեցին ամսի 9-ին, իրանք հրահրեցին, իրանք ծեծեցին իրենցից մեկին, հետո գնացին ԱԺ, հետո մենք տեսանք ինչ տեղի ունեցավ, այդ ամբողջը իրենց կազմակերպածն էր։ Հիմա իրենք տիրապետում են այդ բոլոր տեխնոլոգիաներին, իրանց համար գրած կա այդ ամեն ինչը։ Եթե դուք հիշում եք այդ ժամանակ ոստիկանները չէին ծեծում, բայց հիմա ոստիկաններն արդեն ռումբ են տրաքացնում մարդկանց մեջ․․․դա էլ է վախեցնում մարդկանց։ Փողոցը անկռավարելի է, բայց իրանք կարողանում են պրովոկացիա անել, հենց երեկվա դեպքը կառավարության մոտ՝ իմ կարծիքով պրովոկացիա էր, որովհետեւ մի քանի րոպե առաջ ես նույն տեղում էի եւ մարդիկ հանգիստ կանգնած էին իրանց համար։ Ի՞նչ եղավ այդ 5 րոպեի ընթացքում, հաստատ, մի հատ պրովոկացիա արեցին ու բոմբ գցեցին, մի հատ էլ կանեն ու զորքերը կբերեն․․․․այլ բան է պետք մտածել։ Նրանցից ոչ մեկի նամուսը, խիղճը չի շարժվելու, նրանց մոտ չկան այդ զգացողությունները, այդ միտինգներից նրանք չեն կարմրելու ու գնան, այլ բան է պետք մտածել, իրանք գիտեն ինչ են անում, իսկ անում են իրենց գործը՝ իրենց վաճառվելու գինն են տալիս։ Միտինգների ճանապարհը չի օգնելու, հեչ չլինի տանկ կբերեն կկրակեն ու կպրծնի, որովհետեւ սրանք դա են, ոստիկանական զորքը ինչու ստեղծեցին, կրակելու հրաման լինի՝ կկրակեն»-ասում է բեմադրիչն ու ընդգծում, որ ստեղծված իրավիճակում ուրիշ բան է պետք մտածել։ 

«Սենց ճառերով հնարավոր չէ, մարդիկ հարյուր անգամ լսել են դրանք, հիմա ի՞նչ պետք է լսեն, ամեն րոպե բոլոր լուրերն ասում են ինչ կա։ Ամեն օրենք խախտվել է, մենք մտածում ենք օրենքի մասին, վայ այնպես անենք, որ օրենքի մեջ լինենք։ Երբ խնդրելով հրաժարական ես պահանջում, այդպես երբեք ոչ մեկ հրաժարական չի տա, պետք է գցես անելանելի վիճակի մեջ, Սերժն էլ հրաժարական չէր տա, եթե անելիանելի վիճակի մեջ չլիներ»։ 

Այս իրավիճակը, ըստ Սահակյանի, ձեռք է տալիս անխտիր բոլորին՝ թե դրսի, թե ներսի թուրքերին․ «Ոչ խիղճ սպասեք, ոչ միջազգային հանրություն, իրենք արդեն որոշել են, իսկ դու հա բողոքի։ Դուք տեղյա՞կ եք, թե օրինակ Պաղեստինում մարդիկ ինչքան են բողոքում, այ էդքան էլ տեղյակ են մյուսները Հայաստանի բողոքներից։ Պուտինի ձերբակալությանը կողմ արտահայտվելուց եւ Ուկրաինա օգնության տանելուց հետո դուք չէի՞ք սպասում, որ պատասխան է լինելու։ Այսինքն ես քո դաշնակիցը լինեմ, բայց դու ինձ ուզենաս ձերբակալե՞ս, այ խեղճ ու կրակ․․․ Ամեն ինչ շատ պարզ է, պատասխանը չուշացավ»։