Նիկոլը վաղուց է լվացել ձեռքերը

Նիկոլը վաղուց է լվացել ձեռքերը

Իլհամը որոշել է բռնի ուժով տեղահանել արցախցիներին: Անունը դնելով «տեղական բնույթի հակաահաբեկչական գործողություններ»՝ երեկ թշնամին կեսօրից հրետակոծում էր թե՛ բնակավայրերը, թե՛ Արցախի դիրքերը, իրականում փորձելով ոչնչացնել քաղաքացիական ենթակառուցվածքները: Սկզբում բնակիչներին հեռախոսային հաղորդագրություններ էին ուղարկում` խորհուրդ տալով հեռու մնալ ռազմական օբյեկտներից։ Բայց «Հրապարակը» պարզել էր, որ նման հաղորդագրություն ստացել են մարդկանց առանձին խմբեր: Այնուհետեւ, ըստ Ադրբեջանի ՊՆ-ի, «Լաչինի ճանապարհին եւ այլ ուղղություններով բնակչությանը վտանգավոր գոտուց տարհանելու համար բացվել են մարդասիրական միջանցքներ եւ ընդունման կետեր»։ Ինչը տիպիկ թուրքական ձեռառնոցի է. ագրեսորը զոհին պաշտպանություն է առաջարկում:

ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը, բնականաբար, թշնամուն ասելիք չունի: Բաքվի հետ անմիջական երկխոսության մեջ ներգրավվելու՝ Ստեփանակերտի իր գործընկերներին խրախուսող ու քաջալերող անձն ուրիշ ի՞նչ կարող էր անել. իհարկե, ոչինչ: Պիղատոսի նման նա լվացել է ձեռքերը, իսկ արցախցիները կա՛մ պետք է հեռանան իրենց ծննդավայրից, կա՛մ հրազենով պայքարեն ԱԹՍ-ների դեմ: Այլ տարբերակ չեմ տեսնում, քանի որ ռուսական խաղաղապահ զորաջոկատը ոչինչ չի ձեռնարկում: Մոսկվայից արդարանում են, որ ադրբեջանական կողմը գործողության մասին իրենց տեղյակ է պահել մի քանի րոպե առաջ, ավելացնում են, որ խաղաղապահ զորախումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Ի սեր Աստծո, լռեք. Ադրբեջանը պատերազմ է սկսել, իսկ զորախումբն անգործության է մատնված: Երեւի սպասում են, որ վարժանքների նպատակով Հայաստանում գտնվող մի քանի տասնյակ ամերիկացի զինվորականները փրկեն արցախցիներին: Երեւի չեն ընկալում, որ 3 դար տեւող հայ-ռուսական բարեկամության կամ համագործակցության գաղափարը զրոյացնում են իրենց անգործությամբ: Իսկ Արեւմուտքը, բնականաբար, հայտարարությունից զատ ոչինչ չի անի՝ ադրբեջանցիներին կանգնեցնելու նպատակով: Քանի որ ամեն ինչ գնում է նախապես մշակված ու նրանց կողմից հավանության արժանացած ծրագրով: Չնայած՝ հայտարարություն անել էլ չեն շտապում:

Իսկ ծրագիրն ավելի քան պարզ է. Արցախը հայաթափել, ռուսներին հեռացնել Արցախից, այնուհետեւ՝ Հայաստանից: Իսկ Թուրքիան, ինչպես միշտ, Ադրբեջանի կողմից է՝ իմ թշնամու բարեկամն իմ թշնամին է: Սա այն բանաձեւն է, որ այդպես էլ Նիկոլը չգիտակցեց: Ի պատասխան ադրբեջանական ագրեսիայի՝ Նիկոլն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում, հետո էլ լայվ մտնում ու հայտարարում, որ փորձելու է կառավարել իրադրությունը: Կարծես թե ինքը ոչ թե Նիկոլն է, այլ Բայդենը կամ գոնե Պուտինը: Այդ «կառավարումն» էլ, բնականաբար, կավարտվի անարդյունք. չէ՞ որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է: Իսկ այդ պետությունն իր տարածքում «ընդամենը հակաահաբեկչական գործողություն» է իրականացնում: Ինքն էլ, բնականաբար, արկածախնդրության չի գնա ընդդեմ Ադրբեջանի: Իսկ ավելի վաղ Ստեփանակերտից Ռուբեն Վարդանյանը պահանջում էր, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Արցախը: