Պահանջում ենք, որ վերջապես ունենանք իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու. Արցախցի կանայք ակցիա են իրականացնում ԵՄ գրասենյակի դիմաց

Պահանջում ենք, որ վերջապես ունենանք  իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու. Արցախցի կանայք ակցիա են իրականացնում ԵՄ գրասենյակի դիմաց

Արցախցի կանայք և մի շարք երեխաներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում ԵՄ ներկայացուցչության շենքի դիմաց։ Հիշեցնենք, որ օրերս ակցիայի մասնակցիները նմանատիպ մի ակցիա էլ իրականացրին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի դիմաց։ Արցախցի կանայք իրենց հետ նամակ են բերել, ցանկանում են հանձնել ԵՄ ներկայացուցիչներին։ Նրանք նաեւ տարբեր գրառումներով պաստառներ են բերել իրենց հետ՝ «Stop Azerbaijan agression», «Stop Turkey», «Recognize Artsakh»։

«Արցախցի  մայրերը, երեխաները, կանայք ու քույրերը, որոնք Երևանում են հայտնվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով, եկել են ԵՄ գրասենյակի դիմաց, որպեսզի պահանջեն՝ այլևս չլռել։ Պահանջում ենք, որպեսզի այլևս չլռի ԵՄ-ը։ Մենք չենք պահանջում մեզ պաշտպանել, մենք պահանջում ենք՝ իրավական գնահատականներ տալ այն ամենին, ինչ կատարվում է այսօր Արցախում։

Պահանջում ենք, որպեսզի պատժամիջոցներ կիրառեք Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ, որ վերջապես հավասարության նշանը հանեք։ Մենք պահանջում ենք, որ վերջապես ունենանք  իրավունք՝ մեր հողում ապրելու և արարելու։ Մենք չենք գնալու այստեղից, քանի դեռ ԵՄ ներկայացուցիչը չներկայանա և չվերցնի նամակը, որը պատրաստել ենք մենք՝ արցախցի կանայք։ Այսօր պետք է մեր պահանջները լսվեն, մենք ոչ մի տեղ չենք գնա»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Արցախցի կանայք այս պահին երգում են Արցախի հիմնը։